Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ունի 95 տեղ

Հոկտեմբեր 15,2009 00:00

Խորհրդարանի «հոգու խորքում»

\"\"«Զզվանքս եկավ այդ արարողությունը դիտելիս: Մենք տասնամյակներ շարունակ պայքարել ենք, որ ճեղքենք պատը, որը կար եվրոպական երկրներում ու միջազգային այլ ասպարեզներում, բայց այդ արարողության ժամանակ Նալբանդյանի եւ Դավութօղլուի միջեւ այդ պատը նորից կառուցվեց ու կարծրացավ: Մենք, իհարկե, նորից կճեղքենք այդ պատը, բայց նրանք դժվարացրին այդ գործընթացը: Եթե ես լինեի Ցյուրիխում, եւ թուրքերը ցանկանային մեզ համար անցանկալի ինչ-որ հայտարարություն անել, ես չէի դիմադրի: Բայց ես էլ իմ հայտարարությունը կանեի, ոչ թե երկուսով լռենք՝ ոչինչ չասենք». սա դաշնակցական Վահան Հովհաննիսյանի գնահատականն է Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը: Երեկ մամուլի ասուլիսում լրագրողները հետաքրքրվել են պարոն Հովհաննիսյանից, թե ինչպե՞ս է ՀՅԴ-ն պատրաստվում ԱԺ-ում տապալել արձանագրությունների վավերացումն այն պարագայում, երբ կոալիցիոն ուժերը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են կազմում: «Նման հարցերում թվաբանությունը չի գործում: Մենք ունենք 25 տեղ, բայց մարդկանց հոգու խորքում ունենք 95 տեղ»,- ասել է բանախոսը: Անկախ նրանից՝ հայ-թուրքական սահմանը կբացվի, թե ոչ, բանախոսի համոզմամբ, Հայաստանում անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ. «Եթե բացվի, հայկական կողմը պետք է արագ կերպով մրցունակ դարձնի իր տնտեսությունը, կառուցվածքային ու կադրային փոփոխություններ կատարի, իսկ եթե չբացվի, ապա Հայաստանը պետք է արագորեն անդրադառնա Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությանը, ինչպես նաեւ կատարի վերը նշված կառուցվածքային փոփոխությունները»: Դաշնակցական գործիչը համամիտ չէ, որ ՀՀ բյուջեի ներկայիս «ողբալի» վիճակը արդյունք է փակ սահմանի: Դրա պատճառը նա համարում է երկրում առկա կոռուպցիան ու ներքին անկազմակերպվածությունը. «Սուտ են ասում, թե մեր ռեսուրսները սպառվել են, եւ եթե սահմանը չբացվի, մենք կխեղդվենք: Ոչ միայն չեն սպառվել, այլեւ դրանց դեռ չեն էլ կպել: Իսկ այս պայմաններում սահմանի բացումից շահելու են մի քանի օլիգարխներ ու նրանց շրջապատը: Գյուղացին հաստատ կորցնելու է, իսկ քանի որ արդյունաբերություն չկա, ապա հասարակ մարդիկ էլ չեն շահելու»:

Խոսելով ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է. «ՀԱԿ-ի համար իշխանափոխությունը նպատակ է, ոչ միջոց, եւ իրենք իրենց նպատակի համար օգտագործում են Ղարաբաղը, սոցիալական դժվարությունները, հայ-թուրքական զարգացումները եւ այլն: Մեր նպատակն այլ է»: Արձանագրությունների ստորագրումից հետո, ի վերջո, ՀՅԴ-ն պահանջելո՞ւ է Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ լրագրողների հետաքրքրասիրությունը բանախոսն այսպես է փարատել. «Եթե միջոցներից մնա միայն այդ վերջինը, մենք չեն վարանի»: Իսկ այսօր նախատեսված ՀՅԴ հանրահավաքը կկայանա, քանի որ, պարոն Հովհաննիսյանի փոխանցմամբ, քաղաքապետարանը օրենքով սահմանված կերպով չի արձագանքել ՀՅԴ-ի իրազեկմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել