Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբանների համաժողովը

Սեպտեմբեր 24,2009 00:00

Հայաստանի Սփյուռքի եւ արդարադատության նախարարությունների կողմից անցկացվեց «Հայ իրավաբանական միտքը եւ 21-րդ դարի մարտահրավերները» թեմայով Իրավաբանների համահայկական առաջին համաժողովը:

Փարիզի փաստաբանների պալատի անդամ, Ֆրանսիայի հայ իրավաբանների եւ փաստաբանների միության փոխնախագահ Ալեքսանդր Ասլանյանը խոսեց «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության տարբեր ազգերի փաստաբանների համագործակցության մասին:

Հ. Դինքի փաստաբանները գտնում են, որ դատավարությանը, որի հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 12-ին, օտարերկրյա փաստաբանների, դիտորդների եւ կազմակերպությունների ներկայությունը ցույց կտա Թուրքիայի դատական իշխանություններին, որ արտերկրում հետաքրքրված են Դինքի գործով:

Ռուսաստանցի փաստաբան Սիմոն Ծատուրյանը տեղեկացրեց, որ Մոսկվայում աշխատող 6000 փաստաբաններից մոտ 300-ը հայազգի են: Փաստաբանը, որ մասնակցել է նաեւ ազգայնականների կողմից հայերի սպանությունների գործերին, նշեց, որ նման հանցագործությունների մեծագույն ալիքը մնացել է անցյալում, մեղավորները դատապարտվել են խստագույն պատիժների:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը գտնում էր, որ ազգային խնդիրներին սատարելու համար անհրաժեշտ է որակյալ հայ իրավաբանների թիմ: ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը անդրադարձավ Հայաստանի կողմից ընդունված ցեղասպանության վերաբերյալ իրավական ակտերին. Հայաստանը դեռեւս 1988թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության ճանաչման վերաբերյալ դրույթ կա նաեւ 1990թ. ընդունված Հայաստանի անկախության հռչակագրում: Նախարարը նշեց, որ ֆրանսիական «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերությունից ցեղասպանության զոհերի ժառանգների գումարների փոխհատուցման գործընթացը լուծում է ոչ միայն փոխհատուցման հարցը, այլեւ եւս մեկ անգամ հաստատում է ցեղասպանության իրողությունն ինքնին: Ի դեպ, համաժողովի մասնակիցներին ընդմիջման ժամանակ հանձնվեց ի պաշտպանություն ազատամարտիկ, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի՝ մտավորականների, ազատամարտիկների նամակը:

Արտերկրի իրավաբաններից շատերը խոստովանեցին, որ առաջին անգամ են լսում այդ հարցի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել