Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ «ՆԵՎԻԵԶԴՆՈՅԸ»՝ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ

Հոկտեմբեր 15,2009 00:00

\"\"Երեւանում է թավջութակահարուհի Նատալյա Գուտմանը

Երեւանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում «Ա. Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 16-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան աշխարհահռչակ թավջութակահար Նատալյա Գուտմանը եւ նրա որդին՝ ճանաչված ջութակահար Սվյատոսլավ Մորոզը: Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ կհնչեն Շոստակովիչի Թավջութակի թիվ 1 կոնցերտը եւ Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի եւ թավջութակի համար:

«Առավոտը» զրուցեց Նատալյա Գուտմանի հետ: Նախ տեղեկացնենք, որ երաժիշտը ուսանել է հանրահայտ Մստիսլավ Ռոստրոպովիչի մոտ, կրել է դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի եւ իր ամուսնու՝ ջութակահար Օլեգ Կագանի արվեստի ազդեցությունը: Թավջութակահարուհին ելույթներ է ունեցել բոլոր մայրցամաքներում՝ հայտնի նվագախմբերի ու դիրիժորների ընկերակցությամբ: Ն. Գուտմանը շուրջ 20 տարի Բավարիայի Ալպերում կազմակերպում է Musikfest am Tegernsee միջազգային փառատոնը, որը հիմնադրել էր Օ. Կագանը: Դեռեւս 1960-ականներին հանրահայտ երաժշտի անունը թնդում էր աշխարհում, մինչդեռ երկար տարիներ նա համարվում էր «նեվիեզդնոյ»: Այս մասին «Առավոտի» դիտարկմանը՝ արվեստագետը պատասխանեց հարցով. «Եթե իմանաք, թե` ինչո՞ւ, խնդրում եմ ինձ էլ ասեք»: Ասաց նաեւ, որ նույնիսկ Մոսկվայում երաժիշտները վախենում էին իր հետ համագործակցել, եւ միայն դիրիժոր Կիրիլ Կոնդրաշինն էր այն համարձակը, ով ժամանակ առ ժամանակ հիշում էր իրեն՝ հրավիրելով համերգների: Իսկ մորական պապը ստալինյան ռեժիմի զոհերից է եւ իր կյանքն ավարտել է աքսորում:

«Նեվիեզդնոյ» լինելու պատճառով երկարատեւ դադարից հետո Գուտմանն իր ամուսնու հետ Փարիզում առաջին ստեղծագործությունը, որ հնչեցրել է 1979թ., եղել է Տիգրան Մանսուրյանի Կրկնակի կոնցերտը ջութակի եւ թավջութակի համար: Չնայած այս ամենին, արվեստագետը ԽՍՀՄ փլուզումից հետո եւ մինչ այդ տարիները այն փոքրաթիվ ճանաչված երաժիշտներից էր, որն այդպես էլ չլքեց Ռուսաստանը՝ բնակարան ունենալով Մյունխենում: «Հայրենիքը նման է հնամաշ վերարկուի,- ժպտալով ասաց մեր զրուցակիցը,- որտեղ էլ գտնվեմ, շտապում եմ տուն, հագնում այդ վերարկուն եւ հիշում մանկությունս, ընկերներիս, շփվում բարեկամներիս հետ… Մշտապես խորին հարգանքով ու սիրով եմ հիշում հատկապես Կոմիտասի անվան լարային քառյակի հիմնադիրներից իմ ուսուցչին՝ Սերգեյ Ասլամազյանին: Ի դեպ, նա փոքր տարիքի երեխաների հետ չէր պարապում, բայց այդ երջանկությունը ինձ պարգեւեց բացառության կարգով… Մշտապես ցանկացել եմ կատարել Կոմիտասի ստեղծագործությունները, բայց ինչ-ինչ պատճառներով դրանք ձեռքս չեն ընկել (հավանաբար փառատոնի կազմակերպիչներ Էդ. Թոփչյանն ու Ալ. Չաուշյանը մեծանուն թավջութակահարուհուն կնվիրեն Կոմիտասի պիեսների փոխադրությունները- Ս. Դ.): Հիշում եմ երեւանյան համերգներս Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Դավիթ Խանջյանի ղեկավարությամբ, գործընկերներիս՝ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանին, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին, թավջութակահար Ֆելիքս Սիմոնյանին եւ այլոց, Դիլիջանում, Սեւանում անցկացրած հիանալի օրերս: Ամենուր պատմում եմ հայկական եկեղեցիների ու խաչքարերի մասին… Այսօր հրճվանք ապրեցի, երբ շուրջ քսան տարվա դադարից հետո ձեր Ֆիլհարմոնիկ նվագախումբը լավ վիճակում տեսա: Իսկ վարպետության դասերի ընթացքում հայտնաբերեցի պարզապես տաղանդավոր պատանիների»,- «Առավոտի» հետ կիսվեց արվեստագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031