«Իդեալ» համակարգից գազի կաթսա գնելիս, գովազդում հայտարարվող զեղչի փոխարեն, գնորդից պահանջում են մոտ 50 հազար դրամ ավելի վճարել:
Հայաստանում շատ հաճախ այս կամ այն ընկերությունը իր ապրանքը գովազդելու եւ սպառողին շահագրգռելու նպատակով, տարբեր ակցիաներ է կազմակերպում: Հիմնականում ապրանքների վրա զեղչեր են սահմանվում կամ նվերներ ու բոնուսներ են տրամադրվում: Սպառողներն էլ, խաբվելով ակցիաներին, հենց այդ խանութից գնում կատարելը համարում են շահավետ: «Առավոտը» պարբերաբար դժգոհություններ է ստանում կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններից: Դժգոհությունները վերաբերում են հատկապես ջեռուցման կաթսաներին: Օրերս էլ մեր խմբագրությունը նման հերթական դժգոհությունը ստացավ «Իմեքս Գրուպ» ընկերությանը պատկանող «Իդեալ համակարգ» խանութների ցանցից:
Նշենք, որ «Իդեալ համակարգի» հայտարարած ակցիայի շրջանակում, «Մերկուրի» գազի կաթսաները գնելու դեպքում՝ գնորդը կստանա 15% զեղչ՝ կաթսայի եւ տեղադրման համար անհրաժեշտ այլ սարքավորումների համար:
Սակայն գազի կաթսա գնելիս՝ գնորդներն անակնկալի են գալիս, քանի որ վաճառողները տեղեկացնում են, որ կաթսայի տեղադրման համար անհրաժեշտ մի քանի դետալ չունեն, հետեւապես չեն կարող տրամադրել: Դրանց փոխարեն առաջարկում են, այսպես ասած, փոխարինիչներ, որոնք ավելի թանկ արժեն: Արդյունքում՝ կաթսա գնելու եւ տեղադրելու համար գնորդը վճարում է մոտ 50 հազար դրամի չափով ավելի գումար, քան գովազդներով առաջարկում է խանութների ցանցը:
Արաբկիր համայնքի Այգեձոր թաղամասի բնակիչ Գայանե Աբգարյանը եւս օրերս կանգնել է նման խնդրի առաջ: Երբ նա «Մերկուրի» գազի կաթսա գնելու նպատակով այցելել է «Իդեալի» Նար-Դոսի մասնաճյուղ, նրան ասել են, որ կաթսայի հետ մի քանի մաս չեն կարող հատկացնել՝ խանութում չլինելու պատճառով, ուստի ինքը ստիպված է որոշ դետալներ գնել առանց զեղչի. «Ինձնից վերցրին այն ապրանքների գումարը, որոնց վրա տարածվում են զեղչերը, իսկ մնացած ապրանքների համար ասացին, որ պետք է վճարեմ մի քանի օր հետո: Խոստացան իմ գնած ապրանքները առաքել մեր տուն: Վաճառողներից մեկն ինձ զգուշացրեց նաեւ, որ առաքված ապրանքներն ուշադիր զննեմ, հետո միայն ստորագրեմ այն փաստաթղթի տակ, որով հաստատում եմ ապրանքները տեղ հասնելու մասին, քանի որ հաճախ թվով պակաս դետալներ են առաքվում, իսկ տուժած գնորդն արդեն չի կարողանում ապացույցներ ներկայացնել: Երբ մի քանի օրից բերեցին իմ գնած ապրանքների արկղը, ես սկսեցի ուշադիր ուսումնասիրել եւ համեմատել ինձ խանութից տրված ապրանքների ցուցակի հետ: Առաքիչը նյարդայնացավ եւ ասաց, որ չի կարող շատ ժամանակ տրամադրել ինձ, ես էլ ասացի, որ ինքս խանութ կգնամ, կստուգեմ բոլոր ապրանքների քանակությունը եւ նոր միայն կվերցնեմ: Առաքիչը արկղը վերցրեց եւ հեռացավ»:
Տիկին Գայանեն ստիպված է եղել մոտ 50 հազար դրամ հավելյալ ծախս կատարել՝ կաթսայի տեղադրման համար անհրաժեշտ դետալները ձեռք բերելու համար: Մինչդեռ տարբեր հեռուստաալիքներով գնորդին անընդհատ շահագրգռում են, որ գնեն հենց «Իդեալ» խանութների ցանցի ապրանքները՝ հավաստիացնելով, որ այն գնորդի համար խիստ շահավետ է:
Խնդրի պարզաբանման համար «Առավոտը» դիմեց «Իդեալ համակարգի» խանութների ցանցի փոխտնօրեն Տիգրան Գալստյանին: Նրա խոսքերով. «Կաթսաների պարագայում, երբ մեր պահեստում այդ ապրանքի հետ կապված որոշակի դետալներ վերջանում են, ստիպված պետք է հաճախորդին այլ տարբերակ առաջարկենք՝ կամ իրենց հետ միասին նոր նախահաշիվ ենք կազմում, կամ պակասող ապրանքների փոխարեն առաջարկում ենք այլ ապրանքներ, որոնք կրկին ակցիայի մեջ են, այսինքն՝ զեղչվում են, սակայն դրանց գներն ավելի բարձր են: Ենթադրենք հաճախորդը նախահաշվի ժամանակ կաթսայի հետ միասին պատվիրել է չինական դետալներ, սակայն մի քանի օր առաջ եղած պատվերներից հետո պահեստում որոշ դետալներ վերջանում են, մենք պարտավոր ենք հաճախորդին առաջարկել փոխարինողներ, որոնք, ասենք թե, իտալական են եւ այլ գին ունեն»:
Ինչ վերաբերում է առաքվող ապրանքի մեջ այս կամ այն դետալի պակաս լինելուն, ապա Տ. Գալստյանը նշեց. «Մենք ասում ենք, որ գնորդներն ուշադիր լինեն առաքված ապրանքների նկատմամբ, քանի որ լինում են դեպքեր, որ իրենց վարպետն է ստանում դետալներով արկղը կամ հենց իրենք են անփութորեն վերաբերվում առաքված ապրանքին, կամ բնակարանում աշխատողի մեղքով է դետալ կորչում, հետո գալիս են եւ մեզ են դժգոհում»: