Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում գործ ունենք- 2

Նոյեմբեր 04,2009 00:00

ՀՀ պետական բյուջեից «Այլ նպաստներ բյուջեից» տողով ՀՀ մարզպետարանների ստացած 20-ական միլիոն դրամների ճատակագիրը պարզելու «Առավոտի» փորձի շուրջ զարգացումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ այս գումարների մասին մարզպետարաններին էլեկտրոնային հարցում ենք ուղարկել դեռեւս օգոստոսի 19-ին: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում հարցմանը պատասխանեց միայն Արագածոտնի մարզպետարանը: Այլ մարզերից եղան արձագանքներ: Այս ընթացքում, ըստ այդ արձագանքների, թեմային անդրադարձել ենք 3 անգամ («Առավոտ», 28 օգոստոսի՝ «10-ից 9-ը խախտեց» օրենքը», 2 սեպտեմբերի՝ «Արձագանք երկու մարզից», 30 հոկտեմբերի՝ «Դատարանում գործ ունենք»):
Այս ողջ պատմության մեջ, մեղմ ասած, մի արտառոց իրականություն բացահայտվեց: Պարզվում է, կան մարզպետարաններ, որոնց տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը օրվա թերթերը չի ստանում: Հարցման արդյունքում պարզել ենք, որ քաղաքացու վճարած հարկերից գոյացած պետական բյուջեից ստացված գումարները բաժանվում են որպես օգնություն եւ բյուջեից անտեղյակ քաղաքացու աչքում մարզպետն է պետության հաշվին «լավամարդ» դառնում: Մինչդեռ, եթե մարզպետարանները 20 միլիոնից մի 20-30 հազարով՝ 1-1,5%-ով տեղեկատվության բաժնի համար թերթեր բաժանորդագրվեին՝ հաստատ նպաստած կլինեին թափանցիկ աշխատաոճ ձեւավորելուն: Սա ոչ միայն եւ ոչ այնքան լրատվամիջոցներին է պետք, որքան՝ պետական կառույցին:
Երբ «Առավոտը» եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հարցմանը պատասխանել պարտավորեցնելու հայցով դիմեցին դատարան՝ ընդդեմ Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզպետարանների, արձագանքներ եղան Գեղարքունիքից եւ Լոռուց:
Գեղարքունիքի մարզպետարանից հավաստիացրին, որ մեր էլեկտրոնային նամակը չեն ստացել մարզպետարանին ինտերնետ կապով ապահովող «Արմինկո» ընկերության մեղքով՝ կապն անորակ է: «Առավոտը» եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը որոշեցին ընդունել Գեղարքունիքի մարզպետարանի բերած պատճառները եւ հրաժարվել հայցից՝ միաժամանակ հուսալով, որ մարզպետարանը գոնե այս պատմությունից հետո կաշխատի բարելավել ինտերնետի որակը: Սա էլ ոչ միայն եւ ոչ այնքան լրատվամիջոցներին է պետք, որքան պետական կառույցին:
Դատական հայցից հետո Լոռու մարզպետարանից էլ պատրաստակամություն հայտնեցին պատասխանել հարցմանը, սակայն համառորեն պնդելով, որ եթե հարցմանը չպատասխանելու հարցում կան մեղավորներ, ապա դա հաստատ մարզպետարանը չէ: Շիրակի մարզը դեռ լռում է: Ուստի «Առավոտը» եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Շիրակի եւ Լոռու մարզպետարանների հետ գործ կունենան դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել