Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն 90 տարեկան է

Սեպտեմբեր 26,2009 00:00

Ինչպես հաղորդում է «Ա1+»-ը, երեկ կայացած ասուլիսի ժամանակ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսել է Մայր բուհի 90- ամյակին նվիրված միջոցառումներից: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը նախատեսվում են գիտաժողովներ, հանձնվելու են պարգեւներ, ժամանելու են նաեւ հյուրեր՝ ավելի քան 60 երկրներից:

«Աննախադեպ երթ կլինի հոկտեմբերի 3-ին ԵՊՀ դասախոսական կազմի, արտերկրյա բուհերի ռեկտորների եւ ուսանողների մասնակցությամբ: Նրանք իրենց պատմուճաններով, դրոշներով, երգելով ու բացականչություններով, փուչիկներով ԵՊՀ-ից կշարժվեն դեպի օպերայի թատրոն»,- ասաց Արամ Սիմոնյանը: ԵՊՀ-ի խնդիրներից ռեկտորն առանձնացրեց հատկապես կրթությունը բարելավելու համար միջոցների բացակայությունը, տիրող կաշառակերությունը: Ըստ նրա, վերջինը հատկապես վնասում է ԵՊՀ-ի իմիջին: «Այդ ուղղությամբ խիստ քայլեր ենք արել ոչ միայն կազմակերպչական, այլեւ կրթական-ուսումնական գործընթացներում, օրինակ՝ լիովին վերահսկելի ենք դարձրել գնահատման համակարգը»,- ասաց Արամ Սիմոնյանը: Նա նաեւ նշեց, որ ուսման վարձերը չեն բարձրանալու, եւ ուսանողը ուսուցման ընթացքում կվճարի այնքան, որքան նշված է համապատասխան պայմանագրում: Ինչ վերաբերում է նրան, որ ԵՊՀ-ն մշտապես «շրջափակված» է թանկարժեք ավտոմեքենաներով, ապա, ըստ ռեկտորի, դա շուտով կվերացվի: «Մտադիր ենք ավտոմեքենաների կայանման համար կիրառել անցաթղթային համակարգ, իսկ հաջորդ տարվանից կառուցելու ենք 3 հարկանի ստորգետնյա վճարովի ավտոկայանատեղի՝ 300 ավտոմեքենայի համար»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել