Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությունը կպահպանեն

Հոկտեմբեր 17,2009 00:00

\"\"Տեղեկատվական վահանակները կուղենշեն Հայաստանով անցնող Մետաքսի ուղին

Ճանաչիր ինքնությունդ՝ պատմության «լուռ վկաների» միջոցով. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ու «ԱՄԱՓ» մշակութային հ/կ-ի այս նախաձեռնությամբ օրերս բազմալեզու տեղեկատվական վահանակներ տեղադրվեցին Մետաքսի ճանապարհի՝ Հայաստանով անցնող հատվածում: Հայ-վրացական սահմանից մինչեւ հայ-իրանական սահմանը ձգվող շուրջ 550 կմ երթուղին այսուհետեւ կուղենշեն 14 տեղեկատվական վահանակները, որոնք Հին Հայաստանի տնտեսական նշանակության մանրամասները կներկայացնեն հայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն եւ ֆրանսերեն: Չինաստանն Առաջավոր Ասիայի, ապա՝ Եվրոպայի հետ կապող առեւտրաքարավանային մայրուղու՝ Մետաքսի ճանապարհի յուրօրինակ ուղեցույցներ են հանդիսացել միջնադարյան քարավանատները, որտեղ հիմնականում իջեւանել են քարավաններին ուղեկցող մարդիկ եւ պատսպարվել կենդանիները:

Հայաստանում այդպիսին հանդիսացել է 1332թ. կառուցված Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղից 10 կմ հյուսիս գտնվող Սելիմի քարավանատունը, որտեղ էլ տեղի ունեցավ վահանակների շնորհանդեսը: Քարավանատունը ժամանակի ընթացքում վերածվել է վանքի, այն լի էր վառվող մոմերով, ինչը, իհարկե, մի քիչ տարօրինակ կարելի է համարել, քանի որ քարավանատունը ոչ թե եկեղեցի կամ վանք է եղել, այլ ընդամենը՝ իջեւանատուն: Աղնջաձոր գյուղի 55-ամյա բնակիչ Մարտինը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Այն, ինչ հիմա տեսնում ենք՝ մոմակալներ եւ այլն, արհեստականորեն են դրվել, քարավանատան մեջ մոմ վառել չի կարելի»: Բնակիչները դժգոհում էին, որ ուղեւորները, քարավանատան միակ «քարե սեղանից» օգտվելիս իրենց հետեւից չեն մաքրում աղբը: Այս դեպքում դժվար է Հայաստան այցելած հյուրերին ու մեր երկիրը աշխարհի կենտրոն համարող օտարերկրացիներին բացատրել, որ ջրի շիշը, ծխախոտի տուփը, քարավանատան պատերին «նախշած» ժամանակակից գրագրությունը, «սիրո դրսեւորումները» իրենց ետեւից ոչ թե միջնադարյան ճանապարհորդներն են թողել, այլ այսօրվա անցորդները:

Տարածված է իջեւանատան Սուլիմա, Սուլեմա եւ Սելիմի, ինչպես նաեւ քարվանսարայ անվանումները: Պատմաբան Օնիկ Խնկիկյանի ենթադրությամբ. «Սուլիմա կամ Սուլեմա անվանումները կապված են այդ ժամանակաշրջանում հայտնի խոշոր վաճառականներ Տիգրան Հոնենք տոհմում տարածված Սուլիմա կամ Սուլեմա անունների հետ: Սակայն ավելի հետաքրքիր է Սելիմ անվանումը, որը կապվում է հունական «սելա» բառի հետ, որտեղից էլ այն անցել է իտալերենին, իսկ սելիմ նշանակում է աթոռ, բարձր տեղ»: Քարավանատան պատվիրատուն Չեսար Օրբելյան իշխանն ու նրա եղբայրներն են եղել, իսկ շենքի ճակատի երկու բարձրաքանդակները՝ Օրբելյանների իշխանական տան զինանշաններն են: Չեսար անվան հետ կապված էլ Օ. Խնկիկյանը նշեց. «Բառարանում «չեսար» նշանակում է որովայնը պատռելով ծնվել: Ենթադրվում է, որ հենց այդտեղից է առաջացել կեսարյան հատում արտահայտությունը»: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, խոսքն ուղղելով բացառապես երիտասարդներին, ասաց. «Այն, ինչ այսօր տեսնում եք, պիտի դուք անեք ապագայում, որ պահպանենք մեր պատմությունը: Այն մարդը, ով ժամանակ չի կարող գտնել սեփական երկրին ինչ-որ կերպ օգտակար լինելու համար, վտանգված է կորցնելու իր ինքնությունը»: USAID/CAPS ծրագրի տնօրեն Արտակ Ղազարյանն էլ լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ ապագայում հաղորդակցության ուղիները կանցնեն Հայաստանի տարածքով, ինչին կնպաստի Թուրքիայի հետ սահմանի բացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031