Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 21,2009 00:00

Հատուկ խնդիրներ ունեցող ուսանողի աչքերով

«Ամերիկյան եւ հայկական համալսարաններում հատուկ խնդիրներ ունեցող ուսանողների նկատմամբ վերաբերմունքն է տարբեր»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 24-ամյա Արմինե Ղազարյանը: Երեւանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների համար գործող թիվ 14 դպրոցի նախկին աշակերտուհին այժմ սովորում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսում, միաժամանակ ուսումը համատեղում է Հայաստանում Ամերիկյան համալսարանի ամերիկագիտության ֆակուլտետում՝ կրկին մագիստրատուրայի 2-րդ կուրսում: Նախքան մագիստրատուրա ընդունվելը՝ Արմինեն հասցրել է մեկ տարի ուսանել նաեւ ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Կալամազու քաղաքում: 2005-ին, երբ Արմինեն ԵՊՀ-ի 2-րդ կուրսի ուսանող էր, Irex ուսանողների փոխանակման ծրագրով հնարավորություն ստացավ ուսումը շարունակել ԱՄՆ-ում՝ Western Michigan University-ում՝ որպես 2-րդ լեզու՝ անգլերենի դասավանդում ֆակուլտետում:

Մեզ հետ զրույցում Արմինեն համեմատեց երկու երկրներում ուսանելու փորձը եւ ընդգծեց, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, Հայաստանում, ԵՊՀ-ի օրինակով, հատուկ խնդիրներ ունեցող ուսանողներից դասախոսները վերապահումներով են քննություններն ընդունում ու վերապահումներով էլ գնահատում, ինչը, իր կարծիքով, սահմանափակում է հատուկ խնդիրներ ունեցող ուսանողին ու թաքցնում նրա պոտենցիալը. «Ես նման մոտեցումը ճիշտ չեմ համարում, եթե ուսանող ես՝ պետք է նույն պայմաններում քննություն հանձնես, պետք չէ ավելորդ խղճահարություն»: 2005-2006 թթ. ԱՄՆ-ում ուսանելու տարիներին Արմինեին զարմացրել էր հատուկ խնդիրներ ունեցող ուսանողների համար հոգատարությունը եւ համապատասխան անհրաժեշտ պայմանների ապահովումը. այս օրինակը Արմինեն հակադրեց ԵՊՀ-ի իրենց մասնաշենքի հետ. «Մեր մասնաշենքի բակում հատուկ խնդիրներ ունեցող ուսանողների համար թեքահարթակներ կան, բայց դրանք բացակայում են ներսում, հետաքրքիր է, կառուցելիս չե՞ն մտածել ներսում նույնն անելու մասին»:

ԱՄՆ-ում ուսանելու տարիներին Արմինեն այլեւս ստիպված չէր դասախոսությունները ձայնագրել, հետո էլ այն բրայլյան համակարգի վերածել: «Հատուկ խնդիրներ ունեցող ուսանողների համար գործում էր Հատուկ գրասենյակ՝ «Disable students servisies and resourses», որը, ըստ հաշմանդամ ուսանողների խնդիրների ու կարիքների, տարբեր պարագաներ էր ապահովում, օրինակ՝ կույրերի համար ձայնագրիչներ էին տրամադրում, հատուկ տետրեր եւ դասերը մեզ համար ընթերցողներ: Քննությունները մյուս ուսանողների նման չէի հանձնում դասախոսներին: Ինձ համար կարդում էին քննական հարցաթերթիկը ու իմ փոխարեն գրում էին պատասխանս, հետո այն ներկայացնում դասախոսին»,- պատմում էր Արմինեն՝ նշելով, որ շատ լավ կլիներ, եթե հայկական բուհերում էլ նման պայմաններ ապահովվեին, բայց նման պայմանների բացակայությունը «ըմբռնումով է ընկալում»:

Հայ եւ ամերիկացի ուսանողների մյուս տարբերությունն էլ, ըստ Արմինեի, դասախոսի եւ համալսարանական կրթության նկատմամբ ուսանողի պահանջներն են. «Մեզ նման ուսանողները երբեք չեն ուրախանա դասախոսի ուշացումից կամ բացակայությունից: Նկատեմ նաեւ, որ մեզ մոտ սեմինարների ժամանակ ուսանողները մտածում են՝ լավ առիթ է դասից «թռնելու», իսկ այնտեղ սեմինարներին ուսանողների ակտիվությունն աննախադեպ է: Ես բարձր եմ գնահատում նաեւ ամերիկյան կրթական համակարգում գործող մեկ այլ սկզբունք, ըստ որի՝ ուսանողը ամեն օր համալսարան գնում է հաջորդ օրը հանձնարարվելիք դասերը նախապես կարդացած, ինչը հնարավորություն է տալիս դասախոսի հետ զրուցել ու քննարկել օրվա դասը»:

Ի տարբերություն Հայաստանի, ԱՄՆ-ում ուսանողը դասաժամը եւ դասախոսին ընտրելու հնարավորություն ուներ: Արմինեի կարծիքով, հայ ուսանողին պակասում է իր կարգավիճակը լավ գիտակցելու հանգամանքը. «Պետք չէ ստիպողաբար ուսանել, եթե ուսանում ես՝ պետք է սովորես»:

Անդրադառնալով հատուկ խնդիրներ ունեցողների նկատմամբ հայ եւ արտասահմանցի ուսանողների վերաբերմունքին, Արմինեն նշեց, որ այնտեղ իր սեւ փայտը տեսնելիս ուսանողները հասկանում էին իր կույր լինելը, իսկ այստեղ այդ փայտիկը նշանակություն չունի. «Երբեմն համալսարանում ուսանողները զարմանում են, որ փայտիկս նրանց է կպչում. հարցնում են՝ ի՞նչ է, չե՞ս տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել