Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունները՝ թատրոնում

Հոկտեմբեր 15,2009 00:00

«Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ֆորում- ներկայացումը աշխույժ քննարկումների տեղիք տվեց

«Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ֆորում-ներկայացումը օրերս Դերասանի տանը մեծ թվով հանդիսատես էր հավաքել: «Այս ներկայացումը «Փոփոխությունների թատրոն» հ/կ-ի խաղացանկում ամենաշատը ցուցադրվողներից է»,- վստահեցնում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման սցենարիստ ու բեմադրող Հայկ Սեկոյանը՝ փաստելով, որ թեման խիստ արդիական է: Ներկայացման մեջ զբաղված են Արթուր Նազարյանը եւ Վահագն Խաչատրյանը, ֆորումը վարեց Արեգ Թադեւոսյանը: Բեմադրությունը նավաբեկությունից մազապուրծ եղած 2 երիտասարդների մասին է, ովքեր խարխուլ մակույկով հայտնվում են բաց ծովում: Հորիզոնից այն կողմ թաքնված ցամաքի ու ժամ առ ժամ ահագնացող սովի պատճառով նավաստիներն ավելի ու ավելի հստակ են նշմարում կյանքի ու մահվան սահմանագիծը: Թվում է՝ հենց այդ պահին է, երբ նավաստիները միահամուռ ջանքերով ցամաք հասնելու ելքը պետք է գտնեն, բայց ճիշտ հակառակն է տեղի ունենում. պարզվում է, որ հարեւանները փոքրիկ մակույկում մեծ խնդիրներ ունեն՝ մի՞թե կարելի է վստահել դիմացինին: Գուցե հարկավոր է թիավարել դեպի հարավ, բայց արդյո՞ք հարավն այն կողմում է, ուր ցույց է տալիս նավաստիներից յուրաքանչյուրը: Վիճաբանությունը եւ անհամաձայնությունն այնքան է թեժանում, որ, ի վերջո, նավաստիները գալիս են նույն հայտարարի՝ կիսել նավակը, միմյանցից ազատվել եւ թիավարել իրենց ուզածով:

2008-ին բեմադրված այս ներկայացման հիմքում հայ-թուրքական հարաբերություններն են: «Ներկայացման նպատակը հայ-թուրքական հասարակություններում առկա երկուստեք բացասական կարծրատիպերի քննարկումը, հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումը եւ հակամարտությունների խաղաղ կարգավորումն է»,- ասում է Հ. Սեկոյանը: Նկատելի էին հանդիսատեսի ակտիվ քննարկումները, իրավիճակից դուրս գալու տարբեր ու հետաքրքիր առաջարկներն ու մոտեցումները: «Բաց ծովի փակուղում»-ը նաեւ նոր հնարավորություն կընձեռի ֆորում-ներկայացումներով հետաքրքրվողներին. 2010-ի հունվարին Ծաղկաձորում տեղի կունենա «Ֆորում թատրոնը որպես սոցիալական փոխակերպման գործիք» ուսուցողական դասընթաց: Ծրագրի շրջանակներում մասնակիցներին ներկայացվելու են ֆորում թատրոնի ժանրային առանձնահատկությունները, կառուցվածքը, բեմադրաոճը, դերասանի վարպետության յուրահատկությունները եւ այլն: Հ. Սեկոյանի խոսքով, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների շարունակական զարգացումները, «Բաց ծովի փակուղում» ֆորում-ներկայացումը մինչեւ տարեվերջ կշարունակվի ցուցադրվել Երեւանում եւ Հայաստանի մարզերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031