Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-Ն ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ ՏՎԵԼ Է»

Սեպտեմբեր 30,2009 00:00

\"\"Հարցազրույց Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագիր Տիգրան Թավադյանի հետ

– Այս տարվա ապրիլին, երբ քննարկվում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված «Ճանապարհային քարտեզը», Դուք հայտարարել եք. «Այն, ինչ մենք լսեցինք Եղեռնի հիշատակի օրվանից մեկ օր առաջ, վիրավորական է մեզ համար: Դրա համար՝ վստահություն չունենք Հայաստանի արտաքին քաղաքականության նկատմամբ: Դրսում ապրող հայերը Հայաստանից սպասում են ինչ-որ քայլեր, որ հույսը չկտրեն՝ մի օր վերադառնալ հայրենիք՝ ոչ թե Հայաստանի Հանրապետություն, որը Հայաստանի 10%-ն է, այլ պատմական հայրենիք։ Եվ հարցեր, որ կապված են Արեւմտյան Հայաստանի հետ՝ Ղարսի կամ Սեւրի պայմանագրերը, Հայաստանը չպետք է որոշի մենակ՝ առանց Սփյուռքի հետ խորհրդակցելու»: Իսկ սեպտեմբերի սկզբին, երբ հրապարակվեցին հայ-թուրքական երկու Արձանագրությունները, ասել եք՝ «Հայաստանը չպետք է ստորագրի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին Արձանագրությունները, քանի որ հարցը վերաբերում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլեւ՝ ողջ հայությանը: Հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Թուրքիան ճանաչի եւ դատապարտի հայերի ցեղասպանությունն ու ընդունի ցեղասպանության զոհերի սերունդների՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքը»: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանի քաղաքացին կամ մշտապես Ռուսաստանում բնակվող հայը մասնակցի Հայաստանի կառավարմանը:

– Իսկ ինչո՞ւ եք կարծում, թե ես խոսում եմ Հայաստանի կառավարման մասին: Ձեր նշած իմ երկու հայտարարություններն էլ վերաբերում են համահայկական, համազգային հարցերին եւ ոչ Հայաստանի Հանրապետության ներպետական խնդիրներին: Այսպես կոչված՝ «հայ-թուրքական հաշտեցման» գործընթացները առնչվում են ողջ հայ ժողովրդի կենսական շահերին եւ ոչ միայն ՀՀ քաղաքացիներին: Ձեր հարցում անդրադառնում եք Սփյուռքի հայերի քաղաքացիության խնդրին: Ես հասկանում եմ, որ շատ հարմար է ասել՝ «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է», երբ խոսքը Սփյուռքից ներդրումների կամ բարեգործության մասին է եւ հիշել Հայաստանի քաղաքացիություն չունենալու մասին, երբ պետք է անտեսել մեր կարծիքը: Բայց մենք այլ երկրների քաղաքացիներ ենք ոչ մեր կամոք, այլ մեր պատմության ողբերգական էջի արդյունքում: Սփյուռքի հայերի մեծամասնությունը Թուրքիայում հայերի ցեղասպանության զոհերի եւ Արեւմտյան Հայաստանից եկածների սերունդներն են: Այս իսկ պատճառով, միանգամայն բնական է, որ Սփյուռքին չեն կարող չմտահոգել հայ-թուրքական Արձանագրությունների՝ սահմանների ճանաչման եւ պատմաբանների հանձնախումբ ստեղծելու կետերը: Եթե Արձանագրությունները վավերացվեն, ապա Հայերի ցեղասպանության ճանաչման, փոխհատուցման եւ Արեւմտյան Հայաստանի ազատագրման հարցերը երկար ժամանակով կհետաձգվեն: Այս ամենի ամբողջությունը լուրջ հարված կլինի Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ հայկական պետականությանը: Կրկնում եմ նախկին հայտարարությունս. Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման նախապայմաններն են՝ Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունումն ու դատապարտումը, ցեղասպանության զոհերի սերունդների՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքի ճանաչումը: ՀՀ ղեկավարությունը պետք է վերանայի Արձանագրությունները եւ միայն համապատասխան փոփոխություններ մտցնելուց հետո սկսի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց:

– Ասում եք՝ դրսում ապրող հայերը սպասում են մի քայլի, որ վերադառնան պատմական հայրենիք: Ինչպե՞ս եք դա պատկերացնում. պատերազմ Թուրքիայի հե՞տ, թե՞ այլ տարբերակ:

– Չեմ կարծում, թե ճիշտ է մամուլում խոսել այս հարցի լուծման փուլերի եւ մեխանիզմների մասին:

– Եթե Դուք վստահություն չունեք Հայաստանի արտաքին քաղաքականության նկատմամբ, ինչո՞ւ պետք է Հայաստանը վստահի Ձեզ:

– Նախ ուզում եմ նկատել, որ հարցը ծայրահեղ ոչ կոռեկտ է: Չի կարելի միլիոնանոց Սփյուռքը համեմատել մի խումբ մարդկանց իրականացրած արտաքին քաղաքականության հետ: Մարդիկ, ում երեկ նշանակել են, իսկ վաղը կարող են ազատել: Եվ հետո, ինչո՞ւ պետք է Հայաստանը չվստահի Սփյուռքին: Եթե Դուք այս հարցը տաք Հայաստանի կառավարիչներին, ապա կստանաք պատասխաններ, որոնցից մի մասը ես մեջբերում կանեմ: «Հայաստանն ու Սփյուռքը փոխկապակցված են եւ ապրում են միասնական հայկական աշխարհում», ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դրանից առաջ, 2005 թվականին, լինելով ՀՀ ԿԲ նախագահ, նա հայտարարել է. «Հայաստանի գոյատեւումը կախված է դրսում ապրող հայերի դրամական փոխանցումներից»: Հաջորդ մեջբերումը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից. «Հայաստանը առանց Սփյուռքի՝ մեկ բան է, իսկ Հայաստանի եւ Սփյուռքի միասնականությունը հարյուրապատիկ մեծացնում է հայության ներուժը»: Սերժ Սարգսյանը նաեւ ՀՀ կառավարության առջեւ խնդիր է դնում Հայաստանի տնտեսության զարգացման գործում օգտագործել Սփյուռքի ներուժը եւ հանուն այս նպատակի անգամ դասախոսություններ են կազմակերպվում կառավարության աշխատակիցների համար: Այսպիսի մեջբերումներ եւ փաստեր կարելի է անվերջ շարադրել, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս մասին միշտ խոսում են Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: Սփյուռքը Հայաստանի իշխանություններին անվստահության առիթ չի տվել, իսկ Հայաստանի իշխանությունները Սփյուռքին նման առիթ տվել են:

– Արձանագրությունների հրապարակումից հետո ասել եք, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կհանգեցնի ինչպես Հայաստան-Սփյուռք հարաբերություններում լարվածության, այնպես էլ հայկական գաղութների ներսում՝ սրացումների: Ի՞նչ նկատի ունեք:

– Հայաստանի անկախության վերականգնումից հետո շատ երկրներում բացվեցին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանատուն, հյուպատոսարան եւ այլն: Գաղտնիք չէ, որ այդ պետական կառույցները աշխատում են Սփյուռքի կազմակերպությունների հետ սերտ շփմամբ: Սակայն երրորդ երկրների կողմից մեզ պարտադրվող շեղումները՝ ՀՀ արտաքին քաղաքականությունից, կարող են խափանել այդ համագործակցությունը: Օրինակների համար հեռու գնալ պետք չէ: Հայաստանի երկրորդ (կամ ինչպես ոմանց կարծիքով՝ երրորդ) հանրապետության ոչ մեծ պատմության ընթացքում մենք նման իրողության ականատես եղել ենք, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք արգելվեց Դաշնակցություն կուսակցությունը: Այն ժամանակ Հայաստանի իշխանությունը ոչ միայն իր դեմ հանեց Սփյուռքին, այլ փորձեց Սփյուռքի տարբեր կազմակերպությունների միջեւ թշնամություն հրահրել: Անգամ մեզ մոտ՝ Կրասնոդար եկավ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ինչ-որ ներկայացուցիչ եւ տեղի հայ հասարակության համար դասախոսություն կարդաց, թե ինչ լավ կուսակցություն է «Հնչակյանը» եւ ինչ զզվելի կուսակցություն է Դաշնակցությունը: Ո՞ւր է երաշխիքը, որ նման բան չի կրկնվի այսօր՝ Արձանագրությունների ստորագրումից հետո:

– Բացի Ռուսաստանից, հայեր ապրում են նաեւ ԱՄՆ-ում, Եվրոպայում: Գաղտնիք չէ, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Եվրոպան մեր տարածաշրջանում եւ Հայաստանում տարբեր շահեր ունեն: Ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ, եթե ՌԴ-ում, ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում ապրող հայերը մասնակցեն Հայաստանի կառավարմանը: Այլ պետության քաղաքացի հայը որքանո՞վ է ազատ դեմ գնալ սեփական երկրի շահին՝ հանուն Հայաստանի շահի:

– Նորից կրկնեմ, որ հայ-թուրքական Արձանագրությունների հնարավոր ստորագրմամբ պայմանավորված, խնդիրը ոչ մի կերպ չի կապվում Հայաստանը կառավարելու սփյուռքահայերի փորձերի հետ: Կարիք չկա մի խնդիրը փոխարինել մյուսով: Իսկ հարցի վերջին մասին ի պատասխան՝ երկու օրինակ կբերեմ:

Երբ ԱՄՆ իշխանությունները փորձում էին Հայաստանում դեսպան նշանակել մեկին, ով չի ընդունում Հայերի ցեղասպանությունը, ԱՄՆ հայկական կազմակերպությունները ամեն ինչ արեցին ու նրա նշանակումը թույլ չտան:

Երբ Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեցին, Խորհրդային միության իշխանությունները կանգնեցին Ադրբեջանի կողքը, իսկ Ռուսաստանի հայերը, լինելով ԽՍՀՄ քաղաքացի, ոչ միայն մարդասիրական օգնություն ցույց տվեցին Ղարաբաղին եւ կամավորներ ուղարկեցին պատերազմ, այլ նաեւ հաջողում էին կազմակերպել պահեստամասերի ներկրում՝ ղարաբաղցի մարտիկների ուժերով, Ադրբեջանից վերցրած զրահատեխնիկան նորոգելու համար:

Երկու դեպքում էլ Սփյուռքի հայերը, ըստ էության, դեմ են գնացել այն պետությունների իշխանությունների որոշմանը, որի քաղաքացին են իրենք: Նրանք Ղարաբաղին օգնությո՞ւն, թե՞ վնաս են տվել:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի իշխանություն կրող քաղաքացիները շատ հաճախ կատարում են այն երկրի կամքը, ում քաղաքացին չեն: Հայաստանը գտնվում է երեք երկրների ինտենսիվ տնտեսական եւ դիվանագիտական ճնշման տակ եւ պատրաստ է ընդունել պայմաններ, որոնք սպառնում են իր շահերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել