Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԿԱ ՄԻ ՇՐՋԱՆ, ՈՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՆԸ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆԱ

Սեպտեմբեր 16,2009 00:00

Չի կարելի կոսմետոլոգիական թերի ծառայություններ մատուցել՝ զուտ գումար վաստակելու համար

«Հայուհիները դեմքի խնամքին հետեւել այնքան էլ չեն սիրում, կարող են ամեն օր այցելել վարսահարդարման սրահ, բայց կոսմետոլոգի մոտ գնալ 3-4 տարին մեկ, կամ` չգնալ»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց «Տիբեթ» սրահի կոսմետոլոգ Ռոմելա Հարությունյանը:

Վերջին շրջանում կոսմետոլոգիական ծառայությունները մոդայիկ են դարձել հայուհիների շրջանում. եթե մեկն այցելում է կոսմետոլոգի մոտ, ապա մյուսը պարտադիր սովորում է, որ կոսմետոլոգ դառնա: Այդպես ամեն օր քաղաքի յուրաքանչյուր անկյունում մի կոսմետոլոգ է «ծնվում» եւ սկսում իր ծառայությունները մատուցել հայ կանանց եւ աղջիկներին: Բայց Ռ. Հարությունյանի խոսքով, ամեն մեկը չէ, որ կարող է կոսմետոլոգ դառնալ. «Այսօր բավական շատ են դիմահարդարման ծառայություններ մատուցողները: Մի տեսակ տարօրինակ է՝ այսքան փոքր քաղաքում այդքան շատ կոսմետոլոգներ: Ցավն այն է, որ բոլորին թվում է՝ եթե կարողանում են դիմակ պատրաստել, ուրեմն կոսմետոլոգ են: Բայց դա հատուկ ուսուցում է, դու գործ ունես մարդու մաշկի հետ, չի կարելի աշխատել զուտ գումար վաստակելու համար, ինչն այսօր անում են շատերը՝ իրենց տան հակահիգիենիկ պայմաններում»:

Մասնագիտությամբ բուժքույր կոսմետոլոգը նկատում է. «Կոսմետոլոգ լինելու համար գոնե բուժքույրական կրթությունը պարտադիր է: Թե չէ 10-րդ դասարանն ավարտելուց, երկու ամիս էլ ինչ-որ կուրսեր սովորելուց հետո որոշել, թե կոսմետոլոգ ենք դարձել՝ հնարավոր չէ: Կրթությունը պարտադիր է, որովհետեւ մարդը քեզ վստահում է իր մաշկը, մի փոքր անփութություն եւ անուշադրություն, ու դու կարող ես մարդուն հավերժ զրկել առողջ մաշկից»:

Թե որքանով են հայուհիներն օգտվում իրենց ծառայություններից, մեր զրուցակիցն ասաց. «Դեմքի, մաշկի խնամք հասկացությունը դեռ արմատացած չէ մեր ազգի մեջ: Բոլորին թվում է՝ գեղեցկության սրահ կարելի է հաճախել միայն վարսահարդարման, մանիկյուր-պեդիկյուրի համար, կոսմետոլոգիական ծառայությունն էլ սահմանափակվում է զուտ հոնքեր հանելու շրջանակներում, դրանից այն կողմ հայերն էլ ոչինչ չգիտեն: Քիչ թե շատ տարածված է դեմքի մաքրումը, այն էլ ոչ պրոֆեսիոնալներն այնքան սխալներով, բացթողումներով եւ փնթի են աշխատում, որ սխալ կարծիք են ձեւավորել պրոֆեսիոնալ մասնագետների մասին»:

Ռ. Հարությունյանի փոխանցմամբ, հայուհիների մաշկային խնդիրները շատ են, ինչը Հայաստանի օդից է, իսկ ամենաառաջին պատճառը սխալ սնունդն է. «Մենք սխալ ենք սնվում, մեր սննդին այնքան մեծ տեղ չենք տալիս, որի արդյունքում մեզ մոտ դիսբակտերիոզ է առաջանում: Ստամոքսաաղիքային խնդիրների պատճառով դեմքի վրա առաջանում են կորյակներ: Այդ խնդիրը հատկապես պատել է ուսանողությանը»:

Կոսմետոլոգի խոսքերով՝ երիտասարդների շրջանում ընդունված չէ մաշկի խնամքը. «Շատերը կարող են շպարով քնել, դեմքը չմաքրել: Բայց չէ՞ որ դրա համար գոյություն ունեն տարբեր ֆիրմաների եւ արտադրանքի մաքրող քսուքներ: Երիտասարդ աղջիկները հասարակ խորհուրդը չեն ընդունում: Բայց իրականում այստեղ մեղավորներ չկան: Այն վախը, որ վայ, գնամ կոսմետոլոգի մոտ՝ այսպես կանեն, այնպես կասեն, մաշկս կփչացնեն, խոր արմատներ է գցել ժողովրդի մեջ: Հայուհիները պարբերաբար մի մեծ ու կոպիտ սխալ են թույլ տալիս. առավոտյան արթնանում են՝ տոնային կրեմը քսում մաքուր կամ ոչ լվացված դեմքին եւ տնից դուրս գալիս: Բայց այդպես չի կարելի, տոնային կրեմից առաջ նախ պետք է հիմք լինի՝ ըստ համապատասխան մաշկի»:

Բժիշկ-կոսմետոլոգի բնութագրմամբ՝ հայերի կողմից կոսմետոլոգի այցելելու ցանկությունը քիչ է. «Բայց եթե կոսմետոլոգի չեն ցանկանում այցելել կամ չեն վստահում նրանց, գոնե տանը պետք է խնամեն իրենց մաշկը: Դա նախ եւ առաջ կանացիության, նրբագեղության նշան է: Եթե կին ես, ուրեմն ինչպես կարող ես չհետեւել քո արտաքինին, դեմքի խնամքին: Ըստ իս, Հայաստանում 30-ն անց կանայք են միայն հետեւում իրենց մարմնի, մաշկի խնամքին: Իսկ մինչեւ այդ տարիքը՝ շատ քչերն են, որ հետեւում են իրենց: Չէ՞ որ նորածին հասակից երեխաներին խնամում են տարատեսակ քսուքներով, դա նույն խնամքն է, որը հետագայում եւս պիտի շարունակվի: Այնպես որ, չկա մի շրջան, որի ընթացքում մարդ խնամքի կարիք չունենա: Նշեմ, որ շատ կարեւոր է եւս մեկ հանգամանք. հարկավոր է ճիշտ խնամել մաշկը, ճիշտ խնամքից երբեք խնդիրներ չեն առաջանա»:

Հայուհիների մաշկի եւ դեմքի խնամքի հետ կապված վատ սովորությունների մասին էլ կոսմետոլոգը նշեց. «Մի թերություն ունեն հայ կանայք՝ այստեղից- այնտեղից, հարեւանից դեմքի դիմակների բաղադրություն են իմանում եւ փորձում են իրենք էլ նույնությամբ պատրաստել եւ քսել: Բայց չէ որ պետք է նախ եւ առաջ հետաքրքրվել՝ տվյալ նյութը ինչ է պարունակում եւ ինչ մաշկի համար է նախատեսված: Կարող է հարեւանի չոր մաշկին մեղրով դիմակը շատ լավ արդյունք է տվել: Իսկ նա, ում հարեւանը խորհուրդ է տալիս այդ նույն դիմակը՝ զգայուն մաշկ ունի եւ մեղրը կգրգռի: Սրանք նրբություններ են, որոնց պետք է հետեւել: Ոչ ոք չի ասում՝ տան պայմաններում դիմակներ չպատրաստեք, պարզապես պետք է հետեւել, որպեսզի հակառակ արդյունք չլինի: Կա նաեւ ձեւավորված սխալ կարծիք, թե կոսմետոլոգիական ծառայությունները միայն բարձրաշխարհիկ տիկնանց, հարուստ աղջիկների համար են, ոչ, ով է ասել, որ մեր ծառայություններից օգտվելու համար պետք է լիքը գրպանով մուտք գործես սրահ. անգամ 500 դրամանոց դեմքի խնամքի դիմակներ կան: Այնպես որ, մեծ գումարներ անհրաժեշտ չեն»:

Մեր զրուցակիցը վերջում նշեց, որ կամաց-կամաց, բայց արդեն ձեւավորվում է կոսմետոլոգի մոտ գնալու սովորույթը եւ հավելեց. «Ոչ պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստումը պետք է կանգնեցնել եւ հուշել, որ սա բժշկություն է, եւ դու չես կարող մարդուն բուժել, եթե չունենաս համապատասխան բժշկական կրթություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել