Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Սեպտեմբեր 26,2009 00:00

Վերջերս Վանաձորը հյուրընկալեց մարդու իրավունքների եւ խաղաղության հարավկովկասյան «Ես մարդ եմ» կինոփառատոնը: Եռօրյա ցուցադրումները տեղի ունեցան քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Հանդիսատեսը հայկական իրականության հետ հատկապես ընդհանրություններ նկատեց «Եգիպտոս. մենք ձեզ հետեւում ենք» եւ «Աշխատող մայրիկը» ֆիլմերում: Առաջինը պատմում էր 2007թ. Եգիպտոսում անցկացված նախագահական ընտրությունների մասին, որտեղ չնայած նախապես հայտարարված դեմոկրատական սկզբունքների եւ բոլոր քաղաքական ուժերին հավասար հնարավորություններ ընձեռելու խոստումներին, ընտրություններն անցել էին նախօրոք ընդդիմադիր թեկնածուներին չեզոքացնելու պարագայում: Ֆիլմը պատմում էր բռնի ճնշված հետընտրական ցույցերի եւ այն շարժման մասին, որը ձեւավորվեց այդ անօրինականությունները կասեցնելու նպատակով:

Արտագնա աշխատանքը այսօր մեծ չափերի է հասնում նաեւ ՀՀ-ում: Շատ ծնողներ ստիպված են երկար ժամանակով թողնել իրենց երեխաներին՝ որպես հետեւանք կրկնելով «Աշխատող մայրիկը» ֆիլմի հերոսուհու ճակատագիրը: Փառատոնը ՀՀ-ում անցկացվում է 3-րդ, Վանաձորում՝ 2-րդ անգամ: «Երկու անգամ նույն փառատոնային ծրագրով մի քաղաք գալը մեծ փորձություն է,- մեզ հետ զրույցում ասաց փառատոնի հայաստանյան համակարգող Լուիզա Պողոսյանը,- այս առումով մտավախություն ունեի: Մյուս կողմից էլ Վանաձորի պարագայում կազմակերպչական առումով, մասնակցության ցուցանիշով, քննարկումների արդյունավետությամբ՝ փառատոնը 100 տոկոսով կայացած է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել