Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 10,2009 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԿՐԱԿԵՑ

Հոկտեմբերի 6-ին Երեւանի մսի կոմբինատի տնօրեն Ռազմիկ Դարբինյանը կրակել էր BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս եկած քաղաքացու վրա: Թե ինչու էր կրակել, մանրամասները՝ «Առավոտի» հաջորդ համարում:

ԿԱԽՎԵԼ Է

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 20 շենքի տանիքում հայտնաբերվել է 48-րդ բնակարանի բնակիչ՝ 19-ամյա Հայկ Անդրեասյանի դին:

ՄԱՀԵՐ՝ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Երեւանի Նոր Նորքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի թիվ 14/3 հասցեում գտնվող «Մերսեդես» խանութ-սրահին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են «Պորշ Կայեն» մակնիշի 54 ՍՍ 555, «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 28 13, «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 28 15, «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2820 եւ «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2795 պետհամարանիշների ավտոմեքենաները:

«Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ` Գայի պողոտայի 5-րդ շենքի թիվ 6 բնակարանի բնակիչ՝ 30-ամյա Վահե Դավթյանը եւ ուղեւոր` Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 54 տան բնակչուհի՝ 20-ամյա Մարինե Կարապետյանը, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փրկարարների ուժերով «Մերի» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2795 պետհամարանիշի ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ Վարդգես Պետրոսյանի եւ ուղեւոր, դեռեւս անձը չպարզված տղամարդու դիակները:

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՔԿՀ ՊԵՏԻՆ

«Առավոտի» տեղեկություններով, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Էդիկ Ավետիսյանի վարույթում է գտնվում արդարադատության նախարարության «Գորիս» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Այվազյանի («Մանախ» մականունով) հայցադիմումը՝ ընդդեմ ՔԿՀ պետ Աշոտ Գիզիրյանի եւ գլխավոր դատախազի:

14 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Այվազյանը դիմել է վերջիններին, որպեսզի իրեն տեղափոխեն կիսաբաց ռեժիմի պատժավայր: Նրա գտնում է, որ իրեն ապօրինի են փակում փակ ռեժիմի պատժավայրում: Դատապարտյալը ստիպված է եղել դիմել ՔԿՀ տեղաբաշխման հանձնաժողովին:

Արթուր Այվազյանը հոկտեմբերի 5-ից հրաժարվել է ՔԿՀ բուժծառայությունից: Չնայած հոկտեմբերի 7-ին նրան տեղափոխեցին Գյումրու քաղաքացիական հիվանդանոց՝ ոտքերի ուժեղ ցավի համար: Այնտեղ նրան ուղեգիր են տվել Երեւանի ուռուցքաբանության ինստիտուտում հետազոտվելու համար: Կասկած կա, որ դատապարտյալը տառապում է չարորակ ուռուցքով, ինչը նա ձեռք է բերել կալանավայրում ծեծի հետեւանքով: Անդրանիկ դատական նիստին դատապարտյալին դատարան չեն տեղափոխել:

Նշենք նաեւ, որ օրեր առաջ այս դատապարտյալը հաղթել էր ՔԿՀ շախմատի առաջնությունում, եւ նրան պետք է խրախուսեին: Անգամ շատ են համարել ոչ միայն 10 օրով արտահերթ արձակուրդը, այլեւ որեւէ խրախուսանք տալը:

ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Օշական գյուղի բնակիչներ` 77-ամյա Հռիփսիմե Հարությունյանը, 10-ամյա Լաուրա եւ 2-ամյա Հրաչ Մնացականյանները, որոնք ավելի ուշ տեղափոխվել են Երեւանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել