Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԻԱՀ-Ի ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ ԶՈՌՈՎ ՉԵՆ ՊԱՀՈՒՄ

Նոյեմբեր 06,2009 00:00

Վստահեցնում է կենտրոնի հոգեբանա-սոցիալական խորհրդատվության բաժնի վարիչը

«Հասարակությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց նկատմամբ ունի ընդգծված սխալ վերաբերմունք. միշտ տարանջատում է նրանց»,- ասում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հոգեբանա-սոցիալական խորհրդատվության բաժնի վարիչ, հոգեբան Լիլիթ Շահբազյանը:
Վերջին շրջանում Հայաստանում շատ է խոսվում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ սխալ վերաբերմունքի, նրանց հասարակության լիիրավ անդամ չհամարելու մասին: Հաճախ մենք՝ ինքներս, առանց մտածելու բաժանում ենք մարդկանց՝ «մենք» ու «նրանք»-ի: Նույնիսկ ատամնաբույժը հրաժարվում է վարակակիր այցելուին ընդունել: Այս խտրականությունները ակնհայտ են եւ թաքցնել վարակով ապրող մարդուց մեր՝ շատերիս խուսափողական վերաբերմունքը, չի ստացվում, ինչն էլ ազդում է ՄԻԱՎ վարակով ապրող մարդու հոգեբանության փոփոխության եւ թերարժեքության բարդույթների առաջացման վրա:
Ովքե՞ր են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ, ինչպե՞ս են նրանք գոյատեւում խտրականություն դնող հասարակության մեջ: Զրուցելով Լ. Շահբազյանի հետ՝ պարզեցինք, որ ՄԻԱՎ վարակով ապրող մարդկանց հոգեբանական դիմանկարը խիստ տարբերվում է սովորական մարդու հոգեբանությունից: Ըստ մեր զրուցակցի.«Երբ ասում ենք ՄԻԱՎ-ով ապրող մարդ՝ պատկերացնում ենք ընկճված, դեպրեսիայի մեջ, խղճահարության արժանի ինչ-որ մեկին, որին պետք է անպայման օգնել: Այս վերաբերմունքը սխալ է, որովհետեւ այս մարդիկ եւս սովորական, մեզ նման մարդիկ են ու նրանց չպետք է առանձնացնել»:
Հոգեբանի բնորոշմամբ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ինչ-որ առումով նաեւ հոգու հիվանդություն է. «Այդ հիվանդությունը առաջին հերթին մարդու հոգուն է խփում, այն առումով, որ վերջինս իրենից ներկայացնում է միֆ, առասպել: Մարդկանց չտեղեկացվածությունը թույլ է տալիս միֆեր ստեղծել դրա շուրջ: Այս ամենը գալիս է ինֆորմացիայի պակասից: Մարդիկ չեն պատկերացնում, թե դրանով ինչպես կարելի է վարակվել, ինչ ճանապարհով…»:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապողները փորձում են ամեն կերպ գաղտնի պահել իրենց հիվանդությունը, ինչո՞վ է դա պայմանավորված, ամաչո՞ւմ են՝ մեր հարցին հոգեբանը պատասխանեց. «Պատճառը ոչ թե ամոթն է, այլ այն, որ նրանք չեն ուզում իրենց հարազատներին խոցած լինել: Նրանց ավելի շատ մտահոգում է այն, որ իրենց հարազատներին իզուր տեղը մի հոգս էլ չավելացնեն: ՄԻԱՎ-ի առաջին փուլը դրսեւորվում է մարդու ինքնամփոփությամբ: Սկզբնական շրջանում, երբ ախտորոշվում է մարդը՝ որպես ՄԻԱՎ վարակ կրող, անցնում է մի քանի փուլերի միջով, օրինակ՝ շոկային փուլ, երբ չի հավատում, որ կրում է այդ վիրուսը, ապա հերքման փուլ, երբ հերքում է, ասում, որ դա հնարավոր չէ, հետո հաջորդում է դեպրեսիոն փուլը, դրան էլ՝ ադապտացիոնը: Սրանք ամենադժվար շրջաններն են, որոնք յուրաքանչյուր ՄԻԱՎ վարակ կրող մարդ պետք է կարողանա անցնել եւ հասնել այն վիճակին, ինչպես սովորական մարդը»: Հոգեբանի փոխանցմամբ, ամենակարեւոր շրջանը նախնական ախտորոշման փուլն է: Այսինքն՝ խորհրդատվության ընթացքում քննարկվում է այդ մարդու նախկինում ունեցած վարքագիծը: Այդ ընթացքում վեր են հանվում այնպիսի հարցեր, որոնք կարող են վտանգավոր բնույթ պարունակել:
Հարցին, թե ինչպիսի՞ն է մարդու առաջին հակազդեցությունը ախտորոշումն իմանալու պահին, հոգեբանը նկարագրեց. «Շատերի մոտ կա պատկերացում, թե հենց իմանում են ախտորոշման մասին, ագրեսիվանում են, ուզում մեկ ուրիշին վարակել կամ մինչեւ անգամ սուիցիդի փորձեր են անում: Սա սխալ կարծիք է հասարակության շրջանում: Երկար տարիներ աշխատելով ՄԻԱՎ վարակով ապրող մարդկանց հետ՝ ես վարակակիրների մոտ չեմ նկատել նմանատիպ վիճակներ: Եթե նախաթեստային խորհրդատվության ժամանակ մարդուն չես վախեցնում, սպառնացող օրինակներ չես բերում, սխալ ինֆորմացիա չես տալիս, առաջին ռեակցիան լինում է նորմալ»:
Հոգեբանը դժգոհեց, որ կա լիարժեք տեղեկատվության պակաս. «Ունենք վստահության հեռախոս, որին օրական հարյուրավոր մարդիկ են զանգում: Լինում են դեպքեր, երբ հարցնում են՝ եթե գանք ձեզ մոտ ստուգվելու, կարո՞ղ է մեզ այդտեղ պահեն… Սա չիմացությունից է: Եթե լինի ճիշտ ինֆորմացիա, մարդու առաջին ռեակցիան նորմալ կլինի, նա չի մտածի, որ ախտորոշվելուց հետո իրեն կբռնեն, կպահեն կենտրոնում, որ զոռով բուժումներ անեն»:
ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին էլ հոգեբանը նշեց. «Վարակով ապրող մարդու հոգեբանությունը փոխվում է ախտորոշումից հետո, ինքնագնահատականը ընկնում է, ամեն ինչ սեւ է երեւում եւ թվում է, թե ինքը սպիտակ ագռավի է նմանվում, որին շուրջբոլորը մատնացույց են անելու. սա ընկճում է մարդուն, գցում դեպրեսիայի մեջ եւ ճնշում մարդու իմունային համակարգի աշխատանքը: Իսկ այս ամենի մեղավորը հասարակության վերաբերմունքն է»:
Իսկ թե ՄԻԱՎ ախտորոշումն ի՞նչ հոգեբանական փոփոխությունների է ենթարկում մարդուն եւ ի՞նչ վարքագիծ է ձեռք բերում հիվանդը, Լ. Շահբազյանը նկատեց. «Նրանց մոտ հոգեբանական մեծ փոփոխություն է տեղի ունենում: Ամեն ինչ սեւի մեջ են տեսնում, թվում է՝ կյանքը վերջացավ, փոխում են կյանքի բոլոր պլանները: Սակայն կա նաեւ մյուս պատկերը. երբեմն ստացվում է այնպես, որ ախտորոշում ստանալուց հետո մարդիկ փոխում են իրենց կենսակերպը՝ լավ առումով, արագացնում են հետագա պլանները, փորձում ավելի ուրախ եւ հետաքրքիր ապրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել