Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի պատմաբանը ենթահանձնաժողովում կներկայացնի Թուրքիան

Հոկտեմբեր 21,2009 00:00

Հայ-թուրքական միջկառավարական պատմական ենթահանձնաժողովում Թուրքիան ներկայացնող մասնագետներից մեկը հայկական ծագում ունի:

Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, թուրքական կառավարության կողմից պատմական ենթահանձնաժողովի ոչ պաշտոնական ղեկավար է նշանակվել Ստամբուլում ծնված հայազգի մի պատմաբան, որի անունը, սակայն, չի նշվում: Ստամբուլում ծնված հայազգի պատմաբանը, որ նախորդ տարի Երեւան էր այցելել Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի արխիվներն ուսումնասիրելու նպատակով, նաեւ հայկական ծագում ունեցող առաջին պատմաբանն է, ում Թուրքիայի նախկին նախագահ Ֆահրի Քորութուրքը 1974թ.-ին թույլատրել է ուսումնասիրել Օսմանյան կայսրության արխիվները: «Պատմական ենթահանձնաժողովն ընդամենը միջկառավարական հանձնաժողովի մի մասն է, սակայն ամենախնդրահարույցն է ստորագրված Արձանագրություններում»,- գրում է թերթը՝ շարունակելով, թե պաշտոնական Անկարան ասում է, որ պատմական ենթահանձնաժողովը պետք է քննարկի նաեւ 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ կառավարությունը մերժել են Թուրքիային՝ Ցեղասպանության իրագործման փաստի քննարկման առաջարկը որակելով իբրեւ «քաղաքական դրդապատճառ»: Բացի այդ, պաշտոնական Երեւանը երբեք չի փոխի 1915թ.-ին իրագործված ցեղասպանության նկատմամբ իր դիրքորոշումը»,- գրել է թերթը:

Թուրքական կողմի դիվանագիտական կորպուսի աղբյուրներից մեկը՝ Hurriyet Daily News-ը հայտնել է, որ ենթահանձնաժողովը կսկսի գործել Արձանագրությունների երկկողմանի վավերացումից անմիջապես հետո:

Ըստ թերթի, հայկական կողմից ենթահանձնաժողովում չեն լինելու պատմաբաններ Սփյուռքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել