Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐԸ» ԿԲԱՑՎԻ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Երկուշաբթի օրը Վանաձորում կկայանա «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի բացումը: Վերջինս իր տանիքի տակ կհամախմբի 50 երեխաների: Գործունեության առաջին տարվա անհրաժեշտ ֆինանսավորումը Վանաձորի «Օրրանին» կտրամադրեն Բաց հասարակության ինստիտուտը եւ «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերությունը: Վանաձորի «Օրրանը» կընդօրինակի Երեւանի «Օրրանի» մոդելը (հիմնադիրներ՝ Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյաններ), որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում օգնել է հարյուրավոր ընտանիքների: Երեխաները խնամքի կենտրոն կհաճախեն անմիջապես դպրոցից հետո: Ըստ կարիքի՝ նրանց կտրվի նաեւ ճանապարհածախս: Շաբաթական 6 օր «Օրրանը» շահառուներին կտրամադրի սնունդ, իսկ «Օրրանի» աշխատակազմի եւ կամավորների օգնությամբ երեխաները կկատարեն տնային աշխատանքներ եւ ուսուցողական ծրագրեր: Նրանք կմասնակցեն տարբեր խմբակների` փայտագործության, մաքրամեի, ասեղնագործության եւ կավագործության:

«Օրրանը» շահառու երեխաներին կտրամադրի հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ եւ բոլոր պարագաները, որոնք անհրաժեշտ կլինեն դպրոց հաճախելիս: Ազատ ժամերին երեխաների համար կկազմակերպվեն միջոցառումներ. այցելություններ՝ թատրոն, թանգարաններ, պատմական հուշարձաններ եւ այլն: Մասնաճյուղի պրոֆեսիոնալ անձնակազմի կողմից երեխաները կստանան նաեւ բժշկական եւ հոգեբանական ծառայություններ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել