Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՍՊԱՆԻԱ ՄՐՑԱՎԵՃՆ Է

Հոկտեմբեր 10,2009 00:00

Այսօր երեկոյան հայ ֆուտբոլասերների համար իսկական տոն է. մեր ազգային հավաքականն ընդունելու է Իսպանիայի թիմին:

\"\"
Վիսենտե դել Բոսկե

\"\"
Վարդան Մինասյան

Ցավոք, մարզական լուրջ խնդիրներ մենք մեր առջեւ դնել ի զորու չենք, փոխարենը՝ «Հանրապետականում» ներկա գտնվողները հնարավորություն կունենան 90 րոպեների ընթացքում հետեւել յուրօրինակ «մաստեր-կլասի»՝ Եվրոպայի գործող չեմպիոնների կատարմամբ: Իսկ լրագրողների համար «մաստեր-կլասը» մեկնարկել էր դեռ երեկ, երբ նախախաղյա մամուլի ասուլիսներով հանդես եկան մրցակից հավաքականների գլխավոր մարզիչները՝ Վարդան Մինասյանն ու Վիսենտե դել Բոսկեն: Ի դեպ, այս դեպքում էլ պատկերը ակնկալվող ֆուտբոլայինին համարժեք էր:

Վարդան Մինասյանի տեսանկյունից առաջիկա խաղի կարեւորությունը հետեւյալում է. «Ամեն անգամ չէ, որ Եվրոպայի չեմպիոնների դեմ խաղալու հնարավորություն է ընձեռվում: Տղաների համար հետաքրքիր է, նրանց կյանքում նման խաղ միգուցե այլեւս չլինի»:

«Ռեժինե» հյուրանոցի ասուլիսների սրահում Վարդան Մինասյանը խոսեց թիմի ֆունկցիոնալ վիճակից՝ փաստելով, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է խաղին: Սակայն նա նշեց նաեւ, որ մեր ընտրանին այսօր մի շարք կադրային կորուստների առջեւ է կանգնել: Առաջին հերթին խոսքը վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի որակազրկմանը, Էդգար Մանուչարյանի վնասվածքին: Խնդիրներ կան նաեւ «Մետալուրգի» կազմում Մխիթարյանի խաղընկեր Արարատ Առաքելյանի հետ: Ինչպես փաստեց մարզիչը՝ Արարատ Առաքելյանը խաղային փորձի պակաս ունի եւ վերջին շրջանում անգամ չի ընդգրկվում հանդիպմանը հայտավորված 18 ֆուտբոլիստների ցուցակում, բայց Մինասյանը հույս է դրել վերջինիս «փորձառության» վրա:

Խոսելով թիմի մեկնարկային կազմի մասին՝ Մինասյանը միայն նշեց. «Խաղալու ենք դարպասապահով, 4 պաշտպաններով, երկու եզրային կիսապաշտպաններով ու հարձակվողով, իսկ մնացածի մասին դեռ մտածում եմ»: Մարզիչը խաղից առաջ կարեւորեց բելգիացիների նկատմամբ տոնած մերոնց միակ հաղթանակը, որը պիտի խթանի ու ոգեւորի մեր ֆուտբոլիստներին, որոնք, ի դեպ, ըստ Մինասյանի, խաղալու են երկրորդ համարով. «Հարմարվելու են իսպանացիներին, քանի որ նրանք են խաղը թելադրելու», սակայն դա չի բացառում ագրեսիվ ֆուտբոլի ցուցադրումը մեր տղաների կողմից:

Իսկ ահա Վիսենտե դել Բոսկեն իր ասուլիսում թիմի կազմին կամ թե մարտավարությանը վերաբերող որեւէ «բացահայտում» չարեց՝ նշելով ու հիշեցնելով միայն, որ իր համար կարեւոր են ոչ թե ֆուտբոլիստների անունները, այլ թիմի խաղային ոճը, միասնականությունը: «Մենք երբեք չենք թերագնահատում մեր մրցակիցներին եւ հարգում ենք նրանց»,- հայտարարեց դել Բոսկեն՝ նշելով, որ լուրջ է վերաբերվում իր թիմի բոլոր հանդիպումներին՝ անկախ ուղեգիրը նվաճելու փաստից: Միաժամանակ, մարզիչը նաեւ փաստեց, որ իր թիմը Երեւան է ժամանել 24 ֆուտբոլիստով, եւ չի բացառվում, որ առաջիկա երկու խաղերի ընթացքում ֆուտբոլասերը երկու տարբեր կազմ տեսնի խաղադաշտում: Ի դեպ, մինչ Բոսնիա մեկնելը իսպանացիները երկու մարզում են անցկացնելու Երեւանում եւ մեկնելու են հաջորդ մրցատեղի միայն հոկտեմբերի 13-ին: Լրագրողների հարցին, թե աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալուն Բոսնիայի ընտրանի՞ն է առավել արժանի, թե՞ Թուրքիայի թիմը, մարզիչը դիվանագիտորեն պատասխանեց. «Բոսնիայի հնարավորությունները շատ ավելին են, սակայն նրանց դժվարին հանդիպում է սպասվում: Իսկ թուրքերն էլ աչքի են ընկնում պայքարի ջիղով, ուստի՝ հնարավորությունները հավասար են»:

Սա այն ամենն էր, ինչ վերաբերում էր այսօրվա խաղին եւ մեր ընտրական խմբին: Սակայն մեր լրագրողներից ոմանց առավել հետաքրքրում էր Ռուսաստան-Գերմանիա հանդիպումը, որը նրանք տուրի կենտրոնական խաղ էին համարում: Ուստի՝ երկու մարզիչներն էլ ստիպված եղան անդրադառնալ նաեւ այդ մրցավեճին: Եվ եթե Վարդան Մինասյանը լրջորեն պատասխանեց հարցին՝ նշելով, որ Ռուսաստանն այսօր իր կազմով Գերմանիայից հզոր է, ապա դել Բոսկեն խորը հոգոց հանեց՝ հարցը լսելով: Իսկ երբ տեղեկացավ հարցադրման մոտիվացիային, շատ կոնկրետ պատասխանեց. «Կան նաեւ ավելի կարեւոր խաղեր: Չէ՞ որ, օրինակ, Արգենտինան եւ Պորտուգալիան կարող են դուրս մնալ եզրափակիչ փուլից: Իսկ ինձ համար ամենակարեւորը Հայաստան-Իսպանիա մրցավեճն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել