Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղծառայողները կուսակցականացված են

Նոյեմբեր 06,2009 00:00

Այս տարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համար հայտարարած 812-ից 101-ի մրցույթը չի կայացել: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը. «101 չկայացած մրցույթից 64-ում հաղթող չի եղել, սա ի՞նչ է նշանակում, որ մենք երիտասարդ, բանիմաց կադրերի պակաս ունենք»: Պարոն Բադալյանի խոսքերով, կայացած 711 մրցույթին մասնակցել է 3257 քաղաքացի: Հայտարարված մրցույթներից 13-ը՝ բարձրագույն խմբի պաշտոնի, 418-ը՝ գլխավոր, 271-ը՝ առաջատար եւ 71-ը՝ կրտսեր խմբերի համար են եղել: «Բարեփոխում» հ/կ  նախագահ Կարինե Հակոբյանն էլ կարծիք հայտնեց, որ քաղծառայողները կուսակցականացված են. «Այն, որ քաղծառայողը զերծ է քաղաքական փոփոխություններից, միայն տեսականորեն է այդպես, բայց գործնականորեն դժվար իրականանալի է, իմ կարծիքով, 2003 թ. կուսակցությունների կոալիցիոն համակարգը վնասակար է եղել նաեւ քաղաքացիական ինստիտուտի ձեւավորման վրա, խաղի կանոնների համաձայն՝  կադրային քաղաքականությունը որոշվում է ոչ թե մասնագիտական կարողություններով, այլ կուսակցական պատկանելությամբ»:
Պարոն Բադալյանի խոսքով, «Քաղաքացիական ծառայության մասին»  օրենքում փոփոխություններն ու լրացումները պարբերական բնույթ են կրում, ինչն էլ առաջիկայում նախատեսում է համակարգի նոր աշխատաոճ.  «Դրանք պայմանավորված են թափուր պաշտոնների համալրման կատարելագործմամբ, որպեսզի մենք կարողանանք մրցույթների միջոցով որակյալ կադրեր ընդգրկել, ինչ խոսք, դա նաեւ մեթոդական առումով որոշակի բարդություններ ունի, մենք մոտ 8000 քաղծառայողի համար պետք է կարողանանք ստեղծել որակյալ խնդիրներ, թեստեր, չափորոշիչներ ու հստակ չափանիշներ սահմանենք, այդ ուղղությամբ այժմ էլ օրենքում փոփոխություններ են նախատեսվում: Եթե մինչեւ հիմա հիմնականում իրավական ակտերի օրենսդրության շրջանակի հարցերով էինք գնահատում մարդկանց կարողությունները, այսուհետեւ՝ ըստ պաշտոնների, նաեւ մասնագիտական խնդիրներ, հարցեր, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու առաջադրանքներ ենք նախատեսում եւ այս կարգի նորամուծություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել