Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴԻՆ ՁԵՌՔ ՉԵՆ ՄԵԿՆՈՒՄ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Հարավ-արեւմտյան Ա-2 թաղամասի Օհանովի 15 շենքի բնակիչ Կարեն Գեւորգյանի ընտանիքը սոցիալապես անապահով է, սակայն սոցիալական նպաստ չի ստանում: Եվ քանի որ ընտանիքը ընդգրկված չէ «Փարոս» համակարգում, հետեւաբար ընտանիքի անդամները չեն կարողանում պետպատվերի շրջանակում բուժսպասարկում ստանալ: Կ. Գեւորգյանի հայրը մի քանի ամիս առաջ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել. ընտանիքը մի կերպ գումար է հավաքել ու բուժման առաջին փուլը հաղթահարել, սակայն, Կ. Գեւորգյանի խոսքերով, այժմ էլ հոր սիրտը վիրահատելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը մեծ գումարների հետ է կապված: Մոտ 2 միլիոն դրամ է հարկավոր, որպեսզի ընտանիքի անդամները հիվանդի կյանքը փրկեն: Նրանք գումարի մի մասը հայթայթել են, սակայն մնացածի բացակայության պատճառով վիրահատությունը հետաձգվում է, ինչն ավելի է բարդացնում հիվանդի վիճակը: Մեզ հետ զրույցում Կ. Գեւորգյանը պատմեց, որ ինքն այդ հարցով դիմել է Ազգային ժողով, նախագահի գրասենյակ, տարածքի պատգամավորին, տասնյակ գործարարների, Առաջին տիկնոջը, սակայն որեւէ մեկը չի արձագանքել. «Մեր երկրի իշխանությունները միայն խոսում են, թե ժողովրդի կողքին ենք, սակայն այս երկրում մարդը արժեք չունի: Հորս հիվանդության պատմության բոլոր փաստաթղթերը կցել էի դիմումիս, որպեսզի հավաստի լիներ խնդրանքս, սակայն ոչ ոք ձեռք չմեկնեց»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել