Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԸ ԱԶԴԵԼ Է, ԲԱՅՑ ԱՅԴՔԱ՞Ն

Նոյեմբեր 06,2009 00:00 Share

Գործարարները, օգտվելով ճգնաժամի պատրվակից, մի քանի անգամ կրճատել են հարկային վճարումները

Չնայած Հայաստանում գործող բոլոր միջազգային կազմակերպությունները մեր կառավարության հետ միաբերան պնդում են, որ իբր մեր երկիրը ճգնաժամը շատ լավ է հաղթահարել, որ իրոք մենք Աստծո տված ժողովուրդ ենք եւ կարողացել ենք մազապուրծ լինել համաշխարհային տնտեսական աղետից, այնուամենայնիվ, Պետեկամուտների կոմիտեի՝ օրերս հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկը վկայում է, որ մեր բյուջեն հայտնվել է խղճալի վիճակում: Գրեթե բոլոր ցուցանիշներով՝ իրացումից հասույթ, ներմուծման եւ արտահանման ծավալներ, մաքսային հարկեր եւ այլն, նախորդ տարվա համեմատությամբ զգալի անկում է գրանցվել: Դեռ տարեսկզբին, երբ ճգնաժամը նոր-նոր էր սկսել ազդել մեր տնտեսության վրա, արդեն մի քանի խոշոր ընկերություններ սկսեցին նախատրամադրություն ստեղծել, որ իրենք տուժել են, մեծ վնասներ են կրել, որ ապրանքը չեն կարողանում իրացնել, պահեստներում լճացում է եւ այլն: Այդ հայտարարություններից արդեն կարելի էր ենթադրել, որ այսօր բյուջեում ունենալու ենք այս պատկերը: Որոշ ընկերություններ, օգտվելով ճգնաժամի հարմար պատրվակից՝ սկսել են ոչ թե քիչ հարկ վճարել, այլ նույնիսկ ծիծաղելի գումարներ վճարել պետությանը:
Օրինակ, ավտոմեքենաների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են՝ «Տոյոտա Երեւանը», «Կարկոմավտոն», «Մուրանը» եւ «Եվրովագենը», այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հարկային վճարումները կրճատել են կրկնակի ու եռակի: Պարզ է, որ այս տարի մեքենաների գները Հայաստանում իջել են, բայց արդյո՞ք դա ընկերությունների եկամուտների վրա այդպիսի հսկայական ազդեցություն է թողել՝ հարց է: «Տոյոտա» եւ «Լեքսուս» մակնիշի մեքենաներ ներմուծող «Տոյոտա Երեւան» ընկերությունն անցյալ տարի 2,2 մլրդ դրամի հարկ էր վճարել, իսկ այս տարի՝ ընդամենը 1,4 մլրդ դրամ: «Կարկոմավտոն», որ ներկրում է «ԳԱԶ» եւ «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներ, ինչպես նաեւ ունի տարբեր մակնիշի օգտագործված մեքենաների շուկա, այս տարի վճարել է ընդամենը 555 մլն դրամ՝ նախորդ տարվա 1,5 մլրդի փոխարեն: Գրեթե եռակի քիչ է սկսել վճարել նաեւ «Գլոբալ մոթորս» ընկերությունը՝ 398 մլն՝ նախորդ տարվա 1 մլրդ 122 մլնի փոխարեն: Անհավանական են թանկարժեք «Նիսսան», «Ինֆինիտի» մակնիշի մեքենաներ ներկրող «Մուրան» ընկերության կատարած վճարումները: Անցյալ տարի այս ընկերությունը վճարել էր 1 մլրդ 961 մլն դրամ, իսկ այս տարի՝ 220 մլն: Կարելի է ասել, այս ամբողջ տարվա ընթացքում «Մուրանը» մեկ-երկու մեքենա է ծախել: Իսկ ընդհանրապես խոշոր հարկատուների ցանկում մեքենաների բիզնեսով զբաղվող ընկերություններից ամենաքիչը վճարել է «Եվրոմոթորսը»՝ 177 մլն դրամ՝ նախորդ տարվա 342 մլնի փոխարեն:
Համաշխարհային ճգնաժամը խիստ բացասական ազդեցություն է թողել նաեւ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների վրա: Եռակի քիչ հարկ է սկսել վճարել «Արայ» ընկերությունը: Եթե նախորդ տարի բյուջե մուտքագրել էր 1 մլրդ 43 մլն դրամ, այս տարի այդ ընկերության խանութների ցանցի վճարումները կազմել են ընդամենը 425 մլն: Կրկնակի քիչ են վճարել նաեւ «Զիգզագ» եւ «ԷԴ-ՍՊՈ» (հայտնի է «Beko» խանութներով) ընկերությունները:
Զարմանալի է հատկապես դեղ ներմուծողների վճարած գումարները, որովհետեւ դեղը այն ապրանքն է, որը ճգնաժամի հետ կապված՝ չէր կարող քիչ իրացվել: Մարդը կարող է գումար տնտեսել հագուստի, խմիչքի համար, բայց դեղերից կախում ունեցող հիվանդները չեն կարող իրենց առողջության հաշվին տնտեսումներ անել: Դեղերի ներմուծմամբ զբաղվող որոշ ընկերությունների վճարումները զարմանալի են հատկապես այն առումով, որ այս տարի Հայաստանում դեղերի շուկայում մեծ թանկացումներ են եղել եւ, ըստ այդմ, հարկերն էլ պետք է որ զգալի ավելացած լինեին: Սակայն ցանկում «Ֆարմատեք» ընկերությունը նախորդ տարվա համեմատությամբ դեռ մի քանի մլն դրամ պակաս է վճարել՝ ընդամենը 283 մլն դրամ:
2008-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վճարել էր 2,3 մլրդ դրամ: «Հայկական երկաթուղին» էլ իր հերթին վճարել էր 3 մլրդ 661 մլն դրամ: «Հայկական երկաթուղին» ռուսներին վաճառելուց հետո, այն խոշոր հարկատուների ցանկում հասկանալի պատճառներով չկա, որովհետեւ մտել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կազմ, իսկ վերջինս էլ գոնե 5 մլրդ դրամ վճարելու փոխարեն՝ կրճատել է նույնիսկ միայն իրեն հասանելիք վճարումները եւ բյուջե է մուտքագրել ընդհանուր առմամբ 1,1 մլրդ դրամ: Ռուսներին հանձնած ընկերությունների շարքից նույն չնչին գումարներն է մուծել նաեւ «Ռուսալ Արմենալը»՝ 480 մլն դրամ՝ նախորդ տարվա 601 մլնի փոխարեն:
Հարկատուների ցանկի մյուս հանելուկներին կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել