Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեգիոնալ համագործակցությունը գերկարեւոր է

Հոկտեմբեր 17,2009 00:00

\"\"Հայաստանը առանց էմոցիաների պատրաստվում է հայ-թուրքական սահմանի բացմանը եւ հստակեցնում հայ-վրացական սահմանը:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում Կալինինգրադում կազմակերպված Մերձսահմանային եւ ռեգիոնալ համագործակցության հարցերը կարգավորող հանձնաժողովի անդրանիկ նիստին եւ երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նման ձեւաչափով համագործակցությունները մեզ համար գերկարեւոր են: Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի սահմանային համագործակցության կոնվենցիային եւ, ըստ Վաչե Տերտերյանի, ԱՊՀ տարածքում նման մակարդակներում շփումները կարող են լրացնել արդեն ձեւավորված կապերը: Այսօր Հայաստանը մարզերի մակարդակով համագործակցում է ԱՊՀ-ից՝ Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի հետ, իսկ ընդհանրապես՝ նաեւ Ֆրանսիայի եւ եվրոպական այլ երկրների:

Ըստ Վաչե Տերտերյանի, այս կապերն այսօր ընդհատ բնույթ ունեն, մեծամասամբ սահմանափակվում են մշակութային առնչություններով, փոխայցերով: «Մշակույթն իհարկե անչափ կարեւոր է, բայց այսօր այդ կապերի մակարդակը մեզ չի գոհացնում»,- նկատեց փոխնախարարը: ԱՊՀ տարածքում ռեգիոնալ համագործակցություն ծավալելու նախաձեռնությունն աննախադեպ է: Հայաստանի պարագայում այլ առանձնահատկություն էլ կա. Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ-ից եւ այսօր Հայաստանը ԱՊՀ-ի հետ ցամաքային սահման չունի: Այս առանձնահատկությունը Վաչե Տերտերյանը ներկայացրել է ԱՊՀ իր գործընկերներին եւ բոլորն էլ համաձայնել են, որ Հայաստանի պարագայում համագործակցությունը կդրսեւորվի սահմանային շփումների ռեժիմների կիրառման տեսքով: «Սա սկիզբն է եւ խոստումնալից է»,- բանաձեւեց բանախոսը:

Բացի ռեգիոնալ համագործակցության զարգացումից, Հայաստանը շարունակում է զարգացնել տեղական ինքնակառավարումն ու տարածքային կառավարումը: Այս տրամաբանության մեջ քայլեր են արվում մարզպետարանների հսկողական գործառությունները զարգացնելու, էլեկտրոնային կառավարման համակարգը ընդլայնելու, մարզպետների աշխատանքի գնահատման չափանիշները կիրառելու ուղղությամբ:

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը եւ մասնավորաբար սահմանի բացմանը մենք պատրաստվում ենք, հայտարարեց Վաչե Տերտերյանը, հավելելով, որ նման որոշում կայացնելիս էմոցիոնալ չպետք է լինել, բոլոր խնդիրները մեկանգամյա ակտով չեն լուծվի ու Հայաստանն էլ ամեն ինչ անում է, որ բացառվեն անցանկալի զարգացումները:

«Առավոտը» բազմիցս է գրել հայ-վրացական սահմանի մասին. սկսած հայկական հողերի զավթումից մինչեւ սահմանախախտի անվան տակ ՀՀ քաղաքացիների ձերբակալություններ՝ վրացի սահմանապահների կողմից: Ըստ Վաչե Տերտերյանի, զավթումներ չեն եղել, բայց հայ-վրացական սահմանը հստակեցված չէ, եւ արդյունքում սահմանամերձ գյուղերում դժվար վիճակ է: Թե հայերը, թե վրացիները խորհրդային տարիներին ազատ տեղաշարժվել են ու սովոր չեն, որ պետք է սահման հատեն: «Սահմանի հստակեցման հանձնաժողովը աշխատում է, աշխատանքները մեկօրյա չեն, ցավում եմ, որ լարվածություն կա, դրանից տուժում են սահմանի երկու կողմերում ապրող գյուղացիները»,- ասաց Վաչե Տերտերյանը, հավելելով, որ հանձնաժողովի աշխատանքների ավարտին խնդիրները կլուծվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել