Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիային հաղթեցինք. հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն

Սեպտեմբեր 17,2009 00:00

Նախորդ շաբաթը հայ ֆուտբոլասերների համար նշանավորվեց նրանով, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջապես խախտեց տխուր ավանդույթը՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան հաղթանակ տոնելով Բելգիայի թիմի նկատմամբ:

Այն նույն բելգիացիների, որոնց հետ պայքարում մեկ տարի առաջ մեզ համար մեկնարկեց Աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլը: Չէ՛, չեմ սխալվել ժամկետների հարցում, պարզապես փոքրիշատե իրատեսները հասկանում էին. թուրքերի ու իսպանացիների հետ մեկնարկային երկու հանդիպումները մեր ընկալումներով ֆուտբոլից դուրս էին, այլ հարթության, այլ արժեքների համակարգում: Պարտություններն էլ դրանցում, անգամ առանց մեծ ցանկության, հեշտությամբ վերագրվում էին արտաֆուտբոլային գործոնների. ինքնապաշտպանական բնազդը հզոր ուժ է: Իսկ բելգիացիների հետ հանդիպումն արդեն գտնվում էր բացարձակ ֆուտբոլային «դաշտում» ու իր բնույթով ստուգարքային էր՝ մարզչի, թիմի, մեծ հաշվով՝ նաեւ համակարգի:

Ժամանակը, Աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի ընթացքը ցույց տվեց, որ մերոնք ստուգարքը չհանձնեցին. Պոուլսենն արդեն թիմի հետ չի աշխատում, 2007-ի պարծանք թիմային ֆուտբոլից հետք անգամ չի մնացել: Իսկ ինչ վերաբերում է համակարգին, ապա մինչ բելգիացիների հետ այս «պատմական» խաղը՝ պարտվելով 6 հանդիպումներում ու «տոնելով» միայն մեկ ոչ-ոքի, մեր հավաքականը, ըստ էության, մեծ կասկածի տակ դրեց նույն համակարգի գոյության մասին բոլոր պատկերացումները: Գուցե ասվածը չափազանց կտրուկ թվա, սակայն երբ նպատակդ ոչ թե ֆորմալ համակարգ ունենալն է կամ դրա իմիտացիան, այլ՝ կենսունակ օրգանիզմ, ապա այստեղ արդեն որեւէ մեղմացուցիչ հանգամանք լինել չի կարող, դրանք միայն վնասատու են:

Այս մրցափուլում աննախադեպ վատ ելույթ ունենալով՝ մեր թիմին, ի վերջո, նույնիսկ հաջողվեց «տեղաշարժել» խիստ «ֆուտբոլացված», բայց, միեւնույն ժամանակ՝ հայկական ֆուտբոլից սպասելիքներ չձեւակերպած հասարակությանը: Ընդամենը մի քանի օր առաջ կայացած Հայաստան-Բոսնիա հանդիպումն այդ առումով բեկումային էր: Մարզադաշտում հայ երկրպագուների ցանկությունները «գոլ ենք ուզում» վանկարկումներից աճեցին մինչեւ «821 օր՝ առանց հաղթանակի», ապա նաեւ՝ «Հերիք է մեզ խայտառակեք» պահանջատիրական պաստառների: Դա, իհարկե, մեծ հաշվով ոչինչ չփոխեց անդեմ խաղը գունավոր դարձնելու գործում: Սակայն մարզադաշտում հավաքված երկրպագուների բողոքի ալիքը հասարակական ռեզոնանսի արժանացավ, ինչն էլ իր հերթին դաշտ բացեց՝ առկա խնդիրների քննարկման ու բարձրաձայնման: Սակայն մեր հոգեկերտվածքով ծայրահեղական ու միեւնույն ժամանակ՝ կոմֆորմիստ լինելով, մենք հեշտությամբ մոռանում ենք բոլոր թերություններն ու մեղադրանքները, քննարկումներն ու խնդիրները… «ձեւական հաղթանակից» հետո: Այնպես որ, դեռ հարց է՝ Բելգիայի թիմի նկատմամբ տոնած հաղթանակը հայկական ֆուտբոլի զարգացմա՞նն է նպաստելու, թե՞ լճացմանը: Մանավանդ որ՝ այդ հաղթանակից հետո հանդիպման առաջին գոլի հեղինակ Հովհաննես Գոհարյանը ասել էր, թե «այն ամենից հետո, որ եղավ Բոսնիայի խաղի ժամանակ, երբ մեզ գոռում էին. «Ամոթ, ամոթ…», մենք ապացուցեցինք, որ փալաս չենք ու կարողանում ենք ֆուտբոլ խաղալ»: Ուրեմն, մի՞թե մեր ֆուտբոլիստներին «տեղաշարժելու» համար նման ծայրահեղ միջոցների էր պետք դիմել: Ի դեպ, նույն Հայաստան-Բոսնիա խաղի վերջնամասում մարզադաշտը պահանջում էր ՀՖՖ նախագահի հրաժարականը:

Ակնհայտ է, որ, ըստ էության, նախագահի հրաժարականը մեկ օրում պատկեր չի փոխի, սակայն մտածելաոճում եւ գործելաոճում կտրուկ փոփոխություններ են հարկավոր, որոնք անհետեւանք ու անպտուղ չեն կարող մնալ: Պետք է գործել, քանի դեռ ուշ չէ՝ վերակենդանացնել հիվանդ համակարգը: Հիվանդությունը չի վերանա, եթե նրան ադեկվատ գնահատական չտրվի, եւ բուժումն այդ գնահատականին ադեկվատ ուղղությամբ չտարվի:

Ասվածի համատեքստում, մանավանդ՝ բելգիացիների հանդեպ տարած «ցավազրկող» հաղթանակից հետո, ընդհանուր թերապիան պետք է թողնել մի կողմ՝ լուրջ վիրաբուժական գործողությունների անցնելով: Հակառակ դեպքում՝ մեր ֆուտբոլին սպառնում է ախտահարված կույրաղիքի ճակատագիրը:

Իհարկե, անմիտ է խոսել ֆուտբոլի, որպես համակարգի մասին՝ հիմնվելով բացառապես ազգային հավաքականի ելույթների վրա: Սակայն դա արդեն այլ քննարկումների առարկա է, ինչին էլ կանդրադառնանք մոտ ապագայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել