Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՎԵՐՆ ԱՎԵԼԻ ՁԵՌՆՏՈՒ Է, ՔԱՆ՝ ԲՈՆՈՒՍ ՏԱԼԸ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Կառավարությունը որոշեց, որ իր համար գործարարների բիզնեսի ստվերն ավելի ձեռնտու է, քան մի քանի տատիկ-պապիկի 2000 դրամ տալը:

Երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջապես պաշտոնական մակարդակով բացահայտեց մեր երկրի վարած իրական հարկային քաղաքականությունը: Այն է՝ ամեն ինչ անել, որպեսզի տնտեսության մեջ առկա ստվերը չկրճատվի եւ որոշ հայտնի գործարարների տեղը՝ հանուն պետբյուջեն լցնելու, չնեղանա: Դա ակնհայտ դարձավ վարչապետի հատկապես այն հայտարարությունից հետո, որը վերաբերում է ՀԴՄ պարգեւավճարների համակարգը, այսպես ասած՝ «կատարելագործելուն»:

Ինչպես հայտնի է, երեկ վարչապետը, խոսելով ՀԴՄ չշահած կտրոններով բոնուս ստանալու մեր քաղաքացիների անհարմարություններից ու քաշքշուկներից, հայտարարել է, որ այլեւս մեր ժողովուրդը նման խնդիրներ չի ունենա: Այդ պրոբլեմը վերին մակարդակներում քննարկվել է ու որոշվել բոնուսների տրամադրման ամբողջ կարգը փոխել: Ըստ այդմ, եթե նախկինում մարդիկ 100 հազար դրամ գնումով 50 կտրոն էին ներկայացնում հարկային տեսչություն ու դրա դիմաց ստանում 2500 դրամ բոնուս, հաջորդ տարվա հունվարի 1-ից նույնքան կտրոնի համար կստանան ընդամենը 1000 դրամ, քանի որ, նոր կարգով կառավարությունը որոշել է, անկախ կտրոնների քանակից, բոնուս տրամադրել կատարված գնումների արժեքի 1%-ի չափով։ Այսինքն, եթե մարդը 600 հազար դրամի գնում է կատարել ու դրա դիմաց պետք է ստանար 20 հազար դրամ բոնուս, հիմա կստանա ընդամենը 6000 դրամ: Ընդ որում, ամեն տնտեսվարողի տրամադրած ՀԴՄ կտրոնը չէ, որ կարող է բոնուսի մասնակցել: Օրինակ, հաստատագրված վճարով հարկվող բիզնեսներից, կապի եւ կրթության ոլորտներից վերցրած կտրոնների դիմաց այլեւս քաղաքացիներին բոնուս չեն տալու: Փաստորեն, մարդիկ միայն հաց ու պանիր գնելու համար կարող են կտրոն պահանջել ու պարգեւավճար ստանալ: Այդպիսով, կառավարության տված մի քանի լումայի համար մարդիկ, բնականաբար, 3 ամիս շարունակ կտրոն չեն հավաքի, հետեւաբար հարկային տեսչությունում հերթեր չեն գոյանա եւ բոնուս տրամադրելու քաշքշուկների հարցն էլ՝ լուծված կլինի: Ավելին, Տիգրան Սարգսյանն իր կողմից կառավարության նիստում առաջարկեց եւ այս՝ 4-րդ եռամսյակի ընթացքում ընդհանրապես բոնուսներ չտրամադրել, իր «համարձակ որոշումը» մեկնաբանելով այսպես. «Պետեկամուտների կոմիտեի հետ դեռ պիտի հասկանանք՝ ինչն ինչոց է, բոլոր թերությունները վերացնենք, նոր մեր քաղաքացիներին սպասարկենք»:

Վարչապետի այդ որոշման մեջ ամենաուշագրավն այն է, որ նախորդ ամիս, ամփոփելով ՀԴՄ կտրոնների վիճակահանության եւ տրամադրված բոնուսների արդյունքները, Պետեկամուտների կոմիտեն «Առավոտին» վստահեցրել էր, որ այդ բոնուսները հսկայական մուտքեր են ապահովում բյուջեի համար, որ իրենց քրտնաջան աշխատանքն արդյունք է տվել եւ բոնուսներից հետո ստվերից հանել են հարյուրավոր տնտեսվարողների. «Բոլոր կազմակերպությունների ֆիսկալային շրջանառությունները, նախորդ տարվա համեմատությամբ, մոտ 40 միլիարդ դրամով ավելացել են եւ 5 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ է գանձվել բյուջե»։ Իսկ երեկվա նիստում, փաստորեն, վարչապետը անուղղակի հայտարարեց՝ սիրելի՛ սպառողներ, ջանք մի՛ թափեք եւ խանութներից ձեր գնումների դիմաց մի՛ պահանջեք ՀԴՄ կտրոններ, քանի որ դրանց դիմաց այնքան ծիծաղելի գումար ենք տալու, որ նույնիսկ ձեր ճանապարհածախսը չեք փակելու: Իշխանությունները հաշվարկել ու տեսել են, որ 5 մլրդ դրամով պետբյուջեն լցնելու համար չարժե գործարարների աչքին վատամարդ լինել:

Վարչապետն իր որոշումը հիմնավորել էր՝ պատճառաբանելով, որ «մեր տաղանդաշատ ժողովրդի ներկայացուցիչները բազմաթիվ հնարքներ են հորինել, թե ինչպես շրջանցել օրենքը եւ պետությունից փողեր փախցնել։ Շատ դեպքեր կան, որ 10 վայրկյանի ընթացքում ՀԴՄ 7 հատ կտրոն է խփվում՝ ամեն մեկը 1 մլն դրամի, որպեսզի հետագայում պետությունից բոնուս ստանա», բացի այդ, ըստ վարչապետի, շատ հիմնարկներում աշխատավարձի փոխարեն ՀԴՄ կտրոններ են բաժանել: Այս խախտումներն արձանագրել է վարչապետի վերահսկողական ծառայությունը։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ ՀԴՄ կտրոնների խաղարկությունից ու բոնուսներից որոշ մարդիկ լավ օգուտ քաղեցին, բայց հարցն այն է, թե ինչո՞ւ պետք է կտրոն հավաքող մեր տատիկ-պապիկները տուժեն անօրեն գործարարների պատճառով: Կոմիտեն շատ հանգիստ կարող է գտնել օրինազանց բիզնեսմեններին ու պատժի ենթարկել նրանց, ոչ թե կասեցնել բոնուսների տրամադրումը եւ քաղաքացիներին պարտադրել արդեն հավաքած կտրոնները աղբարկղը նետել:

«Առավոտը» կառավարությունից եւ Պետեկամուտների կոմիտեից խնդրեց տրամադրել այն օրինախախտ գործարարների տվյալները, որոնք 10 վայրկյանում հասցրել են 1 մլն դրամանոց 7 կտրոն խփել: 2 գերատեսչություններից էլ խոստացան հաջորդ շաբաթ պատասխանել «Առավոտին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել