Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը խոստացել է «ինվեստորներին» «պատին դեմ տալ»

Հոկտեմբեր 10,2009 00:00

Արդեն 3 ու կես ամիս է անցել հանրապետության նախագահի նստավայրում օտարման գոտու բնակիչների կազմակերպած ակցիայից: Չնայած նրանց հավաստիացրել էին, որ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կզբաղվի մոտ 32 անտուն մնացած կամ փոխհատուցման գումարից դժգոհ բնակիչների հարցով, սակայն մինչ այժմ նրանցից ոչ մեկի խնդիրն էլ լուծում չի ստացել: «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը մեր թերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ երբ քաղաքապետարանի մոտ անցկացված ակցիայի ժամանակ իրենց ներկայացուցիչներին ընդունել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, բնակիչների խնդիրներին տեղեկանալու փոխարեն՝ սկսել է դատապարտել նրանց մամուլում տպագրված այն հայտարարությունների համար, որ օտարման գոտու բնակիչների վիճակի համար պատասխանատու է նաեւ ինքը:

(«Առավոտ», 06.03.2009, «Էս գործում Բեգլարյանի մատն էլ է խառը»): Ըստ Վ. Հակոբյանի՝ Գ. Բեգլարյանը այդ հայտարարությունների համար մեղադրել է իրեն եւ բնակիչներին ասել, որ նրանց հարցով չի զբաղվի այնքան ժամանակ, մինչեւ չփոխեն կազմակերպության ղեկավարին, այսինքն՝ իրեն. «Քաղաքապետի հետ 3 հանդիպում եմ ունեցել: 3-րդ հանդիպման ժամանակ նա էլի նույնը պնդեց ինձ փոխելու վերաբերյալ՝ խախտելով իմ կազմակերպության սահմանադրական իրավունքները: Դա նույն բանն է, որ դատի ժամանակ դատավորը ասի՝ մինչեւ դատապաշտպանիդ չփոխես՝ դատ չեմ անելու: Հ/կ-ի ղեկավարին կարող են փոխել միայն հիմնադիրները, իսկ ինքը նման իրավասություն չունի: Ասեմ նաեւ, որ Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ ինքը պատասխանատու չէ նախկին քաղաքապետի կամ թաղապետի համար: Ի պատասխան իմ այն հարցին, որ 2004-ին հենց ինքն է եղել Կենտրոն համայնքի թաղապետը, եւ ապօրինությունների մեծ մասն էլ կատարվել է հենց այդ համայնքում, նա ասաց, որ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը իր ձեռքից վերցրել էր այդ արտոնությունները եւ ինքը դրանով զբաղվելու իրավունք չուներ»: Վ. Հակոբյանին խիստ վրդովեցրել էր նաեւ այն, որ քաղաքապետարանի ԾԻԳ-ի նորանշանակ պետ Լեւոն Հակոբյանը փորձում է պառակտել ցուցարարների շարքերը. «Նա հայտարարում է, որ մեր բնակիչներից ոմանք արդեն ստացել են փոխհատուցման գումարները, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Նա ուզում է պարզապես մարդկանց լարել իրար հանդեպ, որպեսզի կորցնեն վստահությունը իրար նկատմամբ ու դադարեցնեն ցույցերը: Արդեն մի շաբաթ է՝ գնում եմ նրա մոտ, որ պատիվ պահանջեմ, բայց նա ինձ չի ընդունում»:

Ըստ Վ. Հակոբյանի, Գ. Բեգլարյանը իրենց խոստացել է ներդրողներին «պատին դեմ տալ», նրանցից փող վերցնել ու որպես բռնագրավված բնակարանի փոխհատուցում՝ տալ իրենց, բայց մինչ այսօր ձայն-ծպտուն չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել