Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մարդ եմ»

Հոկտեմբեր 10,2009 00:00 Share

Մարդու իրավունքների եւ խաղաղության հարավկովկասյան 3-րդ կինոփառատոնը Հայաստանում է

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-11-ը Երեւանում կանցկացվի «Ես մարդ եմ» հարավկովկասյան երրորդ կինոփառատոնի երեւանյան ծրագիրը:

«Ես մարդ եմ»-ը բացառիկ փառատոն է՝ անիվների վրա, որի շրջանակներում Հարավային Կովկասի տարբեր քաղաքներում եւ գյուղերում ցուցադրվում են վավերագրական ֆիլմեր համերաշխության, մարդու իրավունքների եւ հակամարտությունների արդյունքների թեմաներով: Երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին կինոփառատոնի երեւանյան ծրագրի կազմակերպիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը հայտնեց, որ ֆիլմերի դիտում-քննարկումները կանցկացվեն ԵՊՀ-ի 8-րդ մասնաշենքում, որին կմասնակցեն նաեւ հոգեբաններ, սոցիոլոգներ, քաղաքագետներ:

Փառատոնի հարավկովկասյան ծրագրի կազմակերպիչ, Չեխիայից ժամանած Հելենա Զայցովայի խոսքով, «Ես մարդ եմ»-ը դասական կինոփառատոնի արժեք ունի. «Պատահական չէ, որ այս փառատոնի համակարգողն եմ, քանի որ շուրջ 9 տարի եղել եմ վավերագրական փառատոնի տնօրեն, որը կոչվում է «One World»: Վերջինս այսօր անցկացվում է ոչ միայն Պրահայում, այլեւ Չեխիայի 30 քաղաքներում: Ամեն տարի փառատոնին մասնակցում է շուրջ 100 000 հանդիսատես: Սկզբնական շրջանում, երբ նոր էինք սկսել, փառատոնը հավաքեց 2000-3000 հանդիսատես: 10 տարիների քրտնաջան աշխատանքների արդյունքում մեծ փորձ կուտակվեց մարդու իրավունքների թեմայով վավերագրական ֆիլմերի ասպարեզում եւ ցանկություն առաջացավ այդ փորձով նաեւ կիսվել հարավկովկասյան պետությունների հետ: Այդ ժամանակ ստեղծվեց նոր ժանր՝ մարդու իրավունքների մասին վավերագրական ֆիլմերը: Փառատոնի նպատակը եղավ ցուցադրել ֆիլմեր, որոնք անդրադառնում են մարդուն հուզող թեմաներին, այնպիսի իրավիճակներին, որոնցում մարդիկ հաճախ հայտնվում են:Տեղեկանալով «Ես մարդ եմ» փառատոնի մասին, հարավկովկասյան պետություններից մեծ մասը ցանկություն հայտնեց իր երկրում եւս նախաձեռնել նմանատիպ փառատոն՝ օգտագործելով «One World»-ի փորձը: Այն, ինչ կարողացել ենք անել՝ գովելի է, քանի որ ես չեմ հիշում այնպիսի դեպք, որ հնարավոր լինի տարբեր պետությունների՝ մեկ գաղափարի շուրջ համախմբել»: Վրացի լրագրող Իրակլի Չիխլաձեի խոսքով, «Ես մարդ եմ» փառատոնը ամենաքիչ նախագծերից է, որը վիրտուալ համախմբում է ողջ հարավկովկասյան տարածաշրջանը: Իհարկե, փառատոնի անվանումը խոսուն է, բայց ես բազմիցս կազմակերպիչներին առաջարկել եմ նաեւ հարցական նշան օգտագործել՝ «Ես մա՞րդ եմ», որպեսզի ամեն կարդացող մի պահ մտածի, թե որքանո՞վ է ինքը մարդ այսպիսի դժվար տարածաշրջանում: Փառատոնը յուրահատուկ է նաեւ իր ֆիլմերով, որոնք վերհանում են այնպիսի համամարդկային խնդիրներ, ինչպիսիք առկա են մեր տարածաշրջանում: Բոլորս կարծում ենք, որ շատ տարբեր ենք… Լինելով Հայաստանի, Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի, Ադրբեջանի տարբեր փառատոներին, տեսնելով մարդկանց հայացքները, հետեւելով նրանց ռեակցիաներին, քննարկումներին, մտածելակերպերին, հասկացել եմ՝ մենք ավելի մոտ ենք իրար, քան մեզ դա թվում է, քան գիտակցում ենք: Ինձ թվում է՝ այս փառատոնը կօգնի մեզնից հետո եկող սերունդներին՝ հասկանալ դա եւ ապրել խաղաղ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել