Լրահոս
Օրվա լրահոսը

Կազակներ Տավուշի սահմանագոտո՞ւմ

Հոկտեմբեր 16,2009 00:00

ՀՀ Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հոկտեմբերի 12-ին տեղեկացրել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի պատվիրակության այցի մասին՝ Տավուշի մարզ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատվիրակության կազմում էին նաեւ Կրասնոդարի հայկական համայնքի եւ հայկական կազակների միավորման անդամները: Ըստ այդ հաղորդագրության, «Տավուշի մարզպետարանում ընդունելության ժամանակ հայկական կազակների միավորման գլխավոր ատաման, գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը ներկայացրեց, որ արդեն 10 տարի Հայաստանում գործում է կազմակերպությունը, գրեթե բոլոր մարզերում ունի ջոկատներ, պատրաստվում են նման ջոկատ ստեղծել նաեւ Տավուշի մարզում: Առաջարկին դրական արձագանքեցին եւ իրենց աջակցությունը հայտնեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Խաչիկ Ասատրյանը»:

Ո՞ր երկրի բանակի գեներալ-լեյտենանտ է Կարեն Զադոյանը: Տավուշի մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Անի Մելիքսեթյանն այս հարցին պատասխանեց, որ նա հայկական բանակի գեներալ է, աշխատել է մեր բանակի թիկունքի ծառայությունում, հետո կենսաթոշակի է անցել: Անի Մելիքսեթյանի վկայությամբ՝ այդ հանդիպման ժամանակ պարոն Զադոյանը եղել է գեներալական համազգեստով (տես լուսանկարը):

Դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն: Նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ հայկական բանակում Կարեն Զադոյան անունով գեներալ-լեյտենանտ չկա, չի էլ եղել: Կարեն Զադոյանը ժամանակին ծառայել է հայկական բանակում, երեւի գնդապետի կոչում է ունեցել, նա կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ է, Հայ-կազակական բարեկամության միության նախագահը:

Բայց այստեղ հարցեր են ծագում: Արդեն 10 տարի Հայաստանում գործող հայկական կազակական միավորումը քանի՞ զինծառայող ունի եւ ինչո՞վ է զբաղված եղել անցյալ տասնամյակում, ո՞վ է Կարեն Զադոյանին շնորհել գեներալ-լեյտենանտի կոչում, Տավուշի մարզում ստեղծվելիք կազակական ջոկատը մեր բանակի հետ ինչպե՞ս է հարաբերվելու, ի՞նչ կապ է ունենալու, ինչո՞ւ է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը պատրաստ աջակցել կազակներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031