Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապավինեք ձեր ուժերին»

Հոկտեմբեր 02,2009 00:00

«Այն, ինչ տրվում է դրսից, կարող է հեշտությամբ ետ խլվել, կամ անպայման դրա դիմաց որեւէ պահանջ է դրվում: Բայց երբ մեր ուժերով եւ քրտինքով ենք ինչ-որ բան ստեղծում, դա մեզնից ոչ ոք չի կարող խլել». երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս գաղափարախոսությունը փորձեց ուսանողների մեջ սերմանել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նա իր ելույթը սկսեց կազմակերպության հիմնադրման պատմությունից եւ ուսանողներին իր ղեկավարած ընկերության օրինակով ծանոթացրեց բիզնեսի ճիշտ կազմակերպման ճանապարհներին: Հոգալ. այս բառը Ռ. Յիրիկյանի կողմից թերեւս ամենից շատ օգտագործվողներից էր դասախոսության ընթացքում: Նա նկատեց. «Հոգալը միայն տեխնիկական չէ, դա մեր մոտեցումն է ամեն առումով՝ սկսած նրանից, որ պետք է ժպտալ բաժանորդներին սպասարկելիս, վերջացրած նրանով, որ պարտավոր ենք բարձրորակ կապ ապահովել»: Այժմ ընկերությունն ունի ավելի քան 900 բազային կայան՝ ՀՀ ողջ տարածքում: Տեղական սպասարկման կենտրոններին զուգահեռ, գործում են նաեւ շրջիկ կենտրոններ. «Վերցրել ենք բեռնատար մեքենաներ կամ երթուղային տաքսիներ եւ դրանց ներսում սպասարկման կենտրոն ենք սարքել: Այդ կարմիր բեռնատարներն ամեն ամիս շրջում են գյուղեգյուղ եւ սպասարկում տեղի բնակիչներին»: Հանկարծ դահլիճից աղջկա մի բարձր ձայն հնչեց, ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրենին թվաց, թե աղջնակն իրեն ուզում է հարց տալ: Բայց պարզվեց, որ նա բջջայինով է խոսում, ինչը զայրացրեց բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին. նրա դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց: Սակայն Ռ. Յիրիկյանը փրկեց իրավիճակը՝ ասելով. «Գոնե այս պարագայում հեռախոսները մի անջատեք, խոսեք, եկամուտ է, վերջում դրանից գնում է պետական բյուջե»:

2007-ին՝ 1 միլիոն, 2008-ին՝ 2 միլիոն բաժանորդի սահմանը հատած ընկերության ղեկավարը կարեւորում է նաեւ հաշմանդամ մարդկանց աշխատանքի ընդունման հարցը: Այժմ ընկերությունում աշխատում է 33 հաշմանդամ: Ռ. Յիրիկյանը շեշտեց. «Նրանք աշխատում են առաջին գծում: Նրանց եւս պիտի հնարավորություն տանք իրենց ուժերով պահել իրենց եւ ընտանիքներին»:

Զարգացնելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի այցեքարտը դարձած՝ կորպորատիվ պատասխանատվության թեզը, պարոն Յիրիկյանը նշեց. «Ամեն ամսվա վերջում մեր բաժանորդները մեր ծառայությունների համար վճարում են: Բայց այդ գումարը վաստակելու համար նրանք քրտինք են թափել: Ու քանի որ այդ վճարումներով մեր բաժանորդները մեզ եկամուտ են բերում, մենք էլ պետք է շնորհակալություն հայտնենք նրանց, բայց ոչ գումարով, այլ մեր ծրագրերով, որոնք օգնում են հասարակությանը»: Ռ. Յիրիկյանը անդրադարձավ բրենդինգի որոշ մանրամասների եւ տեղեկացրեց. «Հնարավոր է մյուս տարվա 2-3-րդ կիսամյակում կամ 2011-ին գնանք ռեբրենդինգի: Մեր երկար ջանքերի շնորհիվ հասանք նրան, որ մեր ապրանքանիշը կդառնա ՄՏՍ-Հայաստանը»: Այնուհետեւ ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին Ռ. Յիրիկյանին: Մի ուսանողի հետաքրքրում էր, թե ինչու է ինտերնետի գինն աճում: Պարոն Յիրիկյանը պատասխանեց. «Բարձրացրել ենք ondoklassniki.ru-ի օգտագործման սակագները, ինչը մեր ռուս գործընկերների վարած քաղաքականության արդյունքն է: Բայց ինտերնետի սակագները ընդհանուր առմամբ նվազել են»: Նշենք նաեւ, որ հնարավոր է բուհի եւ կազմակերպության միջեւ ստորագրվի համաձայնագիր, որի արդյունքում ուսանողները պրակտիկան կանցնեն ընկերությունում, դրա համար կստանան որոշակի գումար, ու Պոլիտեխնիկի հետ կիրականացվեն բազում ուսումնական ծրագրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել