Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խարխլվում են ընտանեկան հիմքերը

Հոկտեմբեր 10,2009 00:00

Անգլիկան եկեղեցու առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ Ստաֆորդի եպիսկոպոս Գորդոն Մարսելը հայտարարել է բրիտանական հասարակության մեջ ընտանեկան հիմքերի խարխլման մասին: Մարսելը մասնավորապես նշել է, որ դրանում մեծ դեր է խաղում երիտասարդ սերնդի չափազանց կապվածությունը համացանցին, էլեկտրոնային փոստին եւ SMS-հաղորդագրություններին, իսկ վիրտուալ շփումը հանրահայտ սոցիալական ցանցերում այժմ փոխարինում է մերձավորների հետ կենդանի շփմանը եւ կործանարար կերպով անդրադառնում ընտանեկան կենսակերպի վրա:

«Մեր երկրի դեռահասների 33%-ն անգամ չի սնվում իր ընտանիքի եւ մերձավորների հետ, Եվրոպայում նմանների թիվն առայժմ 17% է կազմում: Սթոք-օն-Թրենթ քաղաքում, որտեղ ես ապրում եմ, կավից եւ ճենապակուց պատրաստված իրերի՝ ափսեների, բաժակների, գավաթների արտադրությունը կտրուկ նվազում է: Եվ դա տնտեսական ճգնաժամի հետեւանքով չէ, այլ այն պատճառով, որ ընտանիքներն արդեն հրաժարվում են միասին ուտել»,- ասում է եպիսկոպոսը:

Ըստ qahana.am-ի՝ նա նաեւ հավելել է, որ երեխաները դադարում են ծնողների, տատիկների, պապիկների հետ խոսել: Ընտանեկան ջերմ զրույցին փոխարինում են տեքստային եւ էլեկտրոնային հաղորդագրությունները: «Այսօր արդեն շփումը դարձել է «էլեկտրոնային: Իսկ տարբեր սերունդների եւ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների շփումը գնալով ավելի է դժվարանում՝ չնայած մեր սուպերտեխնոլոգիաների դարին»,- ասել է եպիսկոպոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել