Լրահոս
Օրվա լրահոսը

Կրքերը դեռ չեն հանդարտվում

Սեպտեմբեր 30,2009 00:00

\"\"Մաշտոցի պո ղոտայի թիվ 17 շենքում է գտնվում Ե. Չարենցի տուն-թանգարանը: Այն զբաղեցնում է 1-3 հարկերը: Վերջերս շենքում հայտնվել է նոր հարեւան. 4-րդ հարկի 16, 17, 18 բնակարանների սեփականատեր է դարձել Ռուզաննա Հարությունյանը: Այնտեղ սկսվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ:

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ահազանգում է, որ շինարարները շինանյութն ու աղբը տեղահանում են թանգարանի ապակյա ցուցափեղկերի դիմացով, վնասելով դրանք: Լարվածությունը հասել է նրան, որ միջամտել են անգամ իրավապահները:

\"\"Երեկ մենք դարձյալ եղանք «դեպքի վայրում»: Գնորդի՝ Ռուզաննա Հարությունյանի կողմից լիազորված Շավարշ Հովհաննիսյանը մեզ փոխանցեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գ. Խանգելդյանի պաշտոնական գրությունը (23.09.09), որով նա բնակարանի նոր սեփականատիրոջը տեղեկացնում է. «Կենտրոն վարչական շրջանը չի առարկում, որպեսզի Դուք Ձեր միջոցներով մասնակիորեն վերանորոգեք սեփականության իրավունքով Ձեզ պատկանող տան տանիքի ծածկը, պահպանելով նախկին արտաքին չափերը»: Ի դեպ, այդ փաստաթուղթը նրանք փակցրել էին բնակարանի պատին, որպեսզի հարցեր չտան, այլ՝ կարդան: Ռ. Հարությունյանի ներկայացուցիչը «Առավոտին» ասաց, որ մինչեւ տանիքը չվերանորոգեն, իրենք 4-րդ հարկում չեն կարող շինարարությունը սկսել:

Շենքի գերանապատ տանիքը (340քմ մակերեսով) ցանկացած ուժեղ ցնցումից ենթակա է փլման: Շինարարների տեղեկացմամբ, իրենք արդեն 7 մեքենա աղբ են տեղափոխել: Նրանք ասացին, որ տանիքի անմխիթար վիճակի մասին տեղեկացվել է նաեւ մշակույթի նախարարությունը, որի իրավաբանի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ ամսվա ընթացքում «տանիքային ամրացումներն» ավարտելու մասին: «Էսքան բան եմ անում, դարձա Չարենցի թշնամի՞»,- վրդովված հարցնում էր Հարությունյանի ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել