Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հեքմեդջյանի գործը

Նոյեմբեր 04,2009 00:00

Ֆրանսիայի առողջապահության նախարարության կողմից թույլատրված դեղահաբերն առգրավվել են Հայաստանում:

Հուլիսի 27-ին վիրահատության նպատակով Փարիզից Հայաստան է ժամանում Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հեքմեդջյանը: Վերջինս տառապում է հեպատիտ-Ց եւ կոկորդի քաղցկեղ հիվանդություններով:
Իսկ թե ինչո՞ւ էր մեր հայրենակիցն ուզում այստեղ վիրահատվել, պատճառը՝ ֆինանսական համեմատաբար ցածր գներն էին:
Սակայն հուլիսի 30-ին նա ձերբակալվում է: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հուլիսի 31-ին հարուցվում է քրեական գործ (ավագ քննիչ՝ Վ. Մխիթարյան) եւ նա տարվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ:
Նախաքննության ընթացքում պարզվում է, որ Ս. Հեքմեդջյանի հիվանդությունների հետ կապված հնարավոր ցավերը դադարեցնելու նպատակով Ֆրանսիայի Արբելների բժշկական տան բժիշկ Պասկալ Պենետրայի կողմից նրան նշանակվել էր ընդհանուր 28 հատ սուբոտեքս տեսակի դեղամիջոց՝ օրական մեկ դեղահաբ ընդունելու համար:
Ի դեպ, Ֆրանսիայի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պաշտոնապես գրավոր թույլատրվում է նշված դեղահաբի տեղափոխումը: Հեքմեդջյանն էլ Ֆրանսիայից անարգել ժամանում է Երեւան, ձեռքի տակ ունենալով պաշտոնական փաստաթղթերը:
Սակայն քաղցկեղով հիվանդը դեռ կալանավորված է եւ նրա նկատմամբ հարուցված քրեական գործի հիմքում դրված է «ապօրինի կարգով» թմրանյութի ձեռքբերման մեղադրանքը: Հեքմեդջյանի մերձավոր շրջանակների հարցադրմամբ. «Եթե, ըստ Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի, Սարգիսը նշված սուբոտեքս տեսակի դեղամիջոցը որպես հիվանդ պարտավոր է եղել օգտագործել օրը մեկ հաբ, ապա նախաքննական մարմինը ինչպես է տեսնում հանցակազմի առկայության հատկանիշներ, եթե իրավապահների կողմից առգրավված 26 հատ սուբոտեքսը հենց այն հաբերն են, որոնք պաշտոնապես նշանակված են եղել Ֆրանսիայի Հանրապետության բժիշկների կողմից եւ թույլատրված են եղել տրանսպորտային տեղափոխման համար, որոնց համար Ֆրանսիայի իրավապահների կողմից ոչ մի արգելք չի եղել եւ այդ փաստը նրանց կողմից իրավական գնահատականի չի արժանացել»:
«Ինչպես, ինչ ճանապարհով, պարբերաբար, կրկին անգամ Սարգիսը կարող էր այդ դեղահաբերն իրացնել Հակոբ Աբելյանին եւ Ժիրայր Խաչատրյանին, երբ նա Ֆրանսիայից Հայաստան է ժամանել ընդամենը հուլիսի 27-ին», հարցնում են նրանք:
«Առավոտի» տեղեկություններով, մեր հայրենակցին ազատելու խնդրով դիմումներ են ուղարկվել ՀՀ նախագահին: Այդ դիմումներում ասվում է, որ Սարգսին մեղադրանք առաջադրելուց հետո 3 ամիսների ընթացքում քննիչը ընդհանրապես չի հանդիպել նրա հետ, որեւէ քննչական գործողություն չի կատարվել:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ նախագահի ուշադրությունն է հրավիրվել նաեւ այն հանգամանքի վրա, որ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության ձերբակալված անձանց պահելու վայր տեղափոխելիս կասկածյալ Հակոբ Աբելյանի մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ, որոնց ուղղությամբ քննիչը քննություն չի կատարել եւ չի պարզել, թե այդ վնասվածքները նրա մարմնի վրա ինչպես, երբ եւ ինչ հանգամանքներում են առաջացել:
Համաձայն քննությամբ ձեռք բերված ապացույցների, Հակոբ Աբելյանը պնդել է, որ թմրանյութ է վաճառել Ժիրայր Խաչատրյանին: Այս դեպքում, կատարվածի հետ ի՞նչ առնչություն ունի Սարգիս Հեքմեդջյանը ու անհասկանալի է, թե ո՞ր իրավունքով է նա Հակոբ Աբելյանի հետ միասին ամիսներ շարունակ գտնվում կալանքի տակ, իսկ Ժիրայր Խաչատրյանը՝ ազատության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել