Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱԳԱ՛Հ, ՄԻ՛ ԶԻՋԻՐ»

Հոկտեմբեր 10,2009 00:00

Երեկ վանկարկում էին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ցույցի մասնակիցները

\"\"

Երեկ խիստ կազմակերպված ու առանց միջադեպերի անցավ ՀՅԴ-ի եւ մի շարք այլ կուսակցությունների բողոքի երթն ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Երթը երկու կողմից ձեռքերով շղթա կազմած ուղեկցում էին երիտասարդները:

\"\"

Ոստիկանները, որոնք երեկ իրենց բավական կոռեկտ էին պահում՝ պնդում էին, թե երթին մասնակցում են առավելագույնը 4 հազար մարդ: Մինչդեռ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն «Առավոտին» ասաց. «Շուրջ 50 հազար է՝ հաստա՛տ»:

\"\"

Երթին մասնակցում էին ոչ միայն մարզերից եկած մարդիկ, այլ նաեւ ԼՂՀ-ից ժամանած ցուցարարներ՝ իրենց դրոշով: «Ո՛չ նախապայմաններին». «Ոչ մի զիջում թուրքերին» «Միություն, պայքար, հաղթանակ»՝ այս կարգախոսներն ու պաստառներն էին պարզել նրանք:

\"\"

Ի դեպ, մասնակիցների մեջ կային նաեւ ՀԱԿ-ի անդամներ: Դիցուք, արձանագրեցինք «Հայկական ժամանակ» օրաթերթի մեկնաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի մասնակցությունը:

\"\"

Ծիծեռնակաբերդում հետո տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց արձանագրություններին դեմ բոլոր կուսակցություններին եւ առաջին հերթին՝ ՀԱԿ-ին, միանալ այս ճակատին: Նույն կոչն արեց նաեւ Արմեն Ռուստամյանը:

\"\"

Մինչ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ընդունում էր ցուցարարների պահանջը՝ նրա կողքին պարզվել էին այլ կարգախոսներ. «Սերժ Սարգսյան, դու ընտրված նախագահ չես», «Թալեաթ, Ջեմալ, Էնվեր հավասար է Սերժ Սարգսյան»: Պարզվեց, որ դրանք «Հայ կամավորականների համախմբման» պաստառներն էին:

\"\"

Ծիծեռնակաբերդում հանրահավաքին միացավ նաեւ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հույս հայտնեց, թե մինչեւ արձանագրությունների ստորագրումը դեռ ինչ-որ բան կփոխվի. «Բայց եթե դա տեղի չունենա՝ մեր ազգային օրակարգը ձեւավորվելու է հրապարակներում»:

\"\"

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ արձանագրությունները ստորագրելու դեպքում իրենք պահանջելու են ոչ միայն նախագահի հրաժարականը. «Մենք ուզում ենք ամբողջ սիստե՛մը փոխել՝ կառավարությունով, Ազգային ժողովով եւ նախագահով: Եվ եթե ժողովրդի ձայնը չլսվեց՝ մենք չենք դնելու պարզունակ հրաժարականի խնդիր: Մենք դնելու ենք ամբողջակա՛ն իշխանափոխության խնդիր»: Բողոքի հաջորդ ցույցը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել