Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ գրասենյակներից սկսենք

Հոկտեմբեր 06,2009 00:00

Հեծանվարշավ ու «Կանաչ գրասենյակ»

Սպիտակ թղթերից քիչ օգտվեք՝ հավաքեք գրասենյակի միակողմանի տպագրված թղթերը եւ դրանց մաքուր երեսի վրա կատարեք սեւագրություններ, աշխատանքային օրվա վերջում անջատեք բոլոր համակարգիչները, էլեկտրական այլ սարքերը, գրասենյակն ապահովեք հոսանքի խնայողական լամպերով, վերամշակեք գրասենյակում առկա աղբը, ջրի սարքերի համար նախատեսված միանգամյա պլաստիկ բաժակներից ազատվեք եւ օգտագործեք ապակյա բաժակներ, գիշերային ժամերին անջատեք գրասենյակի լույսերը… Սրանք Բրիտանական խորհրդի հայտարարած «Կանաչ գրասենյակ» ծրագրի կետերն են: Եթե մտահոգվում եք շրջակա միջավայրի պահպանմամբ, ուրեմն հետեւեք կետերին՝ սկսելով անձնական գրասենյակներից:

Օրերս մի խումբ հեծանվորդներ, Հայաստանում բրիտանական դեսպանատան, Բրիտանական խորհրդի եւ ՀՀ բնապահանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ հեծանվարշավ կատարեցին Երեւանի կենտրոնական փողոցներով՝ իրենց մեջքին կրելով «Կանաչ գրասենյակ» ծրագրի խորագիրը՝ «Հպարտ ենք լինել կանաչ»:

«Բրիտանական խորհուրդը վերջին տարվա ընթացքում հայտարարել է կանաչ քաղաքականության մշակույթ: Այն իր մեջ ներառում է գրասենյակային աշխատանքի կազմակերպման հստակ քայլեր, որոնք կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը: Նպատակն է՝ ուշադրություն դարձնել միջավայրի աղտոտմանը եւ նվազեցնել մեր գործունեության վատ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»,- ասում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի «Կանաչ գրասենյակ» նախաձեռնության պատասխանատու Զառա Սոլախյանը:

Ըստ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի, «Ուրախալին այն է, որ հեծանվարշավի մասնակիցների համար սա ոչ միայն հաճույք է, այլեւ իրապես մեծ առաքելություն՝ քաղաքին ցույց տալու, որ իրենք մտածում են քաղաքի մասին, հոգում իրենց էկոլոգիական հարցերը՝ դրանով ներդրում ունենալով Երկիր մոլորակի պահպանման հարցում»: Ինչպես նշեց տիկին Սարիբեկյանը, «Երբ խոսում ենք «Կանաչ գրասենյակի» մասին, մարդկանց դեմքին ժպիտ է առաջանում եւ հարցնում են՝ հե՞շտ է, արդյոք, դա յուրացնել, քանի որ, այսպես, թե այնպես, յուրաքանչյուր գրասենյակ արդեն ձեւավորել է իր սովորույթները, ամեն մեկն էլ ցանկանում է մտնել գրասենյակ, մեկ րոպեում միացնել համակարգիչը եւ սկսել աշխատել: Պատասխանը, իհարկե, ոչ է՝ քանի որ ցանկացած փոփոխություն մարդիկ դժվարությամբ են ընդունում: Յուրաքանչյուրը պետք է հետեւի այն մտքին, որ ինքն առաջինը պետք է փոխի իրեն՝ իր գրասենյակը դարձնելով կանաչ՝ էկոլոգիապես մաքուր: Այսօրվա միջոցառումն ուղղված է հատկապես բիզնես ոլորտին, որպեսզի բիզնեսմենները սկսեն իրենց գրասենյակից եւ «կանաչ» դարձնեն այն»:

Ըստ «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի, «Կանաչ գրասենյակը» կնպաստի ոչ միայն գրասենյակների, այլեւ քաղաքի «կանաչեցմանը». «Շուրջ երեսուն տարի էկոլոգիական եւ կայուն զարգացման խնդիրներ եմ դասավանդում տարբեր համալսարաններում: Ամեն անգամ, երբ մտնում եմ լսարան, պատմում տեսություն, միշտ հայտնվում է մի ուսանող, որ հարցնում է՝ իսկ դուք տեսե՞լ եք այսինչ փողոցը, այնինչ շենքը, այնինչ պահպանվող տարածքը ի՞նչ վիճակում է… Շատ կարեւոր է, որ նմանատիպ նախաձեռնությունները իրականում կյանքի կոչվեն: Կայուն զարգացման գաղափարախոսությունը մեզնից պահանջում է զսպվածության մշակույթ: Երեւի մարդկության համար դա ամենադժվարն է՝ կարողանալ զսպել ցանկությունները, մարդկային ազատությունն ու անկախությունը եւ բնական ռեսուրսների նկատմամբ վարվել շնորհքով՝ մտածելով ապագա սերունդների ու մոլորակի մասին: Այս հեծանվարշավը լավագույն տարբերակն է հասարակության մեջ սնուցել՝ իրենց շրջապատի նկատմամբ ձեւավորել ճիշտ վերաբերմունք: Սա այնպիսի մեթոդ է, որը եվրոպական եւ այլ զարգացած երկրներում օգտագործվում է: Ցավոք, Երեւանն այստեղ շատ լուրջ խնդիր ունի՝ ռելիեֆի խնդիր կա, որը, իհարկե, լուծվող է ժամանակակից հեծանիվների օգտագործմամբ: Ունենք քաղաքաշինության խնդիր՝ մեր քաղաքը, հատկապես կենտրոնը, ցավոք, բոլոր նորմերը խախտելով՝ այնքան խիտ է կառուցապատված, որ մարդկանց համար արդեն տեղ չկա, էլ ուր մնաց հեծանիվների: Նախանձով եմ դիտում եվրոպական քաղաքների փողոցների հարմարավետությունը, որոնք ունեն երեք ճանապարհ՝ հետիոտնի, հեծանիվների եւ հետո նոր՝ մեքենաների համար: Այս հեծանվարշավը լուրջ ձեռքմեկնում է, ասել է թե հաղորդագրություն՝ մեր քաղաքաշինարարներին, որ պետք է վերջապես ագահությունից անցնել կայուն էկոլոգիական ուղղվածություն ունեցող քաղաքի»:

Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին էլ հույս հայտնեց, որ օրերից մի օր հեծանիվի մշակույթը Հայաստանում եւս կձեւավորվի. «Հույս ունեմ՝ շատ շուտով հասարակությունը ստիպված չի լինի ամեն օր շնչել մեքենաների ծուխը, հեծանիվները կդառնան առօրյայի մի մաս եւ լավագույն փոխադրամիջոց, իսկ այժմ երեւի իսկապես ժամանակն է սկսել գրասենյակներից»:

«Կանաչ» հեծանվարշավը մեկնարկեց Հանրապետության հրապարակից, անցավ Նալբանդյան փողոցով-Սայաթ-Նովայով-Մաշտոցի պողոտայով-Ամիրյանով կրկին դեպի Հրապարակ՝ կատարելով երկու պտույտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031