Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ

Հոկտեմբեր 16,2009 00:00

Երեկ «Առավոտը» «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», «Ազգայնական ուսանողական խորհուրդ» կազմակերպություններից ստացել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 15-ին Քաղաքացիական ազգային նախաձեռնություն եւ Ազգայնական ուսանողական խորհուրդ հասարակական կազմակերպությունների ակտիվիստները Երեւանի պետական համալսարանի տարածքում կազմակերպել են ակցիա ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների ընդունման, որի ընթացքում ուսանողներին բաժանել են թռուցիկներ, որոնցում տեղ են գտել հատվածներ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հայ ազգին ուղղված բաց նամակից, ինչպեսեւ տեղեկություններ հայ-թուրքական արձանագրությունների առավել վտանգավոր դրույթների վերաբերյալ: Սակայն ժ. 15:00-ի շրջակայքում նրանց գործողությունները փորձել են խոչընդոտել ԵՊՀ անվտանգության ծառայության ներկայացուցիչները, ապա վերջիններիս կանչով ժամանած ոստիկանները առանց որեւէ օրինական հիմքի բերման են ենթարկել ՔԱՆ-ի եւ ԱՈՒԽ-ի ակտիվիստներին:

Միջադեպի վերաբերյալ ուսանողները տեղյակ են պահել ՔԱՆ համակարգողին եւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներին: Վերջիններից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ու պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՔԱՆ համակարգողի հետ միասին մեկնել են Կենտրոն ոստիկանության բաժանմունք եւ նրա Մարաշի ենթաբաժանմունք, ապա հանդիպել են Կենտրոնի ոստիկանապետի հետ՝ պարզելու համար ուսանողներին բերման ենթարկելու հիմքերը, եւ պահանջել են անհապաղ ազատ արձակել երիտասարդ ակտիվիստներին: Ի վերջո, ժ. 18.50-ին ուսանողները ազատ են արձակվել: ՔԱՆ փոխհամակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքերով, իրենց հարցաքննել են, պահանջել են բացատրություն գրել: Հարցերի մեջ եղել են հետեւյալ բովանդակություն ունեցողները՝ «Ո՞ր քաղաքական ուժերի հետ եք համագործակցում», «Ո՞վ է ձեզ դրդել թռուցիկներ տարածել», անգամ՝ «Որտե՞ղ եք բազմացրել թռուցիկները»:

«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» եւ «Ազգայնական ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպություններն իրենց վրդովմունքն են արտահայտում ոստիկանության ապօրինի գործողությունների կապակցությամբ, որոնց արդյունքում խախտվել են իրենց ներկայացուցիչների իրավունքները, եւ պահանջում են իրավապահ մարմիններից այսուհետ ձեռնպահ մնալ անօրինական գործողություններից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել