Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԱԶԴԱՐԱՐՆԵՐԻ» ՏԱՐԱՓ

Հոկտեմբեր 17,2009 00:00

\"\"Երեկ Հայ մամուլի օրն էր: Այս առիթով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպված միջոցառումն աչքի ընկավ մրցանակների առատությամբ: Ամփոփվեցին 2004-ից սկսած ամեն տարի անցկացվող «Ազդարար» մրցանակաբաշխության արդյունքները: Այդ մրցանակին արժանացան «Առավոտ» օրաթերթը, «Հայրենիք» հեռուստաընկերությունը, Հանրային ռադիոյի «Լյուն Սե» («Լույս եւ ստվեր») երիտասարդական ծրագիրը, «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը, «Արմենպրես» գործակալության լուսանկարիչ Մարտին Շահբազյանը, սփյուռքահայ լրագրող Հարութ Սասունյանը: Լրագրողներին եւ լրատվամիջոցներին մրցանակ շնորհվեց նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից: Նախարար Հրանուշ Հակոբյանը, լրատվամիջոցներին ցանկանալով լինել ավելի բեղմնավոր եւ հավասարակշռված, պատվոգրեր հանձնեց «Ազգ», «Առավոտ» օրաթերթերին, Լիբանանի «Ազդակ» օրաթերթին, ԱՄՆ-ում գործող «Արմենիան Օբզերվեր» թերթին, «Ազատ հայ» տեղեկատվական կայքին, Ուկրաինայի «Անալիտիկա» լրատվական կենտրոնին: Համահայկական լրատվամիջոցների ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանն էլ ընկերակցության մրցանակը հանձնեց Լոս Անջելեսում հրատարակվող «Նոր Հայաստան» օրաթերթին: Հայ մամուլի օրը պատահական չէ ընտրված, քանի որ 1794-ի հոկտեմբերի 16-ին Մադրասում լույս տեսավ հայ առաջին պարբերականը՝ «Ազդարարը»: Այս պարբերականի անցած ուղու վրա էր կառուցված ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի ելույթը: «Առավոտի» հետ զրույցում նա նկատեց. «Ազդարարի» խմբագիրը՝ Հարություն քահանա Շմավոնյանը, ամեն ինչից վեր էր դասում հասարակական շահը, ճշմարիտ գաղափարների տարածումը մամուլի միջոցով: Ըստ նրա, եթե որեւէ լուր պիտի հաղորդես ընթերցողին, ապա պիտի դրանով ձեւավորես նաեւ որոշակի տեսակետ: Իսկ մեր լրատվամիջոցները, լինելով «Ազդարարի» հաջորդները, պիտի դա գիտակցեն՝ համահունչ քայլելով ժամանակին»: Միջոցառման ավարտին ուսանողական տոմսեր հանձնվեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 65 առաջին կուսեցիներին:

ԱՊԱԳԱ ԿԱՊԵՐԻ ՀՈՒՅՍՈՎ

Երեկ Լիտվայի 7 կրթական հաստատությունների 9 պատվիրակներ ԵՊՀ-ում TEMPUS ազգային գրասենյակի նախաձեռնությամբ հանդիպեցին հայաստանյան բուհերի ներկայացուցիչների հետ: Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասը նշեց. «Հուսով եմ, որ ստեղծված կապերը հետագայում կվերաճեն կրթության ոլորտի փորձի, ուսանողների եւ դասախոսների փոխանակման համատեղ ծրագրերի»: Հանդիպման ժամանակ արտասահմանյան պատվիրակության անդամները ելույթներով ներկայացրին իրենց բուհերը, հայաստանցի մասնագետներն էլ մեր բուհերում տիրող իրավիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել