Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ՈՒՄ ՄՏԱՀՈԳ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿՈՎ

Սեպտեմբեր 19,2009 00:00

«Newsru»-ի մատուցմամբ, Եվրոպական միությունում անհանգստացած են Վրաստանի ազգային փոքրամասնությունների վիճակով: Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Ֆերրերո Վալդներին ուղղած իր նամակում շեշտել է, թե Վրաստանում ազգային փոքրամասնությունները ենթարկվում են լեզվական, սոցիալական եւ կրոնական խտրականության: Պատգամավորը մասնավորապես ուշադրություն է հրավիրել Վրաստանի այն տարածաշրջանի վրա, որը հայերով է բնակեցված՝ նկատելով, թե այն զրկված է տարանցիկ ճանապարհներից, բժշկական եւ սոցիալական ծառայություններից: Սիլվի Գիյոմը նաեւ մտահոգություն է հայտնել հայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի ճակատագրի առնչությամբ՝ նշելով, որ նա «կասկածելի մեղադրանքով» գտնվում է վրացական բանտում եւ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Պատգամավորը ԵՄ հանձնակատարին խնդրել է հետեւել Չախալյանի դեմ դատական գործընթացին, որի ընթացքում բազմաթիվ իրավախախտումներ են եղել, մասնավորապես՝ «ամբաստանվողին թույլ չի տրվել Ֆրանսիայից փաստաբան վարձել»: «Մենք իրավունք չունենք հանդուրժելու Վրաստանի կողմից միջազգային նորմերի, արդար դատաքննության իրավունքի խախտումները: Վրաստանը «Եվրոպական հարեւանություն» ծրագրի շրջանակներում 15 մլն եվրո ֆինանսավորում է ստացել դատական համակարգի ոլորտում բարեփոխումներ անելու համար»,- շեշտել է Գիյոմն ու կոչ արել վրացական իշխանություններից հաշվետվություն պահանջել այդ բարեփոխումների իրականացման ընթացքի մասին եւ հավելյալ միջոցառումներ ձեռնարկել Թբիլիսիի կողմից իր ստանձնած պարտավորությունների կատարումը ապահովելու համար:

Հիշեցենք, որ միջազգային իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ վրացական, ավելի վաղ մտահոգություն էին հայտնել երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի եւ հասարակության շրջանում քսենոֆոբիայի տարածման առնչությամբ, ինչին, նրանց համոզմամբ, նպաստում են նաեւ վրացական ԶԼՄ-ները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել