Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԵՍ ՔԱՂԱՔԻ ՏՂԱ ԵՄ»

Հոկտեմբեր 30,2009 00:00

Այս «պարզ ճշմարտությունը» Վլադիմիր Կոստանյանին հույս է ներշնչում, որ 10-րդ ընտրատարածքում հաղթելու է

\"\"Խորհրդարանական աշխատանքում ձեզ ի՞նչն է այդպես գրավել, որ որոշել եք զբաղվել դրանով՝ «Առավոտի» հարցին դերասան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի մշակույթի տան տնօրեն Վլադիմիր Կոստանյանը, ով իբրեւ պատգամավորության թեկնածու առաջադրվել է թիվ 10 ընտրատարածքում, պատասխանեց. «Հեռուստատեսությամբ դիտելով մեր ԱԺ-ի նիստերը՝ ես այնպիսի զգացողություններ եմ ունենում, որ այն չի, ինչ որ պետք է լիներ: Դրա համար ուզում եմ ինքս լինել խորհրդարանում, որ մեր հայ ժողովրդի համար ինչ-որ բան անեմ: ՀՀ-ում տեղի ունեցած առաջին ընտրություններից բացի՝ մնացյալին մշտապես մասնակցել եմ՝ եւ հանձնաժողովի նախագահ եմ եղել, եւ տեղակալ, շատ ու շատ խարդախություններ եմ տեսել, այդ ամենին լավ ծանոթ եմ, ուստի որոշել եմ ինքս գնալ ԱԺ եւ ապացուցել, որ հնարավոր է արդար ձեւով ընտրվել ու անպայման պետք է կատարել տված խոստումները: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես հետեւողական եմ, որ իմ յուրաքանչյուր խոսքի տակ 10 անգամ ստորագրում եմ եւ ինչ որ ես կխոստանամ այդ ընտրատարածքի ժողովրդին՝ կանեմ»:

Իսկ թե որոնք են առաջնային խնդիրները, որոնց Վլ. Կոստանյանը պատրաստվում է անդրադառնալ խորհրդարանում՝ առայժմ չի մանրամասնում: Ասում է, որ իր նախընտրական ծրագիրն օրերս կներկայացնի, ու հավելում. «Բայց ինչ էլ անեմ՝ անելու եմ իմ ժողովրդի համար: Կարգախոսս էլ լինելու է՝ իմ հայ ժողովրդի համար»: Թեպետ զրուցակիցս ընտրություններին մասնակցության հարուստ փորձ ունի, սակայն ինքը քաղաքական դեմք չէ, ուստի հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատրաստվում մրցակցության մեջ մտնել նույն ընտրատարածքում հավակնություններ ունեցող բավականին փորձառու քաղաքական գործիչների հետ: «Ես 48 տարի ապրում եմ Երեւանում: Տեսել ու շփվել եմ շատ քաղաքական գործիչների հետ. ես համոզված եմ, որ իմ հնարավորություններով նրանցից 10 անգամ ավելի կաշխատեմ՝ հօգուտ իմ ժողովրդի»:

Անդրադառնալով ներկայիս խորհրդարանի գործունեությանը՝ մեր զրուցակիցը վրդովմունք է հայտնում հատկապես այն փաստից, որ՝ «Ով ում տեղը հասնում՝ կոճակները սեղմում է: Ամեն մարդ իր կյանքը պիտի ապրի՝ իր խղճի առաջ պատասխանատվությամբ. էդ կոճակները ինչ-որ մեկի հրահանգով, հենց էնպես սեղմելով՝ պետք է հիշեն, որ հազարավոր ընտրողների առաջ պատասխանատու են: Ես հայտարարում եմ, որ եթե դարձա պատգամավոր, ինքս եմ իմ փոխարեն սեղմելու կոճակը եւ իմ ընտրողներին էլ պատասխան եմ տալու սեղմածս կոճակի համար»: Ի դեպ, նկատենք, որ Վլ. Կոստանյանը «Կայունություն» հասարակական շարժման անդամ է: Նույն շարժման անդամ է նաեւ Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ով նույնպես ակնկալում է թիվ 10 ընտրատարածքից մանդատ ստանալ: Ինչպես նաեւ, ժամանակին պարոն Կոստանյանը նույնիսկ անդամակցել է այդ ՀԱԿ-ին: Արդյոք ձեր առաջադրումը նախընտրական ներկայացո՞ւմ չէ՝ «Առավոտի» հարցին պարոն Կոստանյանը պատասխանեց. «Ես նախկինում սպորտսմեն եմ եղել, ազատ ոճի ըմբշամարտիկ եւ քաղաքականությանը վերաբերվում եմ նաեւ որպես սպորտի: Ես չեմ թաքցնում, որ Տիգրան Ուրիխանյանն իմ երկար տարիների ընկերն է: Երբ ես 10-րդ ընտրատարածքում ընտրապայքարին մասնակցելու որոշում կայացրեցի, մոտեցա, իրար ձեռք սեղմեցինք եւ որոշեցինք երկուսս էլ առաջադրվել, ով կհաղթի՝ կհաղթի: Մենք իրար նկատմամբ ոչ թշնամություն ունենք, ոչ էլ որեւէ համաձայնություն: Ռինգ ենք դուրս եկել, ով կհաղթի՝ նրա ձեռքն էլ կսեղմենք ու կշնորհավորենք: Այս ընտրություններից հետո էլ ենք Տիգրան Ուրիխանյանի հետ ընկերություն անելու: Ընտրությունները մեր ընկերությանը չեն խանգարի»: «Առավոտի» հարցին էլ՝ չլինելով Կենտրոն համայնքի բնակիչ, ինչպե՞ս եք այդ տարածքում պատկերացնում Ձեր հաղթանակը, Կոստանյանը պատասխանեց. «Ես ապրում են Հայաստանի Հանրապետությունում եւ շատ եմ շփվել մարդկանց հետ, այդ թվում նաեւ՝ Կենտրոնի բնակիչների: Կենտրոնում ունեմ շատ բարեկամներ, հարազատներ, ընկերներ ու հուսով եմ, որ բոլորն իրենց ձայները ինձ կտան, ու ես կհաղթեմ: Նշանակություն չունի, թե որտեղ ես ապրում. կարեւորը՝ մարդ լինես: Ես քաղաքի տղա եմ»: Իսկ շրջանառվող լուրերի առիթով, որ ընդդիմադիր շրջանակների ակնառու գործիչներ են սատարելու իրեն, զրուցակիցս հակադարձեց. «Ես շատ ընկերներ ունեմ եւ ընդդիմադիրների մեջ, եւ իշխանությունների: Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը, բայց բոլորն էլ իմ ընկերներն են, եւ երկու ճամբարներն էլ հավասար ինձ սատարելու են»:

Իսկ դուք իշխանություններից «դաբրո» ունե՞ք՝ հարցին էլ պատասխանեց. «Ինձ «դաբրո» տվողն իմ ժողովուրդն է: Թող մյուսները «դաբրոյի» մասին մտածեն, քանի որ ժողովրդի մեծամասնության համակրանքն իմ կողմն է»: Սակայն գաղտնիք չէ, որ հայաստանյան ընտրություններում գնալով անօրինականությունները ավելի ակնհայտ են դառնում, ավելի վառ դրսեւորումներ են ստանում՝ որտեղի՞ց նման վստահություն, որ ժողովրդի տված «դաբրոն» իր նպատակին կծառայի: «Եթե ինչ-որ հաստավիզներ կփորձեն համը հանել՝ հակահարված կստանան ավելի հաստավիզների կողմից, եթե հանձնաժողովականները, վստահված անձինք կամ ընտրությունների բուն գործընթացին չառնչվող մարդիկ կփորձեն խախտումներ անել՝ պատժվելու են օրենքով սահմանված բոլոր ձեւերով: Եթե ինձ հետ վարվեն օրենքով չսահմանված ձեւերով՝ կպատժվեն օրենքով չսահմանված ձեւերով: Բայց ես վստահ եմ, որ նախագահն իր խոսքը, բռունցքը կդնի այդ ընտրատարածքում եւ կերաշխավորի արդար ընտրություններ: Ես բոլոր մրցակիցներիս հրավիրում եմ ազատ եւ արդար ընտրությունների»,- ասաց մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել