Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Երեկ տեղի է ունեցել «Կայունություն» հասարակական կազմակերպությունների միավորման համաժողովը, որին ներկա 25-ից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման՝ իշխանությունների նախաձեռնած գործընթացին եւ միաձայն ամրագրել են, որ նախաստորագրված արձանագրությունների ստորագրումը անհրաժեշտություն է: Բայց «Կայունության» ներկայացուցիչները ունեն նաեւ իրենց վերապահումները. սահմանի բացումից շահելու են մի քանի օլիգարխնե՞րը, թե՞ տնտեսությունը, այն, ինչ տեղի ունեցավ Սփյուռքում նախագահի հանդիպումների ժամանակ, ուղղված է հանուն հայրենիի՞ն, թե՞ երկրի ներսում ինչ-ինչ կուսակցական հարցեր լուծելուն կամ Թուրքիայի դիրքի ամրապնդմանը եւ այլն: Հետեւաբար, ի փարատումն սեփական մտահոգությունների եւ ի փառս հայոց պետականության ամրապնդման, զարգացման եւ վերելքի, համաժողովի մասնակիցները առաջարկներ են արել. «Պահանջել ներկայիս վարչապետի հրաժարականը եւ ձեւավորել ամուր կառավարություն, որն ի վիճակի կլինի նպաստել եւ գործնականում ապահովել ոչ օլիգարխիկ տնտեսության գոյությունը, հետեւաբար՝ ուժեղ պետության եւ պետականության տեսլականը»: «Կայունության» խորհրդի անգամ Տիգրան Ուրիխանյանը «Առավոտին» նաեւ տեղեկացրեց, որ իրենց կարծիքով՝ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ նախագահի սփյուռքյան հանդիպումների ժամանակ, պետք է պատասխանատվության ենթարկվեն ՀՀ սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարները: Սակայն եթե առաջինի դեպքում նույնպես հրաժարականի պահանջ է դրված, երկրորդի դեպքում «կայունականները» առայժմ սահմանափակվում են խիստ նախազգուշացմամբ: «Շոշափվեց Անվտանգության խորհրդի հարցը, որը ղեկավարում է մի մարդ, ում նախկին նախագահը անվանեց «դավաճան», նաեւ Հանրային խորհրդի հարցը, որը ղեկավարում է մարդ, ում նախագահը անվանեց «իդյոտ» եւ այլն: Շատ բաներ պետք է փոխել, որպեսզի կարողանալ ստորագրել այդ արձանագրությունները: Մենք, այո, ուզում ենք, բայց պատրաստ չենք»,- ասաց Ուրիխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել