Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Սեպտեմբեր 30,2009 00:00

\"\"Այս հարցը հանգիստ չի տվել BBC հեռուստառադիոընկերության թղթակից Դեւիդ Էդմոնդսին: Եվ նա իր համար անհասկանալի այդ ֆենոմենի լուծումը գտնելու նպատակով որոշել է մեկնել Հայաստան:

Նա գրում է. «Ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը կարողացել է վերջին երկու համաշխարհային օլիմպիադաների չեմպիոն դառնալ՝ հաղթելով այնպիսի երկրների թիմերի, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն: Ինչպե՞ս է դա հնարավոր»:

Այդ գաղտնիքը բացահայտելու ճանապարհին Էդմոնդսի արկածներն սկսվել են արդեն «Զվարթնոց» օդանավակայանից: Նա պատմում է հետեւյալը: «Առաջին մարդը, որին հանդիպեցի Հայաստանում, անգլերեն ոչ մի բառ չէր խոսում: Նա տաքսու վարորդ էր, որն ինձ տարավ հյուրանոց: Ես էլ իմ հերթին հայերեն ոչ մի բառ չգիտեմ: Բայց երբ, այնուամենայնիվ, ծանոթացանք, պարզվեց, որ նրա անուն-ազգանունը Տիգրան Պետրոսյան է: Տարօրինակ համընկնում էր: Չէ՞ որ 1963 թվականին Տիգրան Պետրոսյանը հաղթեց Միխայիլ Բոտվիննիկին՝ դառնալով աշխարհի չեմպիոն»:

Այնուհետեւ, Էդմոնդսի դատողություններն առնչվում են ԽՍՀՄ-ում շախմատի զարգացմանը, երկիր, որը, նրա կարծիքով, շախմատային հզոր տիրակալություն էր ստեղծել կապիտալիզմի նկատմամբ սոցիալիզմի առավելությունը ցուցադրելու եւ ապացուցելու նպատակով:

Իսկ Հայաստանում մարդկանց հետ զրուցելով՝ նա լսել է հետեւյալը. «Ամերիկայում ամեն մարդ կարող է հիշել, թե ինքը որտեղ է եղել, երբ սպանեցին Քենեդիին: Իսկ Հայաստանում որոշակի տարիք ունեցողները ճշգրիտ կհիշեն այն պահը, երբ Տիգրան Պետրոսյանն աշխարհի չեմպիոն դարձավ»: Այս արտահայտությունը լսելով՝ Էդմոնդսը եկել է հետեւության, որ հենց այդ ժամանակներից են Հայաստանում մարդիկ տարվել շախմատով: Եվ որոշել է անձամբ զրուցել երկրի նախագահ եւ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երկրի ղեկավարն իր հերթին լրագրողին ասել է. «Մենք չենք ցանկանում, որպեսզի Հայաստանն աշխարհին ճանաչելի լինի միայն երկրաշարժի եւ Ցեղասպանության պատճառով: Մենք գերադասում ենք, որ Հայաստանը ճանաչում ունենա շախմատային հաջողություններով»:

Ուսումնասիրությունների ավարտական փուլում Էդմոնդսը հանդիպել է գրոսմայստեր Տիգրան Լեւոնի Պետրոսյանին, որը ընդհանուր ոչինչ չունի հայկական շախմատի լեգենդ իր անվանակցի հետ: Տաղանդավոր երիտասարդ շախմատիստն անգլիացուն տեղեկացրել է, որ երբ Տիգրան Պետրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն, իր հայրը երազել է որդի ունենալ եւ անունը Տիգրան դնել: Էդմոնդսը շախմատասերների հետ շփումներից իր համար պարզել է, որ ներկայիս Հայաստանի ամենաուժեղ շախմատիստ Լեւոն Արոնյանը նույնքան սիրված է Հայաստանում, ինչպես Դեւիդ Բեքհեմը՝ Անգլիայում:

Այսպիսի տեղեկություններից հետո Էդմոնդսը հաստատ անհրաժեշտ եզրահանգումների է եկել եւ բացահայտել այն ֆենոմենը, ինչը նրա համար սկզբնապես հավասարազոր էր Սֆինքսի գաղտնիքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել