Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ն ԷԼ Է ԻՄԻՏԱՑԻԱՅՈՎ ԶԲԱՂՎԱԾ

Հոկտեմբեր 30,2009 00:00

\"\"Թեեւ հայտարարում է, որ իմիտացիոն գործընթացներին չի մասնակցում

Այն բանից հետո, երբ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, ե՛ւ կուսակցության ներսում, ե՛ւ Հայ ազգային կոնգրեսում սկսեցին շրջանառվել «նրա հարցը» քննարկման դնելու մասին տեղեկություններ: Կոնգրեսում ասում են, թե նա դեմ է գնացել իրենց միասնական որոշմանն առ այն, որ ՀԱԿ-ը իմիտացիոն միջոցառումներին, ինչպիսին համարել են նաեւ խորհրդարանական ընտրությունները, չի մասնակցելու: Ու թեեւ Կոնգրեսի պատասխանատուները մի քանի անգամ հայտարարել էին, թե ՀԱԿ-ն ու կուսակցությունը չեն աջակցելու Ս. Սուրենյանցի առաջադրմանը, այդուհանդերձ, հայտնի էր, որ ո՛չ «Հանրապետություն» կուսակցությունում, եւ, առավել եւս, ո՛չ էլ ՀԱԿ-ում կոնկրետ այդ հարցը մեծ հաշվով չի էլ քննարկվել: Գոնե ընտրությունները լուսաբանող լրագրողական շրջանակներն արդեն մեկ շաբաթ է՝ սպասում են, որ «Հանրապետությունն» այդ հարցը կքննարկի իր խորհրդի նիստում, ինչպես խոստացվել էր: Նախատեսվում էր, որ քննարկումը տեղի էր ունենալու երեկ, բայց, ինչպես պարզվեց, երեկ էլ նման քննարկում չի եղել: Ասել է թե՝ տակավին անհայտ է մնում կուսակցության պաշտոնական դիրքորոշումն իր քաղխորհրդի անդամի առաջադրման վերաբերյալ: Այդպիսի նիստ, ըստ ամենայնի, չի էլ լինի, հարցը չի քննարկվի, եւ Ս. Սուրենյանցին, լավագույն դեպքում, առանց հրապարակային հայտարարությունների կհորդորեն հրաժարվել այդ մտքից:

Բայց ՀԱԿ-ի դիրքորոշումն այս հարցում արդարացնելն անազնիվ կլինի երկու պատճառով: Նախ՝ 2008թ. նախագահական կեղծված ընտրություններից հետո ՀԱԿ-ը իմիտացիոն չէր համարել եւ այս տարվա մայիսին մասնակցել էր Երեւանի քաղաքապետի ընտրություններին, թեեւ դրանք էլ էին կազմակերպել այն նույն իշխանությունները, որոնք այսօր պատգամավորական ընտրություններ են անցկացնում: Մյուս կողմից, Կոնգրեսը ունենալով հասարակության գերակշիռ հատվածի ակտիվ կամ պասիվ աջակցությունը, քաղաքական՝ ընտրական պրոցեսներին չմասնակցելով, նաեւ երկրի համար բախտորոշ վճիռներ ընդունելու պահին պասիվ կամ «զուսպ» կեցվածք որդեգրելով ու իշխանափոխություն իրականացնելու համար բավարար ուժ չունենալու իր խոստովանությամբ ինքն իրեն դատապարտում է մեկուսացման: Բայց սա այլ ոլորտի առնչվող բանավեճի խնդիր է:

Երկրորդ, պարզվում է ՀԱԿ-ը Ս. Սուրենյանցի առաջադրմանը եւ իմիտացիոն գործընթացներին մասնակցելուն դեմ լինելով՝ այնքան էլ դեմ չէ, որ նրա փոխարեն թիվ 10-ում առաջադրվի, ասենք՝ Կոնգրեսը ներկայացնող մեկ այլ գործիչ՝ ավելի՞, թե՞ պակաս կարկառուն, այլ խնդիր է: Իսկ որ այդպիսի թեկնածու կա, Կոնգրեսում եղած «Առավոտի» աղբյուրները երեկ հաստատել են:

Թե ո՞վ է թիվ 10-ում ընդդիմության պոտենցիալ այն թեկնածուն, որը Սուրենյանցի համեմատ ավելի գերադասելի է եղել ՀԱԿ-ի համար, առայժմ չի ասվում, թեեւ ենթադրություններ կան: Բայց ամենահետաքրքիրն այն է, թե նորահայտ թեկնածուի առաջադրումը եւ նրան ցուցաբերվելիք հնարավոր աջակցությունը Կոնգրեսում ինչպե՞ս են պատճառաբանելու: Մենք հիշեցնենք Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի արած կտրական հայտարարությունները. «Մենք այս խորհրդարանը համարում ենք ոչ լեգիտիմ, պահանջում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ, բնականաբար, այս ընտրություններին մասնակցելու որեւէ մտադրություն չունենք: Բայց Կոնգրեսը հասկանում է, որ կան պատգամավորներ, որոնց նկատմամբ քաղաքական հետապնդումներ եւ դատավարություններ են իրականացվել, եւ արդյունքում նրանք ապօրինաբար զրկվել են իրենց մանդատներից, եւ եթե նրանք անհատական որոշում ունեն վերականգնելու օրինականությունը եւ մասնակցում են այս ընտրություններին հենց այդ՝ արդարությունը վերահաստատելու, անօրինականությունը վերացնելու եւ իրենց ու ընտրողների ոտնահարված իրավունքները վերականգնելու համար, ապա իրենց ցանկության դեպքում Կոնգրեսը նրանց, իհարկե, կաջակցի»:

Արդյոք թիվ 10-ում ընդդիմադիր այդ պոտենցիալ թեկնածուն Սուրենյանցի համեմատ ավելի շա՞տ է համապատասխանում աջակցություն ստանալու այն չափանիշներին, որոնց մասին շեշտել է Զուրաբյանը՝ պարզ կլինի առաջիկա օրերին: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետին մնացել է մեկ օր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել