Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ ՈՉ ԿՈՂՄ ԵՆ, ՈՉ ԷԼ՝ ԴԵՄ

Սեպտեմբեր 30,2009 00:00

Այսպիսին էր տպավորությունը Շիրակի մարզում կատարված քննարկումից

\"\"Երեկ Գյումրիում, բազմաթիվ մտա վորականների մասնակցությամբ, առաջին անգամ տեղի ունեցավ հասարակական քննարկում՝ հայ-թուրքական հարաբերությունների թեմայով: Կազմակերպիչները՝ «Շիրակ կենտրոն» ու «Կարմիր նառ» հ/կ-ների նախագահներ Վահան Թումասյանն ու Կարեն Պողոսյանը, սկզբից եւեթ շեշտեցին, որ այն նախաձեռնել են ոչ թե Սերժ Սարգսյանի «հրահանգով» կամ նրա կոչին ընդառաջ, այլ ինքնակամ, որպեսզի պարզեն, թե այս հարաբերություններից ի՞նչ է սպասվում Թուրքիայի սահմանակից հարեւան Շիրակի մարզին, եւ արդյոք շիրակցիները պատրա՞ստ են շփվելու թուրքերի հետ: «Հանրային քննարկումները երեւանյան քաղաքական էլիտայի շրջանակներում են սահմանափակվում, ու անտեսվում են մարզերի շարքային քաղաքացիների կարծիքները: Եվ սա այն դեպքում, երբ հայ-թուրքական սահմանի բացման թե բացասական եւ թե դրական հետեւանքներն անմիջապես զգալու է Շիրակի մարզը: Եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր լիներ, իշխանությունը պատկաներ ժողովրդին, ապա հանրապետության նախագահը, Սփյուռք այցելելուց առաջ, մարզեր կայցելեր: Այլապես ստացվում է, որ արտերկրի հայերի կարծիքն այս հարցում ավելի էական է, քան բուն Հայաստանի քաղաքացիների: Թեեւ հասկանալի է, թե ինչու է այդպես. Հայաստանում միշտ հնարավոր է իշխանությունների լծակները օգտագործելու ճանապարհով ստանալ ցանկացած հանրային քննարկման պատասխանը, բայց վստահեցնում եմ՝ Շիրակի մարզի կարծիքը շատ էական է այս հարցում»,- ասաց Վահան Թումասյանը:

Տեղեկացնենք, որ մասնակիցները միակարծիք չէին այս հարցում, հնչեցին նաեւ ծայրահեղ տեսակետներ, թե թուրքին նույնիսկ բարեւ տալ չարժե, ուր մնաց շփվել, քանի որ նրանք «մարդասպան» են, եւ վտանգն ավելի շատ է, քան Հայաստանի օգուտը: Հիշեցին Հրանտ Դինքին, ում սպանությունը, մասնակիցների ձեւակերպմամբ, կատարվեց պետական մակարդակով, քննադատեցին մեր իշխանություններին նախաստորագրված Արձանագրությունների, մասնավորապես՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը «կաթվածահար անելու» համար, Սերժ Սարգսյանի այս թեմայով նախաձեռնած հասարակական լսումներն էլ անվանեցին «զատիկից հետո կարմիր հավկիթ»: «Առավոտը» մասնակիցներից մեկին՝ արեւելագետ Արտակ Հովհաննիսյանին հարցրեց, թե դիվանագիտական հարաբերությունների ստեղծումը ի՞նչ բացասական եւ դրական հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի համար: «Դրական կողմերից եկեք արձանագրենք հետեւյալը. տնտեսական հնարավորությունների աճ, Վրաստանից ունեցած բացարձակ կախվածության վերացում, մենք Թուրքիայի միջոցով կարող ենք կապ հաստատել Ռուսաստանի հետ, հնարավոր է, որ Հայաստանն օգտագործվի որպես տրանզիտ Թուրքիայի հետ այլ երկրների կողմից առեւտուր կատարելու ժամանակ: Հնարավոր է նաեւ, որ Հայաստանը ներգրավվի տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի մեջ, եւ հետագայում, երբ որոշ հարցեր կարգավորվեն, շատ հնարավոր է, որ ոչ թե կառուցեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթուղին, այլ, օրինակ, Բաքու-Վանաձոր-Ջեյհան»,- թվարկեց արեւելագետը: Ըստ նրա, Թուրքիայի հետ սահմանը բացվելու դեպքում մենք հնարավորություն կունենանք քարոզչական որոշ աշխատանք տանել հենց Թուրքիայի ներսում, քանի որ նրանց հասարակության մեծ մասը տեղյակ չէ Ցեղասպանությանը, իսկ մենք նրանց կներկայացնենք իրականությունը: Ըստ արեւելագետի՝ թուրքերը հենց սրանից էլ վախենում են:

Արտակ Հովհաննիսյանի ասելով, կոնկրետ Շիրակի մարզի օգուտը կլինի այն, որ եթե սահմանը բացվի ու գործի Գյումրի-Կարս երկաթուղին, Գյումրիում մաքսատներ կբացվեն, ենթակառուցվածքներ կառաջանան ու լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն: «Կխթանվի բիզնեսը, փաստորեն՝ Շիրակի մարզը կդառնա առաջին ձեռքը, որից կարող է օգտվել ամբողջ հանրապետությունը, Շիրակի մարզը կարող է աղքատ մարզի ցուցանիշը հաղթահարել, բայց մյուս կողմից՝ հազար ու մի վտանգ կա. երբ սահման է բացվում՝ աշխուժանում են թմրաբիզնեսը, զենքի առքուվաճառքը, թրաֆիքինգը, բնականաբար՝ էս դեպքում էլ առաջին հարվածը մենք ենք մեզ վրա ընդունում»,- ասում է արեւելագետը:

Իսկ ինչպե՞ս է վերաբերվում պատմաբանը շարքային քաղաքացիների կողմից հնչեցված այն մտավախություններին, թե սահմանի բացմամբ Շիրակի մարզը ձեռքից կգնա, քանի որ մարզում տղամարդ չի մնացել, թուրքերը կգան, ու կսկսվի հայերի դեմոգրաֆիկ ոչնչացումը: «Հայ տղամարդկանց բացակայությունը մարզից հիմնականում կապված է արտագնա աշխատանքի հետ, թիրախային երկիրը Ռուսաստանն է, չնայած ճգնաժամի պատճառով հոսքը քչացել է, բայց ավելի շատ հավանական է հայկական աշխատուժի արտահոսք Թուրքիա, քան հակառակը, որովհետեւ մենք կոնկրետ Շիրակի մարզում չունենք աշխատատեղեր կամ բարձր վարձատրվող աշխատանք, եթե ունենայինք, մեր տղամարդիկ արտագնա աշխատանքի չէին գնա: Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արտադրանքի ցուցանիշն ավելի բարձր է, քան Հայաստանում, այսինքն՝ դա հուշում է հետեւյալը, որ աշխատողը էստեղից պիտի գնա Թուրքիա: Իսկ եթե հարցին մոտենանք զուտ քաղաքական առումով, որ, ասենք, թուրքերը էդպիսի քաղաքականություն կիրառեն դեմոգրաֆիկ պայթյուն առաջացնելու համար, էդ արդեն մեր ազգային անվտանգության խնդիրն է. մենք ունենք Ազգային անվտանգության ծառայություն, ներքին գործեր, սահմանապահ զորքեր, էդպիսի հարց տալու ժամանակ մենք երբեմն մոռանում ենք, որ կան այսպիսի կառույցներ, որոնք, կարծում եմ, կունենան այս հարցով զբաղվող համապատասխան մասնագետներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել