Լրահոս
Օրվա լրահոսը

25 ՏԱՐԻ ԱՆՑ

Հոկտեմբեր 21,2009 00:00

\"\"Խորհրդային տարիներին ազատագրված հողերը չեն մշակվում, իսկ շինությունները թալանվել են

Այս տարվա մարտի 14-ին «Ինչպես է փրկվել 15 000 հեկտարը» հրապարակմամբ անդրադարձել ենք 1984 թվականի աշնանը Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում տեղի ունեցածին. Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանին ազերիները պատանդ են վերցրել եւ սպառնացել կացինով գլուխը կտրել, եթե չստորագրի այն թղթի տակ, ըստ որի՝ Դովեղի 1800 հեկտար անտառը Ադրբեջանինն է: Դեպքից անցել է 25 տարի: Ներկայացնում ենք այդ դեպքերի ականատես, այն ժամանակ Դովեղի կուսկազմակերպության քարտուղար Հայկ Ղազարյանի պատմածը:

«1984 թվականի աշնանն էր: Ինձ եւ սովխոզի տնօրեն Հրաչիկ Մեհրաբյանին ՀԿԿ Նոյեմբերյանի շրջկոմից հայտնեցին, որ շրջկոմի պլենումից առաջ մեզ ընդունելու է առաջին քարտուղար Սայադ Պետրոսյանը: Եղանք նրա մոտ եւ նա մեզ հասկացրեց, որ կարող ենք դիմումներ ուղարկել Մոսկվա եւ բարձրացնել տասնամյակներ շարունակ ձգձգվող Ադրբեջանի հետ տարածքային խնդիրը: Դեռեւս 1920-ական թվականներից Հայաստանի Դովեղ եւ Ադրբեջանի Քյամառլու գյուղերի միջեւ գոյություն ուներ տարածքային վեճ՝ հատկապես սուր էր անտառի հարցը: Դովեղին պատկանող շուրջ 1800 հեկտար հող իրականում օգտագործում էին ադրբեջանցիները: Դովեղեցիները այդ տարիներին պատվիրակություն էին ուղարկել Թիֆլիս, Մոսկվա, ընդունվել էր ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշում՝ «Սահմանների ճշտում կատարելու մասին», սակայն այդպես էլ ամեն ինչ մնացել էր թղթի վրա: Պլենումից հետո, 20-25 օր ընդմիջումներով, երկու անգամ հեռագրեր ուղարկեցինք ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարի, կառավարության նախագահի եւ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի անուններով: Հեռագրերի տեքստերը ստորագրում էին, որպես կանոն, 65-70 տարին անց կոմունիստները, որոնք կորցնելու ոչինչ չունեին: Այն ժամանակ շատ լուրջ էր դրված ազգամիջյան սադրանքներ, վեճեր ու ընդհարումներ հրահրելու հարցը, եւ պաշտոնատար անձինք վախենում էին մասնակից դառնալ այդպիսի նախաձեռնությունների: Դովեղեցիների տասնամյակների պայքարի ու դիմումների արդյունքում 1984 թվականի սեպտեմբերի 17-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդը ընդունեց պատմական որոշում՝ «Հայ-ադրբեջանական ամբողջ սահմանով մեկ կատարել սահմանների ճշգրտում»:

1984 թ. հոկտեմբերի 24-ին վիճելի տարածքներ ժամանեցին Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները: Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը: Այդ օրը Դովեղի կուսակցական կազմակերպության հաշվետու-ընտրական ժողովն էր եւ ես մնացել էի նախապատրաստվելու դրան:

Ադրբեջանցիները դիմեցին իրենց հոգեհարազատ մեթոդին՝ շանտաժին: Նրանք նախօրոք հարյուրավոր մարդկանցով, կազմակերպված ձեւով թաքնվելով անտառներում՝ հանկարծակի հարձակվեցին մեր պատվիրակության անդամների վրա եւ ծեծի ենթարկեցին սովխոզի տնօրեն Հրաչիկ Մեհրաբյանին (որը շուրջ 10 օր պառկեց հիվանդանոցում) ու պատվիրակության մյուս անդամներին: Իսկ Վլադիմիր Մովսիսյանին, Ռաշիդ Մամյանին, Սուրեն Ամիրխանյանին՝ մարմնական լուրջ վնասվածքներ հասցնելուց հետո, տարել են ադրբեջանական Քյամառլու գյուղ եւ սպառնալով ստիպել են ստորագրել փաստաթուղթ՝ այդ հողերից հրաժարվելու մասին: Բնականաբար, Վլադիմիր Մովսիսյանը իրեն արժանապատիվ էր պահել՝ հրաժարվել էր այդ անհեթեթ առաջարկությունից:

Այդ օրը անմիջապես Դովեղ ժամանեցին շրջանի անվտանգության ծառայության ու ներքին գործերի բաժնի ստորաբաժանումները՝ ղեկավարների գլխավորությամբ եւ սահմանների վրա պահակակետեր տեղադրեցին՝ ազգամիջյան բախումներից խուսափելու համար: Նաեւ աշխատանքներ տարան զինված եւ ագրեսիվորեն տրամադրված գյուղացիներին հանգստացնելու ուղղությամբ: Երկար ժամանակ ներքին գործերի աշխատակիցների եւ գյուղացիների մասնակցությամբ շարունակվեց սահմանում շուրջօրյա հերթապահությունը: Դովեղեցիները շատ պատվախնդիր ժողովուրդ են եւ ոչ մի անգամ թույլ չեն տվել ադրբեջանցիներին մտնել գյուղ: Դրան նպաստել է նաեւ աշխարհագրական նպաստավոր դիրքը: Դովեղը շրջապատված է բարձր լեռներով, ինչը գյուղը հսկելու համար շատ հարմար է:

1984 թվականի նոյեմբերին հանձնաժողովը՝ հայ, ադրբեջանցի եւ Մոսկվայից ժամանած մասնագետների մասնակցությամբ սկսեց սահմանների ճշգրտումը:

Արդյունքում՝ միայն Դովեղը ստացավ շուրջ 1800 հա հողատարածություն, իսկ Հայաստանին անցավ շուրջ 15000 հա հող, որը կարելի է համարել հայ ժողովրդի կարեւոր հաղթանակներից մեկը: Այդ պահից Դովեղի նկատմամբ հատուկ հոգատար վերաբերմունք սկսեցին ցուցաբերել թե՛ շրջանի, թե՛ հանրապետության ղեկավարությունը: Դովեղը հայտնի դարձավ ողջ հանրապետությունում: Այդ միջադեպից հետո շրջանի ղեկավարության եւ առանձնապես այն ժամանակվա շրջկոմի առաջին քարտուղար Սայադ Պետրոսյանի եւ Հայաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի կողմից առանձնահատուկ հոգատարություն էր ցուցաբերվում Դովեղի նկատմամբ: Մեր բարձրացրած հարցերը եւ նախաձեռնությունները արժանանում էին նրանց հավանությանը, որի համար դովեղեցիները միշտ երախտապարտ են այդ մարդկանց:

1985-1988 թվականներին Վլադիմիր Մովսիսյանի եւ շրջանի ղեկավարության անմիջական ղեկավարությամբ Դովեղը վերածվել էր շինարարական հրապարակի: Ադրբեջանից հետ վերցված հողերում մելիորատիվ աշխատանքներ կատարելու նպատակով գյուղ տեղափոխվեց Նոյեմբերյանի եւ Գուգարքի մելիորատիվ ջոկատների տասը T-130 տրակտոր, յուրացվեց շուրջ 150 հա վարելահող: Համեմատության համար ասենք, որ մինչ այդ Դովեղը ուներ ընդամենը 230 հա վարելահող: Կառուցվեց շուրջ 40 կմ խճապատ ներգյուղական ճանապարհ, 320 աշակերտական տեղով դպրոց, եռահարկ կենցաղի տուն, ուր այժմ տեղավորված են գյուղապետարանը եւ բուժկետը: Անցկացվեց 4 ինքնահոս ջրագիծ՝ շուրջ 10 կմ ընդհանուր երկարությամբ եւ ոռոգելի դարձան տասնյակ հեկտար հողատարածություններ, որը գյուղի բնակչության համար պարզապես փրկություն էր: Վերակառուցվեց գյուղի ոռոգման ողջ ներքին ցանցը, 40 հա ոռոգման համակարգ կառուցվեց: Սահմանամերձ տարածքներում կառուցվեցին անասնապահական շենքեր, հիմնվեցին շուրջ 40 հա պտղատու այգիներ եւ այլն:

Գյուղը զարգանալու, արտադրության ծավալները բազմապատկելու շատ մեծ հեռանկարներ ուներ, սակայն Ադրբեջանի հետ պատերազմը ամեն ինչ ի չիք դարձրեց: Թալանվեցին, քանդվեցին սահմանամերձ գոտիներում կառուցված ֆերմաներն ու շինությունները, չորացան եւ ոչնչացվեցին պտղատու այգիները: Այժմ էլ սահմանամերձ գոտիներում գտնվող տասնյակ հեկտարներով վարելահողեր ու արոտավայրեր չեն օգտագործվում՝ գնդակոծության գոտում գտնվելու պատճառով:

Պատերազմի տարիներին դովեղեցիները պատվով իրականացրին գյուղի եւ Հայաստանի սահմանների պաշտպանությունը ու սահմանամերձ գյուղերից ամենաքիչ զոհը տվեցին՝ 3 մարդ: Գյուղը ակտիվ մասնակցություն ունեցավ բանակաշինության ու նոր պետականության կառուցման գործում:

Չնայած առկա դժվարություններին, գյուղը կանգուն է: Եվ եթե չլինեին այդ տարիներին կատարված ներդրումները՝ այսօր գյուղը գրեթե քայքայված կլիներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել