Լրահոս
Օրվա լրահոսը

Անդունդի եզրին տարաձայնությունների մասին խոսելն ավելորդ է

Հոկտեմբեր 21,2009 00:00

Բաց նամակ Դաշնակցությանը եւ Կոնգրեսին

ՀՅԴ եւ ՀԱԿ-ի հարգարժան քաղաքական գործիչներ, Ձեր՝ մեկմեկու հանդեպ անհանդուրժողականությունը նորություն չէ ոչ մեկիս համար, այն ունի իր պատմությունը, եւ կարելի է ասել՝ նաեւ իր որոշակի օբյեկտիվ պատճառները: Ես, իհարկե, հիմա խորությամբ չեմ կենտրոնանա դրանց վրա: Բայց թռուցիկ նշելը համարում եմ պարտադիր: Ի՞նչ է վերջապես տեղի ունեցել: Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին, ինչ խոսք, բազում բարոյահոգեբանական եւ նյութական հաղթանակներից բացի, եղել են նաեւ ոչ քիչ սխալներ ներքին քաղաքական եւ տնտեսական ռազմավարության ասպարեզում (մասնավորապես՝ պատերազմական ժամանակաշրջանի համար քիչ դերակատարում չունեցած ամենաարմատական կուսակցության փակումը), որի արդյունքում էլ, վերջին հաշվով, ծնվել է այն ահավոր ու այլանդակ ռեժիմը, որի ստրուկն է դարձել մի ամբողջ ազգ: Այս ամենը տեսնելով ու խորապես ըմբռնելով էլ հենց նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն (փառք Աստծո) եւ կարողացավ ամենակարճ ժամկետներում բարձրացնել արդեն բարոյալքված ազգի ոգին, աճեցնել նոր, առաջադեմ երիտասարդություն եւ հնարավորություն ընձեռեց նրանց, նախորդների սխալները հաշվի առնելով, վերջապես ստեղծել օրինավոր, ժողովրդավարության հիմքերով կառուցված երկիր: Նրա կատարած գերբնական ջանքերի առաջ իսկապես անհնար է չխոնարհվել: Պատերազմում մեծ վաստակ ունենալով հանդերձ՝ ոչ պակաս սխալներ չի գործել նաեւ Դաշնակցությունը: Եվ եթե անհատի համար կարող է գործել մեղմացուցիչ թեւավոր խոսքը՝ «Մարդը սխալական է, եւ յուրաքանչյուր անհատ ապահովագրված չէ դրանցից», ապա հարյուրամյա փորձառու մի ողջ ավանդական կուսակցության համար ուղիղ տասնմեկ տարի սեփական ժողովրդից կտրված մնալը եւ քոչարյանասերժական հրեշին ծառայելը պարզապես չի կարող ունենալ որեւէ բացատրություն: Ինչեւէ: Սա եղել է: Սա մեր պատմությունն է: Ա՛յն պատմությունն է, որի ականատեսը եղել է մի ամբողջ ժողովուրդ: Տեսել է, բայց եւ չի հուսալքվել եւ չի լքել իր ծոցից դուրս եկած երկու ուժերից էլ եւ ոչ մեկին: Ժողովուրդը իր պատմությունը ընդունում է տղամարդկայնորեն: Մնում է՝ նույնը կատարեն իր զավակները: Բայց ինչ-որ մի բան խանգարում է, ավելի ճիշտ՝ պակասում է նշված ուժերին: Երեւի իրենց առաջնայնության, գերակայության սինդրոմն է ստիպում այդպես մտածել: Կարծում եմ՝ այդպիսի տպավորություն ունեն շատ-շատերը:

Ուրեմն, ի գիտություն բոլորին. ոչ մի քաղաքական ուժի էլ թող չթվա, թե ինքն ունի կոնկրետ իր ընտրազանգվածն ու առանձին ժողովուրդը: Ո՛չ, դա մե՛նք ենք, նույն մարդիկ, ովքեր իրենց մեջ հավասարաչափ եւ՛ ազգային են, եւ՛ ժողովրդավար: Դա մենք ենք, որ միշտ պայքարել ենք կեղծիքների եւ սխալ քաղաքականության դեմ: Լինի դա Դաշնակցությունը փակելու կապակցությամբ նրանց սատարելու հանրահավաքները՝ Տեր-Պետրոսյանի դեմ, կամ էլ Տեր-Պետրոսյանի կողքին՝ նույն դաշնակների ու հանցավոր իշխանությունների դեմ: Ժողովուրդը անձեր չի ճանաչում եւ ի տարբերություն բազում կուսակցությունների՝ չի կարող որեւէ մեկին ֆետիշացնել: Նա երբեք չի սխալվում իր վերաբերմունքի մեջ: Չի սխալվում նաեւ իր զգացմունքների եւ սպասելիքների առումով: Եվ ներկայումս էլ ժողովրդի մեծամասնությունը լիարժեք գիտակցում է, որ մեր միասնությունը կարող է կայանալ միայն ազգային գաղափարախոսության եւ ժողովրդավարության հավասարաչափ կիրառման արդյունքում: Մի՞թե պարզ չէ, որ կոնկրետ մեզ՝ հայերիս համար (նկատի ունեմ պետության «հզորությունն» ու աշխարհագրական «հաջողված» դիրքը) չեն կարող այդ երկու գաղափարախոսությունները գործել մեկը մյուսից անկախ եւ մեկը մյուսից ստորադասվել: Մենք չենք կարող հող զիջելով բավարարել մեր ոչ բարով հարեւանների՝ ժամ առ ժամ աճող պանթուրքիստական՝ արդեն բացահայտ ուրվագծվող նկրտումները: Եվ նույն կերպ չենք կարող դրա դեմն առնել եւ երկիրը փրկել կործանումից առանց շուտափույթ ժողովրդավարության հաստատման, ինչին, բնականաբար, կհասնենք միայն հանցավոր իշխանությունների լուծը ժամ առաջ թոթափելով: Կրկնում եմ, հարգարժան ազգասեր քաղաքական գործիչնե՛ր, ժողովուրդն արդեն վաղուց համակցել է ազգայինն ու ժողովրդավարականը: Սա, ի պատիվ իրենց, կարծես, գիտակցել են նաեւ որոշ քաղաքական ուժեր («Նոր ժամանակներ», «Ժառանգություն» եւ այլն): Քայլը ձերն է: Իսկ միմյանց դեմ ուղղված, կներեք արտահայտությանս, սերիալային մակարդակի նետերը, թե՝ Տեր-Պետրոսյանը ցանկանում է ինքը իր համար գալ իշխանության եւ համակարգը թողնել նույնը, կամ էլ՝ դաշնակները հայ-թուրքական ամոթալի արձանագրությունների հարցում իմիտացիոն գործընթացներ են իրականացնում, հավատացե՛ք, արդեն անհուսալիորեն հնացել են եւ դառը, հեգնական ժպիտ են առաջացնում բոլորիս մոտ: Պետք է վերջ տալ այս պարզունակությանը: Դա իսկապես պատիվ չի բերում երկու լուրջ ուժերին էլ: Վերջապես, թողնելով անցյալը, առաջ նայեք եւ ընդառաջ գնացեք մեկ-մեկու: Ձեր մեջ ընդհանրությունները շատ ավելի շատ են, քան տարաձայնությունները: Եվ ի՞նչ տարաձայնության մասին կարող է խոսք լինել, երբ կանգնած ենք անդունդի եզրին: Հայ ազգը չի դիմելու «Մեր տունը Ռուսաստանն է» կուսակցությանը կամ էլ Անգլիայի լեյբորիստներին: Մերը դու՛ք եք, ում ժողովուրդն այսօր հավասարապես ե՛ւ հավատում է, ե՛ւ ապավինում: Ուրեմն պարտավոր եք անսալ մեր ձայնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել