Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ՊԱՀԱՆՋԱԳԻՐԸ

Հոկտեմբեր 10,2009 00:00

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ Կարեն Կարապետյանի միջոցով ՀՀ նախագահին փոխանցեց հետեւյալ դիմում-պահանջը. «Մենք՝ 2009թ. հոկտեմբերի 9-ի բազմահազարանոց բողոքի երթի մասնակիցներս, կարծում ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը շեղվել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու ուղեգծից: Նախաստորագրված արձանագրություններում առկա են մեր պետության եւ ժողովրդի համար խիստ վտանգավոր դրույթներ, որոնք սպառնալիք են մեր ազգային, պետական շահերին եւ միասնությանը:

Ներքաղաքական քննարկումների համար սահմանված 6 շաբաթն ապացուցեց, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, դեմ է այս տեսքով փաստաթղթերի ստորագրմանը: Միայն մեկ վայրում՝ Հանրապետության հրապարակում, ստորագրահավաքին միացել են 50 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ: 12 կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Փաստաթղթերին բացասաբար են արձագանքել 60-ից ավելի հ/կ-ներ: Եվ սա այն դեպքում, երբ երկրում գործող հեռուստաընկերությունները, մասնակի բացառությամբ, արձանագրություններին դեմ արտահայտվողներին փաստացի զրկել էին մարդկանց բացատրելու, իրազեկելու հնարավորությունից:

Դեմ չլինելով առանց նախապայմանների սահմանը բացելու եւ հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը՝ մենք վճռական «ոչ» ենք ասում սերունդների իրավունքը ոտնահարող, մեր պետության եւ ժողովրդի անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող այս արձանագրություններին եւ Ձեզանից պահանջում ենք չստորագրել դրանք: Հակառակ պարագայում Դուք եք պատասխանատու լինելու այս գործընթացի անկանխատեսելի հետեւանքների համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել