Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիգարխը» զբաղված է տներ խլելո՞վ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Բաց նամակ ՀՀ նախագահին

Մեծարգո նախագահ, պարոն Սերժ Սարգսյան, իմ դիմում-բողոքներով ես բազմիցս անհանգստացրել եմ Ձեզ՝ մտածելով, որ որպես ՀՀ նախագահ, Ձեր կողմից կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ մղված հսկայածավալ պայքարով կարող եք դրական լուծում տալ նաեւ իմ եւ իմ ընտանիքի չափահաս եւ անչափահաս անձանց դեմ կատարված ոտնձգություններին, խաբեություններին: Սակայն հույսերս չիրականացան, քանի որ այն անձինք, որոնց դեմ ես բողոքարկում եմ՝ «օլիգարխներ են», զբաղվում են տներ հավաքելով, մարդկանց խաբելով եւ մոլորության մեջ գցելով, փողատեր են եւ ունեն «հեղինակություն», որի մասին վկայում է այն փաստը, որ նրանք փողի ուժով կարողացան բոլոր դատական ատյանները գնել՝ սկսած առաջին ատյանի դատարանից (Սեւանի դատավոր՝ Կ. Բաղդասարյան), վերաքննիչ, վճռաբեկ, մինչեւ իսկ դատախազություն եւ քննչական մարմիններ:

Խոսքս Կոտայքի մարզի Աբովյանի «Արմեն-Համիկ եղբայներ» ՀՁ ՍՊԸ -ի տնօրեն Արթուր Անդրեասյանի (անձնագրային անունը՝ Մարտիկ) եւ նրա աշխատակից, Աբովյան քաղաքի Մայակովսկի գյուղի բնակիչ Կառլեն Խաչատրյանի մասին է, որոնք խաբեությամբ, զենքի սպառնալիքի ազդեցության տակ (այդ մասին հայտարարել եմ բազմիցս դատաքննության ժամանակ, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ վարչություն ուղղված դիմումում) մոլորության եւ ահաբեկության մեջ գցելով ամուսնուս՝ Գյումրիի բնակիչ Լյովա Մանուկյանին, մեր իսկ ուժերով կառուցած բնակարանը խլում են մեր ձեռքից՝ կեղծելով բազմաթիվ փաստաթղթեր եւ թույլ չտալով անգամ գրանցվենք մեր իսկ կառուցած բնակարանում, որը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում, եւ որին երազել էինք 15 երկար ու ձիգ տարիներ, քանի որ մինչ այդ ապրում էինք տնակային ցուրտ ու խոնավ պայմաններում: Ճիշտ է՝ ամուսինս ուներ որոշակի գումարի պարտք «Արմեն-Համիկ եղբայներ» ՀՁ ՍՊԸ-ի տնօրեն Մարտիկ Անդրեասյանին, որի ֆիրմայում շուրջ տասը տարի աշխատել է որպես առաքիչ՝ Շիրակի մարզում եւ Գյումրիում ցրելով ֆիրմայի «Օրիգինալ» սուրճը (որտեղից էլ գոյացել է պարտքը), սակայն Մ. Անդրեասյանը դատական ատյաններում ժխտել է ամուսնուս առաքիչ լինելու փաստը, որ իբր իր մոտ չի աշխատել եւ միաժամանակ հրաժարվել է դատարանին գրավոր փաստաթուղթ տալ այն մասին, որ ամուսինս իրեն պարտք չէ, եւ եթե ուզում է՝ թող տա: Այ քեզ հրաշք, չլսված բան, երեւի թե խուսափում է հարկային դաշտից, որ մի օր իր կեղծիքը կբացահայտվի:

Ի դեպ, Մարտիկ Անդրեասյանն ասում է, որ Լյովա Մանուկյանը պարտք է իր աշխատակցին՝ Կ. Խաչատրյանին, որի անունով էլ դարձրել է ինչպես մեր եռահարկ տուն-խանութը, այնպես էլ Վանաձորի Կամոյի 8ա եւ 8բ տները եւ արտադրամասը, որի բնակիչ Արմեն Հովհաննիսյանը եւս առաքիչ է աշխատել նույն ֆիրմայում, բացի այդ՝ իր անունով է դարձրել նաեւ Գյումրի քաղաքի Ղուկասյան փող. թիվ 111 տունը, որի բնակիչը եւս աշխատել է Մ. Անդրեասյանի մոտ որպես առաքիչ: Ամուսնուս կրճատելուց եւ տունը դարձյալ Կ. Խաչատրյանի անունով դարձնելուց հետո (ի դեպ, ասեմ, որ միաժամանակ տվել էր «Գազել» մակնիշի մեքենա, որի համար ունեինք վարորդ, կա փաստաթուղթ) մենք դատարաններում չկարողացանք բացահայտել, որ եթե ամուսինս Կ. Խաչատրյանի հետ ընդհանրապես չի առնչվել եւ գումարային որեւէ պարտք չունի, ինչպես կարող է 300 000 դոլար արժողությամբ տունը եւ խանութը վաճառել իրեն:

Դիմեցի իրավասու մարմիններին՝ քրեական գործ հարուցելու, կեղծիքը բացահայտելու համար, սակայն այստեղ եւս ի հայտ եկան Աբովյանի «ընկեր» քննիչները եւ դատախազը, քանի որ ժամանակի ընթացքում Մ. Անդրեասյանը եւ Կ. Խաչատրյանը աշխատել են Աբովյանի քննչական բաժնում:

Երբ ես փաստաբանի գրությամբ դիմեցի ՀՀ ոստիկանություն՝ ճշտելու տվյալ անձանց աշխատանքի բնույթը, քրեական բաժնից պաշտոնական պատասխան եկավ, որ ստացել են հարցումը, բայց, ցավոք, չբարեհաճեցին հարցմանը պատասխանել, դա երեւի իրենց ձեռք չէր տալիս, այստեղ էլ երեւի Մ. Անդրեասյանի «երկար ձեռքերը» հասել էին: Իսկ Աբովյանի քննիչ Մ. Կիրակոսյանը եւ դատախազը, առանց ինձնից բացատրություն վերցնելու, քրեական գործը կասեցրել են:

Մի՞թե մեր «ազատ, անկախ» Հայաստանում չենք կարողանում մեր իսկ շահերը պաշտպանել, ո՞ւր մնաց ազատ-անկախ լինելը, եթե փաստաթղթեր կեղծելով մարդկանց բնակարանները ձեռքներից խլում են, իսկ իրավապահներն աչքերը պինդ փակում են: Սա՞ է պայքարը կոռուպցիայի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել