Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԸ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ

Հոկտեմբեր 31,2009 00:00

Սեպտեմբերի 29-ի «Առավոտի» 8-րդ էջում հրապարակված «Սփյուռքահայերին բերում ենք, որ թալանե՞նք» հրապարակմամբ անդրադարձել ենք իրանահայ Արսեն Փուրղասեմյանսի ոդիսականին: Վերջինս մնացել է անփող եւ անօթեւան՝ Հայաստանի Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Վարդուհի Բադալյանի ձեռամբ: Իրանահայը դիմել է դատարան: Ու սա, պարզվում է, սեփականության շուրջ հայաստանցու եւ սփյուռքահայի միջեւ ցավալիորեն առաջին կամ միակ խնդիրը չէ:
Ֆրանսահայ Խաչատուր Բանույանի որդին՝ Վրեժ Բանույանը, իր անունով, բայց հոր համար 2001 թվականի մարտի 21-ին գնել է Երեւանի Պուշկինի փողոցի 2-րդ շենքի 8-րդ բնակարանը: Ամուսնալուծված Խաչատուր Բանույանը կյանքի վերջին տարիները Հայաստանում է անցկացրել եւ նշված բնակարանում ապրել Հայաստանի Չարենցավան քաղաքի բնակիչ Իրինա Ղուլյանի հետ: Սփյուռքահայի եւ հայաստանցու համատեղ կյանքը որեւէ փաստաթղթային ձեւակերպում չի ստացել: Խաչատուր Բանույանը մահացել է 2007 թվականի ապրիլի 7-ին, իսկ Իրինա Ղուլյանը շարունակել է ապրել Խաչատուր Բանույանի որդու՝ Վրեժի սեփականություն բնակարանում:
Երկու տարի անց՝ 2009-ի ամռանը, բնակարանի սեփականատերը իր մորը՝ Խաչատուրի նախկին կնոջը՝ Վարդուհի Բանույանին լիազորագիր է տվել, որով Վարդուհին իրավունք է ստացել ապրել Պուշկինի 2, բնակարան 8 հասցեում, սակայն Իրինա Ղուլյանը հրաժարվում է նրան տուն թողնել եւ պնդում է, որ ինքը սիրել է Խաչատուրին եւ նրա մահից հետո պետք է ապրի այդ բնակարանում: Վարդուհի եւ Վրեժ Բանույանները Իրինա Ղուլյանին բնակարանից վտարելու պահանջով դիմել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:
Մեր տեղեկություններով, նրանք դիմել են նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարություն: Տեղեկություններ ունենք նաեւ, որ Բանույանները փորձում են վնասի փոխհատուցման պահանջ էլ ներկայացնել: Հասկանալի չէ միայն, թե ինչով է Վարդուհի Բանույանին վնասել նրա նախկին ամուսնուն մի քանի տարի սիրած-փայփայած Իրինա Ղուլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել