Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍՊԱՐՈՎ-ԿԱՐՊՈՎ՝ 9:3

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"Վալենսիայում ավարտվեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոններ Անատոլի Կարպովի եւ Գարրի Կասպարովի միջեւ մրցաշարը՝ նվիրված աշխարհի թագի համար միմյանց միջեւ կայացած պատմական մրցամարտի 25-րդ տարելիցին:

Աշխարհի 12-րդ եւ 13-րդ չեմպիոնները Իսպանիայում խաղացին 12 պարտիա, չորսը՝ արագ, ութը՝ կայծակնային: Երկու «K»-երի պայքարն այս անգամ էլ ավարտվեց Կասպարովի հաղթանակով՝ 9:3: Ընդ որում, Գարրի Կասպարովի առավելությունը երկու մրցաշարերում էլ ակնհայտ էր. արագ շախմատում՝ 3:1, իսկ կայծակնայինում՝ 6:2:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կասպարովն ու Կարպովը պայմանավորվել են հոբելյանին նվիրված շախմատային մրցակցությունը կազմակերպել բոլոր այն երկրներում, որտեղ նրանք երբեւէ հանդիպել են: Դրանք են՝ Իսպանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն:

Կարպով-Կասպարով հաջորդ դիմակայության վայրը Ֆրանսիան է՝ Փարիզը, որտեղ նրանք երկրորդ անգամ խաղատախտակի առջեւ կնստեն դեկտեմբերի 11-13-ին: Իսկ թե դրանից հետո գրոսմայստերները ո՞ւր կտեղափոխվեն, առայժմ հայտնի չէ:

Տեղեկացնելով հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկելիս գրոսմայստերները խաղատախտակի առջեւ ընդհանուր առմամբ անցկացրել են 500 ժամ՝ խաղալով 144 պարտիա: Դրանցից 21-ում հաղթել է Կասպարովը, 19-ում՝ Կարպովը, 104 պարտիա ավարտվել է ոչ-ոքի:

Վալենսիայի մրցամարտի ավարտից հետո Անատոլի Կարպովն իր պարտությունը վերագրել է այն բանին, որ ինքը ժամանակը չէր զգում, իսկ Կասպարովը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ինքը միշտ պահպանում է անհրաժեշտ նվազագույն մարզավիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել