Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 06,2009 00:00

Միայն խոշոր հաշվով պարտություններ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Էրեբունին» խիստ անհաջող հանդես եկավ ՈՒԵՖԱ-ի գավաթի 2009/10 թթ. մրցաշրջանի հիմնական փուլում: Մեկնարկային խաղը մեր թիմը 0:5 հաշվով տանուլ տվեց Վրաստանի «Իբերիա 2003»-ին, այնուհետեւ 1:9 հաշվով զիջեց «Դեւային» (Ռումինիա), իսկ եզրափակիչ օրը Հոլանդիայի «Մարլենից» 9 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:

Հաղթանակ եւ պարտություն

Մակեդոնիայի Օրհիդ քաղաքում մեկնարկել են շախմատի տղամարդկանց 25-րդ եւ կանանց 14-րդ ակումբային առաջնությունները: Հայաստանի «Միկա» ակումբը ներկայացված է երկու մրցաշարերում էլ:

Մեր տղաների թիմը բավականին պատկառազդու կազմ ունի եւ, մասնագետների գնահատմամբ, լիովին կարող է հավակնել չեմպիոնի կոչմանը: Հայաստանի շախմատային դրոշի պատիվը պաշտպանում են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Արման Փաշիկյանը:

Մի փոքր ցածր են մեր աղջիկների հեռանկարները: Կանանց «Միկա» թիմի կազմում Լիլիթ Մկրտչյանի բացակայությամբ (Լիլիթը Չինաստանի Նանկին քաղաքում մասնակցում է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարին) հանդես են գալիս Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնովալին (Հնդկաստան), Նինո Խուրցիձեն (Վրաստան) եւ Լիլիթ Գալոյանը:

Մեկնարկային տուրում մեր տղաները (նրանց պայքարին մասնակցում է 57 ակումբ) 4:2 հաշվով թիմային հաղթանակ են տարել Բելգիայի «Բորգերհուդի» նկատմամբ: Առանձին խաղատախտակների վրա Արոնյանը, Պետրոսյանը եւ Անդրիասյանը հաղթել են մրցակիցներին, Հակոբյանն ու Սարգսյանը ոչ-ոքի են արել, իսկ Փաշիկյանը պարտվել է:

Ցավոք, մեր աղջիկները 0:4 հաշվով «չոր» պարտություն են կրել Վիդնոյե քաղաքի «Սպարտակից»:

Երեկ երկրորդ տուրի օրն էր:

Շախմատային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Էլինա Դանիելյանը Օրհիդ մեկնելուց առաջ Ռումինիայի «Թիմիշոարա» ակումբի կազմում, հանդես գալով առաջին խաղատախտակի առջեւ, դարձել է այդ երկրի չեմպիոն:

Ռիո դե Ժանեյրոն՝ 2016 թ. օլիմպիադայի մայրաքաղաք

Կոպենհագենում անցկացված Միջազգային օլիմպիական կոմիտեի 121-րդ համաժողովը 2016 թվականի 31-րդ ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրեց Ռիո դե Ժանեյրոն:

Սա պատմության մեջ առաջին անգամ է, որ քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը հյուրընկալվում է Հարավային Ամերիկայում:

Խաղերի անցկացմանը հավակնում էր չորս քաղաք՝ Չիկագոն, Մադրիդը, Տոկիոն եւ Ռիո դե Ժանեյրոն: Այս անհաշտ ու սկզբունքային մրցապայքարի հաղթողին որոշելու համար հարկ եղավ կազմակերպել ընտրությունների երեք փուլ: Դրանցից առաջինում պայքարից դուրս մնաց Չիկագոն, երկրորդում ամենից քիչ ձայն հավաքեց Տոկիոն եւ ՄՕԿ-ի անդամները ստիպված էին ընտրություն կատարել Մադրիդի եւ Ռիոյի միջեւ:

Բրազիլիայի այս հաղթանակը պատմական է նաեւ մեկ այլ առումով: Այս երկրում է կայանալու 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը: Այսպիսով, Բրազիլիան դարձավ երկրորդ երկիրը, որտեղ երկու տարվա տարբերությամբ անցկացվելու է աշխարհի մարզական օրացույցի երկու խոշորագույն միջոցառում: Առաջինն Ատլանտան էր, որտեղ նույնպես 1994-ին կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ երկու տարի անց՝ ամառային օլիմպիական խաղերը:

Լիլիթը բարելավում է դիրքերը

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Նանկին քաղաքում շարունակվող շախմատի կանանց «Մեծ մրցանակի» խաղարկության վեցերորդ տուրում առավելության հասնելով էկվադորցի Մարթա Ֆյերրոյի նկատմամբ՝ մրցաշարային աղյուսակում բարելավել է դիրքերը: Այժմ Լիլիթը 3,5-ական միավորով Չժաո Սյուեի եւ Սյույ Յույհուայի հետ միասին բաժանում է 3-5-րդ հորիզոնականները: Իսկ մրցաշարային աղյուսակը 5,0 միավորով միանձնյա գլխավորում է Նանա Ձագնիձեն (Վրաստան): Նրանից մեկ միավոր պակաս է վաստակել Մարի Սեբագը (Ֆրանսիա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031