Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԹԵԺ ԱՇՈՒՆ

Սեպտեմբեր 19,2009 00:00

Շախմատն ամառայի՞ն մարզաձեւ է, թե՞ ձմեռային: Թերեւս՝ երկուսն էլ

\"\"Հավանաբար, միջազգային օլիմպիական կոմիտեն այդպես էլ չկողմնորոշվելու պատճառով է, որ այս հրաշք մարզաձեւը չի կարողանում ընդգրկել դրանցից մեկի հիմնական ծրագիր: Բայց վերջին հաշվով դա ՄՕԿ-ի խնդիրն է: Շախմատը եղել եւ մնում է աշխարհի ամենասիրված ու մասսայական մարզաձեւերից մեկը ու իր հեղինակությամբ ամենեւին էլ չի զիջում ուրիշ ոչ մի մարզաձեւի, այդ թվում, ասենք, ֆուտբոլին:

Շախմատային ամենաբարձր կարգի մրցաշարերը, որոնց մեջ մտնում են ինչպես պաշտոնական մրցումները, այնպես էլ՝ միջազգային մրցաշարերը, կլոր տարի հաջորդում են միմյանց: Դրանց մասնակցում են մարզաձեւի ամենավառ ներկայացուցիչները, որոնք, իրավամբ, նաեւ համաշխարհային սպորտի առաջին մեծության գերաստղեր են: Եվ ուրախալի է, որ դրանց մշտապես մասնակցելու հրավիրվում են Հայաստանի թիմերն ու անհատ շախմատիստները, ինչը նախ եւ առաջ արժանիքների գնահատման արդյունք է: Ստացվել է այնպես, որ ակնարկվող մրցաշարերի՝ այդ թվում նաեւ պաշտոնական, մեծ մասը, որպես կանոն, բաժին է հասնում աշնանը:

Հոկտեմբերի 3-ին Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում մեկնարկելու է Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունը, որտեղ հանդես են գալու նաեւ Երեւանի «Միկայի» տղաների եւ աղջիկների թիմերը: Մրցաշարն ավարտվելու է հոկտեմբերի 10-ին: Պատվավոր մրցանակի համար պայքարելու են.

Տղաներ՝

Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյան, Զավեն Անդրիասյան:

Աղջիկներ՝

Էլինա Դանիելյան, Հարիկա Դրոնովալի (Հնդկաստան), Նինո Խուրցիձե (Վրաստան), Լիլիթ Գալոյան:

Եվրագավաթների խաղարկությունից հետո մեր տղամարդկանց հավաքականն ամենայն հավանականությամբ կմնա Օհրիդում եւ հոկտեմբերի 21-30-ը կմասնակցի Եվրոպայի թիմային 17-րդ առաջնությանը: Իսկ ահա աղջիկները կմեկնեն Նովի Սադ: Այնտեղ նույն մրցաշարի կանանց պայքարում մեր թիմում որոշակի փոփոխություններ են նախատեսվում: Դրոնովալիի եւ Խուրցիձեի փոխարեն թիմին կմիանան Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը եւ Սիրանուշ Անդրիասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել