Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը հերքում է

Հոկտեմբեր 08,2009 00:00

«Առավոտ» օրաթերթի հոկտեմբերի 7-ի համարում «Տեղը չեք բերում՝ ում ավտոն ա» խորագրով տպագրվել են լուսանկարներ, որոնք, ըստ հեղինակ Գ. Շամշյանի՝ կատարվել են օրերս: Դրանց թվում ներկայացվել են նաեւ դատախազության մի քանի ծառայողական ավտոմեքենաներ՝ կայանված Խանջյան փողոցում: Օգտվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ընձեռած իրավունքից՝ տեղեկացնում եմ, որ տվյալ հրապարակման հեղինակը գտնվել է անբարեխիղճ եւ մոլորության մեջ գցել ինչպես «Առավոտ» օրաթերթի խմբագրակազմին, այնպես էլ ընթերցողներին՝ գիտակցաբար տարածելով ոչ ճիշտ տեղեկատվություն՝ կատարված լուսանկարների ճշգրիտ ժամկետների մասին: Մասնավորապես՝ հեղինակը խիստ տարածական է մեկնաբանել «օրերս» ձեւակերպումը եւ «Առավոտ» օրաթերթին որպես նոր լուսանկար հրամցրել ամիսներ առաջ՝ դեռեւս 2009 թվականի մայիսի 17-ին կատարված լուսանկարը, ինչը տպագրվել էր նաեւ մամուլում (Տես՝ «Չորրորդ իշխանություն», 19 մայիսի 2009թ., կցվում է): Լուսանկարները կատարվել են Չեխիայի գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ նրա ընդունելությունն ու այցերը կազմակերպելու ժամանակ (պատվիրակությունը Հայաստանում է գտնվել 2009 թվականի մայիսի 16-20-ը): Համաձայնելով, որ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության կազմակերպումը, առանձնահատկությունները հաշվի առնելով հանդերձ, չի կարող ուղեկցվել երթեւեկության կանոնների խախտմամբ՝ դեռեւս 2009 թվականի մայիսին հանձնարարվել է դատախազության արարողակարգին վերանայել պաշտոնական ընդունելությունների կազմակերպման կարգը:

Դատախազությունը կիսում է լրատվամիջոցների այն մտահոգությունը, որ երթեւեկության կանոնները պետք է հարգեն բոլոր վարորդները եւ հավաստիացնում, որ դատախազության ղեկավարությունը չի խրախուսում դատախազության աշխատակիցների կողմից երթեւեկության կանոնների խախտումը եւ գտնում, որ այդպիսիք արձանագրվելու դեպքում՝ բոլոր կարգազանց վարորդները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել