Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՇՆԱՄԱՆՔԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

Սեպտեմբեր 30,2009 00:00

Ասում է ամերիկացի փորձագետ Ժիրի Վալենտան

Ամերիկացի փորձագետ, Միացյալ Նահանգների արտաքին կապերի գծով խորհրդի մշտական անդամ Ժիրի Վալենտան, որ օրեր առաջ Ադրբեջանում էր, այս օրերին Հայաստանում է: Նա մեկն է ամերիկյան այն փորձագետներից, որը կողմնակից է Ռուսաստանի նկատմամբ այնպիսի կոշտ քաղաքականության, ինչպիսին ԱՄՆ-ն վարում էր անցյալ դարի 40-ական թվականներին: Նրա դիտարկմամբ, ԱՄՆ-ն կայսերական նկրտումներ ունեցող Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմավարական որեւէ զիջում չպետք է անի: Պարոն Վալենտայի հետ մեր զրույցը, որը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հակամարտության կարգավորմանը, ամբողջովին տեղավորվեց նրա հենց այդ հստակ դիրքորոշման շրջանակներում:

Նրա համոզմամբ, Ռուսաստանը պահպանում է իր կայսերական նկրտումները եւ ռուսական իմպերիան՝ ԽՍՀՄ-ը, վերականգնելու հույսեր դեռ ունի եւ այդ նպատակով էլ շարունակում է այն քաղաքականությունը, որը ժամանակին վարում էր Բրեժնեւը՝ հարեւան երկրներում զինված միջամտության քաղաքականությունը: Դրա վառ ապացույցը, ըստ նրա, Վրաստանի պատերազմն էր, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումն ու այդ գործում Վենեսուելայի եւ Նիկարագուայի ընդգրկումը: Նա համոզված է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում իր վերահսկողությունը պահպանելուն, որովհետեւ այստեղով է անցնում Կենտրոնական Ասիա-Եվրոպա էներգետիկ միջանցքը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նա դժվարացավ միանշանակորեն ասել՝ դրանք կարգավորելու նախաձեռնությունը Թուրքիայի՞նն էր՝ պայմանավորված տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ծրագրի հռչակմամբ, թե՞ Հայաստանինը՝ երկրի նախագահի կողմից Թուրքիայի նախագահին Երեւան այցելելու հրավերով, կամ՝ Ռուսաստանի՞ նախաձեռնությունն էր, որը հետո շատ սահուն կերպով ստանձնեց ԱՄՆ-ն: Մի հարցում միայն նա վստահ էր՝ հարաբերությունները պետք է կարգավորել: «Ես եղել եմ Թուրքիայում եւ կարծում եմ, որ Թուրքիայի նախագահը, երեւի, այնպիսի մարդ է, որն ուզում է նորմալ հարաբերություններ ունենալ բոլոր ժողովուրդների հետ, նույնիսկ այնպիսինների, որոնց հետ թուրքերն ունեցել են նաեւ թշնամական հարաբերություններ, այդ թվում՝ քրդերի: Ես քրդերի հետ շփվելու առիթ ունեցել եմ, եւ նրանք էլ են ասում, որ Թուրքիայի հետ ինչ-որ բան է կատարվում, որովհետեւ իշխանության ղեկին առաջադեմ մարդ է: Թուրքիայի նախագահը աշխատում է նաեւ Ռուսաստանի, Հունաստանի, Հայաստանի հետ: Իսկապես առաջին անգամ է, ըստ իս, որ Թուրքիան շահագրգիռ է ունենալ զրո պրոբլեմ մյուս ժողովուրդների հետ: Բայց ես նաեւ կարծում եմ, որ ձեր երկրում էլ է ինչ-որ բան փոխվել: Ձեր նախագահը, նրա խորհրդականները նույնպես պաշտպանել են այդ հարաբերությունները կարգավորելու գաղափարը, որովհետեւ Վրաստանում տեղի ունեցածը օգնել է տարածաշրջանի երկրներին, նաեւ Հայաստանին՝ հասկանալու այդ համագործակցության անհրաժեշտությունը: Հայաստանը գտնվում է աշխարհագրական այնպիսի դիրքում, երբ չունի ո՛չ ելք դեպի ծով, ո՛չ հաղորդակցական կապեր կամ նավթ, ուստի՝ նա առաջիններից մեկն էր, որ գիտակցեց այդ հարաբերությունների կարգավորման կարեւորությունը: Վրաստանի պատերազմը տարածաշրջանում շատ բան փոխեց: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ես չեմ կարծում, թե նա շատ է ուզում այդ հարցում օգնել Հայաստանին: Այնտեղ շատ կուզենան, որ Հայաստանը կապված մնա Ռուսաստանին, որ իրենց ազդեցությունը ձեր երկրի վրա մեծ լինի, եւ նրանք շահագրգիռ չեն կարող լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Այնպես չէ, որ Ռուսաստանն ուզում է այդ հարաբերությունները կարգավորել, եւ նա է դա նախաձեռնել: Նրանք միայն ասում են՝ Ռուսաստանն ուզում է օգնել: Եթե ռուսներին մնար, նրանք, իհարկե, կուզենային ավելի մեծ ազդեցություն ունենալ ավելի մեծ եւ հեռավոր տարածքներում, բայց դա այսօր Ռուսաստանի օբյեկտիվում չէ, ուստի նրանք ուզում են Թուրքիային ունենալ որպես գործընկեր, Թուրքիային մի քիչ պոկել ԱՄՆ-ից: Դրա համար հիմա Ռուսաստանը մի բան է անում՝ տնտեսական ազդեցությունը պահպանել տարածաշրջանում, առեւտուր անել եւ էներգետիկ, այդ թվում՝ ատոմային էներգիայի, խնդիրներ լուծել:

Դա մի բան է, այլ բան է, որ Ռուսաստանում շահագրգիռ չեն, որ Հայաստանը ինքնուրույն լուծի Թուրքիայի հետ ունեցած խնդիրները, իր հետ ու իր մասնակցությամբ՝ խնդրեմ: Ես չեմ հավատում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը եղել է Ռուսաստանինը»,- ասաց ամերիկացի փորձագետը: Նրա կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցում է նաեւ ԱՄՆ-ն, որովհետեւ այնտեղ էլ են կարծում, որ Ռուսաստանը փորձում է Թուրքիան պոկել ԱՄՆ-ից: «Բայց ԱՄՆ-ում էլ տարբեր խաղացողներ կան՝ կառավարությունը, Կոնգրեսը, լոբբին: Շատ բան կախված է նրանից, թե նրանք ինչպես կտրամադրեն, օրինակ՝ լոբբիստական կազմակերպություններին այդ հարցի առնչությամբ: Ամերիկայում հասկանում են, որ պետք է աջակցել այդ հարաբերությունների կարգավորմանը՝ անկախ այն բանից, թե դա ում նախաձեռնությունն է եղել՝ գիտակցելով, որ այս պահին Հայաստանը հնարավոր չէ պոկել Ռուսաստանից՝ նկատի ունենալով հայ-ռուսական պատմական, մշակութային հին կապերը»,- ասաց Վալենտան՝ շեշտելով, որ ե՛ւ հայ-թուրքական հարաբերությունները, ե՛ւ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվեն, որպեսզի «այդ խնդիրների վրա չխաղան դիկտատորները»: Փորձագետի ասելով, եթե Ռուսաստանը հաջողություններ ունենա Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցում, դա կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա: «Ռուսները վարպետ են կոնֆլիկտներ հրահրելու հարցում: Նրանց քաղաքականությունը 200 տարի հենվել է հակամարտության օջախները պահելու, էթնիկ հակամարտություններ հրահրելու վրա»,- կարծիք հայտնեց Վալենտան՝ միաժամանակ շեշտելով, որ պետք չէր այդ հարցերից որեւէ մեկի կարգավորմանը ո՛չ Ռուսաստանի եւ ո՛չ էլ ԱՄՆ-ի միջամտությունը: Ըստ նրա, կնճռոտ հարցերի կարգավորմանը պետք է հասնեն երկկողմ հարաբերությունների արդյունքում, «եւ դա կարող է ստացվել»: «Հայ-թուրքական երկխոսությունը, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է, եւ դրա լավագույն օրինակներ պատմության ընթացքում կան: Ժամանակին երկկողմ թշնամանքը հաղթահարելու եւ համաձայնության գալու հարցում համարձակ քայլեր արեցին, օրինակ՝ Եգիպտոսի ու Իսրայելի ղեկավարներ Անվար Սադաթն ու Մենահեմ Բեգինը:

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները եւս պետք է գնան խիզախ քայլերի՝ համաձայնության հասնելու համար: Կարծում եմ, հնարավոր է այդ խնդրին խաղաղ լուծում տալ, բայց ակցենտներ պետք է անել ոչ թե այն հարցերի վրա, որոնք վիճելի են, այլ նրա վրա, ինչի շուրջ հնարավոր է սկսել կարգավորումը, եւ դա կարող է պոզիտիվ դեր խաղալ լուծման հարցում, որը պետք է անեն միայն հայերն ու ադրբեջանցիները: Դա հնարավոր է: Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր իրատեսորեն են մոտենում խնդրին, բայց նրանք շատ դեպքերում ուղղակի վախենում են խոսել դրա՝ երկխոսության մասին: Նույն խիզախությունն է պահանջվում նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Ես համաձայն եմ այն տեսակետին, որ այս հարցում պետք է մի կողմ դնել պատմական իրողությունների հետ կապված էմոցիաները եւ նայել առաջ: Իմ կինը հրեա է, ես կիսով չափ եմ հրեա եւ լավ եմ հասկանում հայերի զգացմունքները: Բայց համաձայն եմ ֆրանսիացի ձեր հայրենակից շանսոնիեի՝ Ազնավուրի հետ, որն ասում է՝ մենք չենք կարող անցյալով ապրել ու դրա մասին անընդհատ խոսել: Դա պետք է մի կողմ դնել եւ ապագային միտված քաղաքականություն վարել: Դա պետք է արվի, թեեւ կարծում եմ, որ երկար պրոցես է լինելու: Ֆուտբոլային դիվանագիտությունը չեմ կարծում, թե ավարտվի մեկ տարվա ընթացքում, բայց գլխավորը սկսելն է եւ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալը»,- ասաց ամերիկացի փորձագետ Ժիրի Վալենտան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել